ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 971,73 դրամ ԱՐԾԱԹ - 283,35 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 203,5 դրամ

Եվրոպա-Թուրքիա ջերմ հարաբերությունների միֆն աստիճանաբար ցրվում է

Newsletter European

ԵՄ-Թուրքիա հարաբերությունները հերթական անգամ վատթարացման ակտիվ փուլ են մտել, և այս անգամ պատճառը ոչ միայն Թուրքիայում ժողովրդավարության պակասն է, այլև մի շարք ներեվրոպական բարդությունները։ Միգրացիոն ճգնաժամի ժամանակ կնքված գործարքը, որը ստիպեց ԵՄ-ին աչք փակել մի շարք հարցերի վրա, այլևս կորցրել է իր ազդեցությունը, և Էրդողանի սադրիչ քայլերը սկսել են պատասխան ստանալ։

Իսկ որո՞նք են Եվրոպայում Թուրքիայի նկատմամբ անհանդուրժողականության աճի հիմնական պատճառները:

Նախ, պետք է նշել, որ այս օրերին եվրոպական մի շարք երկրներում նախընտրական շրջան է, իսկ աջակողմյան ուժերը, որոնք հանդես են գալիս հակամիգրացիոն դիրքերից, ունեն հանրային բավականին լայն աջակցություն: Ուստի, խնդիր է առաջանում մեղմել այդ ազգայնական տրամադրությունները, ընդառաջ գնալ հանրային պահանջներին։ Դրա վառ դրսևորումը դարձավ իրենց երկրում թուրքական իշխանությունների քարոզչական միջոցառումների անցկացման արգելքը, որ սահմանվեց Գերմանիայի, Նիդեռլանդների  կողմից: Հետաքրքիր է, որ այս ալիքի տրամաբանական շարունակությունը դարձավ Դանիայի վարչապետի «խնդրանքը» Թուրքիայի իր գործընկերոջը հետաձգել մարտի 20-ին նախատեսված այցը և սպասել ավելի հարմար պահի: Նշենք, որ Դանիան այն երկիրն է, որը մշտապես Թուրքիայի հետ առնչվող հարցերում չեզոքություն է պահպանել:

Երկրորդ, Եվրոպայում այսօր տիրող բավականին անհանգիստ իրավիճակում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներն առավել քան աչքի են զարնում: Հեղաշրջման փորձից հետո խոսքի ազատության սահմանափակումներ, բռնաճնշումներ, քրդերի դեմ իրականացվող գործողություններ, անգամ Եվրոպայի քաղաքացիների ձերբակալություն, սեփական իշխանությունն ուժեղացնելու համար սահմանադրական փոփոխությունների իրականացում. զարգացումներ, որոնց վրա Եվրոպան աչք է փակել, իսկ հիմա այս կերպ է արձագանքում՝ արգելելով Թուրքիայի իշխանություններին իրենց տարածքում քարոզչություն իրականացնել՝ ի նպաստ իրենց այս քաղաքականության շարունակման:   

Երրորդ, հաշվի առնելով Ռուսաստանի հետ պահպանվող լարվածությունը, Թրամփի ընտրվելուց հետո ԱՄՆ հետ հարաբերություններում անորոշության առաջացումը, Brexit-ը և դրանից բխող տրամադրությունները, ահաբեկչական գործողությունները` Եվրոպան այսօր ինչ-որ հարցի շուրջ կոնսոլիդացվելու խնդիր ունի: Իսկ այսօրվա պայմաններում, երբ Թուրքիան իր գործողություններով, Եվրոպային ուղղված ամենաբարձր մակարդակով հնչող վիրավորանքներով (Թուրքիայի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրի նախագահը, Գերմանիայի ու Նիդեռլանդների իշխանություններին անվանեցին «նազիստներ») նյարդայնացնում է Եվրոպային, հենց ինքն էլ դառնում է այն սուբյեկտը, որի դեմ հնարավոր է կոնսոլիդացվել:

Այսպիսով, կարելի է փաստել, որ Թուրքիա-Եվրոպա թվացյալ ջերմ հարաբերությունների միֆն աստիճանաբար ցրվում է, և անգամ միգրանտների գործարքը, որ ԵՄ-ն կնքեց Թուրքիայի հետ և որի կարևորությունը հաշվի առնելով՝ եվրոպական շատ երկրներ տուրք էին տալիս Թուրքիայի շանտաժներին, այսօր ի զորու չէ այլևս աշխատել ի օգուտ Թուրքիայի: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 33%
Քամի՝ 35.40 կմ/ժ
12 C°
 
  15° 
26.04.2017
  16° 
27.04.2017
Հարցում

Հնարավոր համարո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մոտակա 10 տարում: