ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջազգային միտումներն ու Ղարաբաղյան փակուղին

2017թ.-ը միջազգային հարաբերություններում հակամարտությունների կարգավորման տեսակետից բավական բուռն մեկնարկ ունեցավ: Տարվա դեռ սկզբին Մոլդովայի նախագահի այց Մերձդնեստր, Կիպրական հիմնախնդրի շուրջ բանակցություններ, լարվածություն և բանակցություններ Սերբիայի և Կոսովոյի միջև: Այս ֆոնին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն առաջընթացի միտումներ ցույց չի տալիս:

Բոլոր այս հանդիպումները նշանավոր էին և կարևոր: 2008թ.-ից հետո առաջին անգամ Մոլդովայի նախագահի այց տեղի ունեցավ Մերձդնեստր: Սա Մոլդովայի նորընտիր ղեկավարի կողմից կարևոր քայլ էր, որը ցույց է տալիս 2014թ.-ից հետո դադարած բանակցությունները վերամեկնարկելու, Մերձդնեստրի հետ ուղղակի երկխոսության մեջ մտնելու նրա ցանկությունը:

Ուշագրավ էին նաև տարվա սկզբից մեկնարկած բանակցությունները Կիպրական հիմնախնդրի շուրջ կղզու երկու հատվածների՝ Կիպրոսի Հանրապետության և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական չճանաչված Հանրապետության ղեկավարների միջև ուղղակի շփումների ձևաչափով: Հունվարին բանակցությունները վերջնական արդյունքի չհասան, սակայն համաձայնություն ձեռք բերվեց շարունակել աշխատանքը փորձագետների մակարդակով և դեռևս չհամաձայնեցված հարցերի շուրջ համատեղ մոտեցումների մշակումից հետո վերսկսել ղեկավարների հանդիպումները:

Տարվա սկզբին սրացում արձանագրվեց նաև Կոսովոյի և Սերբիայի միջև, որը որակվեց որպես 2008թ. Կոսովոյի անկախության հռչակումից ի վեր ամենասուր ճգնաժամը կողմերի հարաբերություններում: Պատճառը Բելգրադ-Կոսովսկա-Միտրովիցա երկաթուղային երթևեկության վերականգնման փորձն էր ու դրա շուրջ ծագած հակասությունները: Սակայն, ԵՄ միջնորդությամբ անմիջապես տեղի ունեցավ Սերբիայի և Կոսովոյի նախագահների և վարչապետերի հանդիպում, որի արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց շարունակել բարձր մակարդակի հանդիպումների շարքը: «Պայմանավորվել ենք դադար վերցնել և փորձել լուրջ  խոսել կամ ընդհանրապես չխոսել, վատ չարտահայտվել դիմացի կողմի մասին»,- նշել է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը:

Չնայած բարդություններին, անհամաձայնություններին և սուր հարցերին, բոլոր այս հակամարտություններում ակնհայտ է երկխոսելու, առկա հարցերը խաղաղ քննարկելու պատրաստակամությունը: Եվ որ ամենակարևորն է՝ բոլոր այս դեպքերում կողմերը գնում են ուղղակի երկխոսության. Մոլդովան Մերձդնեստրի, Սերբիան Կոսովոյի, իսկ Կիպրոսը՝ Հյուսիսային Կիպրոսի հետ:

Ցավոք, նույնը չենք կարող ասել Ղարաբաղյան հակամարտության մասին: Տարին մեկնարկել է դեկտեմբերի վերջին տեղի ունեցած սրացման ֆոնին, միջնորդներին չի հաջողվում Ադրբեջանի համաձայնությունը ստանալ վստահության միջոցների և այդ թվում՝ հետաքննության մեխանիզմների ներդրման հարցում, քաղաքական երկխոսությունը բացակայում է: Իսկ ԼՂՀ-ի հետ ուղղակի բանակցությունների նստելու մասին Ադրբեջանը չի ցանկանում նույնիսկ լսել: Դրա փոխարեն Բաքվից բազմաթիվ հայտարարություններ են հնչել պատերազմը վերսկսելու, Արցախին անկախություն տրամադրելու անհնարինության մասին:

Նշված հակամարտություններից ամենկարևոր տարբերությունը հասարակությունների միջև հարաբերություններն են և հռետորաբանությունը: Բոլոր վերոնշյալ երեք հակամարտությունների պարագայում հակամարտության կողմերի՝ ճանաչված և չճանաչված կամ կիսաճանաչված միավորի միջև առկա է մշտական հաղորդակցություն, չեն հնչում ռազմական սպառնալիքներ և չի սերմանվում ատելություն: Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է հայատյացության սերմանումը սեփական հասարակության շրջանում և ճնշումները հայերի հետ համագործակցող ՀԿ-ների և անհատների նկատմամբ:

Հայկական կողմերը մշտապես շեշտադրում են խաղաղ կարգավորման, կողքի կողքի խաղաղ ապրելու ցանկությունն ու մտադրությունը: ՀՀ նախագահն իր ելույթներում ընդգծում է, որ ադրբեջանցի ժողովրդին չի համարում թշնամի: Դիլիջանում միջազգային դպրոցի բացմանը Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ: Եվ վստահ եմ, որ այդ օրը գալու է և ցանկանում եմ, որ այդ օրը գա հնարավորինս շուտ»: Բացի այդ, նրա ելույթներում մշտապես կրկնվող դրույթներ են. «հայ ժողովուրդը թշնամի ժողովուրդ չունի», «մեր ժողովուրդներին ավելի լավ ապագա է սպասվում, քան նախատեսում են պատերազմի և ատելության քարոզ սփռող որոշ ղեկավարներ» և այլն:

 Հայաստանի իշխանությունները մշտապես պնդել են, որ Արցախի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ապագան: Իսկ դա նշանակում է, որ ոչ միայն Արցախի կարգավիճակը պետք է որոշվի արցախցիների կամարտահայտման արդյունքում, այլև ողջ բանակցային գործընթացում Արցախը պետք է լիարժեք ներգրավվածություն ունենա: Ադրբեջանը հակառակվում է երկու դրույթներին էլ:

 Այս ամենը ցույց է տալիս, որ չնայած հայկական կողմերի հետևողական ջանքերին և ՀՀ ու ԼՂՀ ղեկավարության կողմից արտահայտվող պատրաստակամությանը՝ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ չեն կատուցողական երկխոսության, չունեն Արցախի հետ բանակցությունների նստելու և հարցը քաղաքական ճանապարհող լուծելու բավական քաղաքական կամք:

 Սերբիայի վարչապետի խոսքերը միմյանց մասին միայն լավը խոսելու մասին ավելի քան տեղին են Ադրբեջանի համար: Քանի դեռ պաշտոնական Բաքուն չունի համապատասխան կամք, դժվար է հակամարտությունների կարգավորման եվրոպական օրինակների հետ զուգահեռնեռ տանել և խոսել փորձն ընդօրինակելու մասին: Այսօր և´ Սերբիան, և´ Մոլդովան, և´ Կիպրոսը պատրաստ են բանակցությունների նստել հակամարտության մյուս՝ կիսաճանաչված կամ չճանաչված կողմի հետ, իսկ Ադրբեջանը միայն սպառնում է պատերազմով ու հայատյացություն տարածում: Եվ գուցե առավել քան տրամաբանական կլիներ, որպեսզի այս հանգամանքը միջազգային միջնորդների կողմից մատնացույց արվեր նաև Ադրբեջանի իշխանություններին:

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: