ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիայի ժողովրդի դեմ ագրեսիան կատարող կողմերից մեկը հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնող նույն կողմն է. Սիրիայի ԱԳ նախարար

©РИА Новости/Илья Питалев

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ուալիդ ալ-Մուալլիմը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, փոխանցում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ երկու հնագույն ժողովուրդների` հայերի ու սիրիացիների միջև բարեկամական հարաբերություններն անցել են ժամանակի փորձությունը և խարսխվում են փոխադարձ հարգանքի ու վստահության կուռ հիմքերի վրա: Հայաստանի արտգործնախարարը շեշտում է, որ հայ ժողովուրդը չի մոռանա այն մեծ մարդասիրական հոգածությունը, որը Սիրիայի ժողովուրդը դրսևորել է՝ ապաստան տալով Ցեղասպանությունից փրկված իր զավակներին: 

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում ընդգծում է, որ Հայաստանը սիրիական ճգնաժամի ամենասկզբից միջազգային տարբեր հարթակներում մշտապես բարձրաձայնում է Սիրիայում խաղաղության և անվտանգության հաստատման կարևորությունը, դատապարտում է ահաբեկչությունը, հնարավորության սահմաններում մարդասիրական օժանդակություն տրամադրում Սիրիայի ժողովրդին:

Նախարար Նալբանդյանն, այս նշանակալի հոբելյանի առիթով ի մի բերելով հայ-սիրիական համագործակցության հաջողությունները, համոզմունք է հայտնում, որ համատեղ ուժերով կհաջողվի առավել ընդլայնել և խորացնել փոխգործակցությունը՝ հանուն երկու բարեկամ ժողովուրդների բարօրության։

Ուալիդ ալ-Մուալլիմն իր ուղերձում նշում է, որ Հայաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մարմնավորում է սիրիացի և հայ ժողովուրդների պատմական կապերը և արտահայտում քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում հարաբերությունները զարգացնելու կամքը:

Նախարար Մուալլիմն ընդգծում է, որ Սիրիան՝ իր քաղաքական ղեկավարությամբ, կառավարությամբ և ժողովրդով, ամենայն գնահատանքով է դիտում բարեկամ Հայաստանի նպաստավոր դիրքորոշումները՝ Սիրիայի դեմ ահաբեկչական ագրեսիայի նկատմամբ: Սիրիայի արտգործնախարարը նշում է, որ Սիրիայի ժողովրդի դեմ ագրեսիան կատարող կողմերից մեկը հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնող նույն կողմն է, որի քաղաքականությունը խարսխված է միահեծան իշխանության և սուլթանական սին երազանքների վրա, ինչը դատապարտված է ձախողման և ամենավատ հետևանքներ կունենա ագրեսորի համար:

Ուալիդ ալ-Մուալլիմը հավելում է, որ Սիրիան, որը սկսել է հաղթանակներ արձանագրել ահաբեկիչների դեմ, վստահ է, որ այն բարեկամները, ովքեր նրա կողքին կանգնեցին ագրեսիայի ժամանակ, նրան ձեռք կմեկնեն ահաբեկչության ավերածությունները վերականգնելու համար: Սա բացառիկ առիթ է հանդիսանում, որ բոլոր ոլորտներում զարգացնենք մեր երկու երկրների միջև համագործակցությունը:

Էդվարդ Նալբանդյանը, շնորհավորելով իր սիրիացի գործընկերոջը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, Սիրիայի բարեկամ ժողովրդին մաղթում է շուտափույթ խաղաղություն և բարեկեցություն:

Ուալիդ ալ-Մուալլիմը, շնորհավորելով Էդվարդ Նալբանդյանին երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, բարեկամ Հայաստանին մաղթում է զարգացում և բարգավաճում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: