ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուղիղ 10 տարի առաջ այս օրը Ստամբուլում սպանվեց Հրանտ Դինքը. ՏԵՂԵԿԱՆՔ

10 տարի է անցել Ստամբուլում հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանությունից, սակայն հայերին և թուրքերին այդպես էլ չի հաջողվել ձեռք բերել Հրանտի կողմից բաղձալի հաշտեցումը։

2007թ. այս օրը՝ հունվարի 19-ին, Ստամբուլում սպանվեց տեղի «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Հայաստանում, Թուրքիայում և աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունենալու Դինքի հիշատակի ոգեկոչման արարողություններ, քայլերթեր և տարատեսակ միջոցառումներ:

Դինքը ծնվել է Մալաթիայում, որտեղ ժամանակին մեծ թվով հայեր են ապրել, իսկ այժմ գրեթե հայեր չկան։ Նա Ստամբուլ եկավ 1996 թվականին և հիմնեց «Ակօս» թերթը, որը Թուրքիայում առաջին հայկական թերթը չէր, սակայն առաջինն էր, որ սկսեց լույս տեսնել հայերեն և թուրքերեն։ Այդպիսով, Դինքը խթանեց մինչ այդ երկար տարիներ տաբու դարձած թեմաների քննարկումը։

Հրանտ Դինքը, չնայած մահվան սպառնալիքներին, իր խիզախ հրապարակումներում, հոդվածներում և ելույթներում մշտապես բարձրացնում  էր Հայոց ցեղասպանության հարցը, խոսում Թուրքիայում խոսքի ազատության անհրաժեշտության մասին, բարձրաձայնում լռության մատնված և տաբու հանդիսացող շատ թեմաներ: Նրա ծավալած ակտիվ գործունեության շնորհիվ Թուրքիայում սկսեցին խոսել Ցեղասպանության մասին, նա հիշեցրեց թուրքահայ համայնքի գոյության ու նրա իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին: Նրա սպանությունից հետո Ստամբուլում տեղի ունեցան բազմահազարանոց ցույցեր: Սպանությունից հետո Հրանտ Դինքը դարձավ ազատության խորհրդանիշ իր իրավունքների պաշտպանության համար ոտքի կանգնած յուրաքանչյուր մարդու համար:

Դինքի սպանության գործը բացահայտելու համար միջազգային մի շարք կառույցներ բազմաթիվ անգամ կոչ են արել թուրքական իշխանություններին՝ ապահովել անաչառ քննություն։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2010-ի սեպտեմբերին մեղավոր ճանաչեց Թուրքիային՝ Հրանտ Դինքին չպաշտպանելու համար, չնայած որ հետքննության ընթացքում պարզ էր դարձել, որ թե՛ ժանդարմերիան, թե՛ ոստիկանությունը տեղյակ են եղել նրա դեմ նախապատրաստվող սպանությանը։

Похожее изображение

2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում:

2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը:

2015-ին պարզվել է, որ Դինքի սպանության համար 22 տարի 10 ամիս ազատազրկման դատապարտված Օգյուն Սամասթը սպանության օրը 3 անգամ զանգահարել է հեռախոսային խցիկներից, որոնք սպանությունից հետո տեղափոխել են:

Իսկ հեռախոսազանգերի գրանցումները ոստիկանության գլխավոր վարչության հետախուզական բաժանմունքի պետ Ռամազան Աքյուրեքը 2011-ին ոչնչացրել էր, ինչի հետևանքով կորել էին նաև 2007-ի հեռախոսազանգերի արձանագրությունները:

Հեռախոսազրույցների և տեսախցիկների արձանագրությունների ուսումնասիրությունից նաև պարզ է դարձել, որ սպանության օրը Սամասթին 6 ոստիկան է հետևել: Նրանք դեպքի վայրում են եղել սպանությունից առաջ և հետո՝ գաղտնի հետևելով Սամասթին: Պարզվել է, որ ոստիկաններից մեկը Ստամբուլի նահանգային ժանդարմերիայի ենթասպա է:

Բացի այդ, 2015-ին Դինքի սպանության գործով մեղադրական նոր եզրակացությունն ուղարկվել է դատարան։

Փաստաթղթում նշվում է, որ Դինքի սպանության ամեն մանրուքի մասին պատկան մարմինները տեղյակ են եղել, սակայն կանխելու համար ոչինչ չեն արել: Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ պետական ծառայողներից շատերի պարտականությունն է եղել կանխել հանցագործությունը, պարտավոր են եղել պաշտպանել Դինքի անձը, սակայն աջակցել են հանցավոր զինյալ խմբավորմանը և անգամ գաղտնի զեկույցներ ու փաստաթղթեր են ոչնչացրել։

Այս ընթացքում հետաքրքիր զարգացում էր այն, որ Թուրքիայի արդարադատությամ նախարարը թույլատրեց դատական պատասխանատվության կանչել պետական պաշտոնյաներին, ովքեր ինչ-որ առումներով կապված են Դինքի սպանության հետ։

Այդ համատեքստում արդեն հարցաքննվեցին ու ձերբակալվեցին են բարձրաստիճան պաշտոնյաներ ու ոստիկաններ։

Իսկ Դինքի սպանության գործով դատավարության համար «բեկումնային» դարձավ Էրդողան-Գյուլեն հակամարտությունը, քանի որ այդ հակամարտության սրացումից հետո սկսեցին ձերբակալվել նախկին բարձրաստիճան գյուլենական պաշտոնյաներ՝ Դինքի սպանության մեջ որոշակի մեղքի բաժին ունենալու մեղադրանքով։

Դրանից հետո դատավարությունները սկսեցին սկանդալային հայտարարություններով ուղեկցվել։ Ցուցմունքներից մեկի համաձայն՝ Թուրքիայի ՆԳ նախկին նախարարը պահանջել է հետախուզության պետից վերացնել Դինքի դեմ մահափորձի մասին հետախուզական տեղեկությունը, իսկ հետախուզության պետը թեեւ չի վերացրել, սակայն ժամանակին չի էլ բարձրաձայնել։ Պարզվեց, որ Հրանտ Դինքի սպանությունը բացահայտվել է օրերի ընթացքում, սակայն դատական գործընթացները դե ֆակտո դոփում են նույն տեղում։

Ու չնայած թուրքական իշխանությունների հավաստիացումներին, Հրանտ Դինքի սպանությունը շարունակում է մնալ Թուրքիայում ավանդույթի վերածված չբացահայտված քաղաքական սպանությունների շարքին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: