ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ է առաջարկում Կոմունիստական կուսակցությունը. արտաքին քաղաքականություն (ՏԵՂԵԿԱՆՔ)

Հայաստանում ընթացող նախընտրական պայքարի շրջանակներում մրցակցող քաղաքական ուժերի արտաքին քաղաքական առաջնահերթությունները հանրությանն առավել մատչելի և ամփոփ ներկայացնելու համար «Հայացք» վերլուծական կենտրոնը  նախաձեռնում է վերլուծական տեղեկանքների շարք: Տեղեկանքները կհիմնվեն ինչպես խորհրդարանական ընտրություններում ներգրավված քաղաքական ուժերի նախընտրական ծրագրի, այնպես էլ տվյալ ուժի ներկայացուցչի հետ «Արմեդիա» ՏՎԳ անցկացրած հարցազրույցի վրա:

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ) հիմնվել է 1991 թ.։ Պետք է նշել, որ Հայաստանի Կոմունիստական, Հայաստանի առաջադիմական միացյալ Կոմունիստական, Կանայք Հայոց աշխարհի Կուսակցությունները, Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհմիության հանրապետական միությունը, Հայրենական ապրանքարտադրողների միությունը, Հայաստանի ազգային ավիացիոն միությունը, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը, «Խարիզմա» երիտասարդական կրթական հիմնադրամը և էկոլոգիական հասարակական միությունը ներգրավվելով 2017 թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների Հայաստանի Կոմունիստական Կուսակցության նախընտրական ցուցակում ներկայացնում են միասնական նախընտրական ծրագիր:

Կուսակցության արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Տաճատ Սարգսյանի հետ:

Փորձենք ներկայացնել Հայաստանի կոմունիստական կուսակցության  մոտեցումներն՝ ըստ ՀՀ արտաքին քաղաքականության հետևյալ առաջնահերթությունների՝ Ղարաբաղյան հիմնախնդիր, Հայ-թուրքական հարաբերություններ, Հայոց ցեղասպանություն, ՀՀ-ուժային կենտրոններ, ՀՀ-հարևաններ, ՀՀ-ինտեգրացիոն գործընթացներ, հայրենիք-սփյուռք հարաբերություններ: 

Ղարաբաղյան հիմնախնդիր

Կուսակցության նախընտրական ծրագրում հիմնախնդրի մասին ամրագրված է. «Ադրբեջանի հետ պետք է շարունակել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների շրջանակում: Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցային կողմ»:

«Արմեդիա» ՏՎԳ հետ ունեցած հարցազրույցի ընթացքում «Հայաստանի կոմունիստական կուսակցության» նախագահ Տաճատ Սարգսյանն ասաց. «Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշվել է, Ղարաբաղի հետագա կարգավիճակի հարցն ուղղակիորեն կապված է Ղարաբաղի ժողովրդից: Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը: Ղարաբաղի հարցում ճնշումը շատ մեծ է, սակայն այնտեղ ապրում են 99 տոկոսով մեր հայրենակիցները, ուստի այդ հարցը մենք պետք է առանց բացառության բոլոր վեկտորներով պահենք մեր ուշադրության կենտրոնում»:

Հայ-թուրքական հարաբերություններ և Հայոց ցեղասպանություն 

Կուսակցության նախընտրական ծրագրում ամրագրված է. «Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կառուցվեն առանց նախապայմանների: Արևմտյան Հայաստանը հայ ժողովրդի բնօրրանի մի մասն է, պատմական Հայրենիքը: Մեր հարաբերությունները պետք է կառուցվեն՝ հաշվի առնելով պատմական իրողությունները»:

Տաճատ Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների մասով նշում է, որ ժողովրդի հիշողությունը կարճ չէ. «Այն սերունդները, որոնք տեսել են կոտորածը, իրենց ներկայությամբ այսօր էլ վառ են պահում Եղեռնի «հետևանքները»: Դա բառի բուն իմաստով Ցեղասպանություն էր: Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումն այնքան էլ հեշտ գործ չէ և պահանջում է հետևողական աշխատանք՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական, միջազգային ակտիվ հարաբերությունների Եվրոպայի, Ռուսաստանի հետ ... Այդ բոլոր գործոնները պետք է նպաստեն Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորմանը: Իհարկե, չկան մշտական բարեկամներ կամ թշնամիներ, բայց այնքան խորն է Թուրքիայի պատճառած վնասը, որ կարգավորման հասնելու համար մեծ ու քրտնաջան աշխատանք է պահանջվում»:

ՀՀ-ՌԴ, ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-ԵՄ,  ՀՀ-Վրաստան, ՀՀ-Իրան

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագրում ամրագրված է. «Մեր անմիջական հարևանների՝ Վրաստանի  և Իրանի Իսլամական հանրապետությունների հետ խորացնել քաղաքական  և տնտեսական կապերը, նպաստել Հայաստանում համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, դառնալ նպաստավոր հարթակ՝ թողարկվելիք արտադրանքը Եվրասիական երկրներում իրացման հեռանկարով»: Կուսակցության նախընտրական ծրագրում մյուս ուղղությունների մասով կա ընդհանրական մոտեցում, որը ներկայացված է «Ինտեգրացիոն գործընթացներ» բաժնում:

Կուսակցության նախագահ Տաճատ Սարգսյանի կարծիքով ԵԱՏՄ անդամակցությամբ ՀՀ-ՌԴ և ՀՀ-ԵԱՏՄ անդամ երկրների հարաբերությունների հարցը լուծվում է. «Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին կամ Միացյալ Նահանգներին, ՀՀ իշխանություններին ոչինչ չի խանգարում, որպեսզի բարիդրացիական քաղաքական և առևտրային հարաբերությունների մեջ լինեն և՛ ԱՄՆ, և՛ եվրոպական երկրների հետ: Ըստ էության, այդպես էլ արվում է»:

Ինտեգրացիոն գործընթացներ

Կուսակցության նախընտրական ծրագրում ամրագրված է. «Ամրապնդել և զարգացնել ռազմաքաղաքական կապերը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի անդամ մյուս պետությունների հետ` շարունակաբար ընդլայնելով առևտրատնտեսական, գիտատեխնիկական  և մշակութային համագործակցությունը Եվրասիական Տնտեսական Միության, Եվրամիության, Չինաստանի  և բարեկամ մյուս երկրների հետ»:

Տաճատ Սարգսյանը, ներկայացնելով կուսակցության ՀՀ արտաքին գերակա ուղղությունները, խոսեց ինտեգրացիոն գրոծընթացների մասին. «Ինչպես գիտեք, Հայաստանն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը: Կոմունիստական կուսակցությունը ողջունեց Հանրապետության իշխանությունների այդ քայլը՝ հիմնավորելով հետևյալ հանգամանքներով: Նախ, մտնելով ԵԱՏՄ, ավելի անվտանգ պայմաններ են ստեղծվում ՀՀ համար, ես ի նկատի ունեմ այն, որ ԵԱՏՄ անդամ երկրների բնակչությունը 170 մլն է, նաև այն, որ դարեր շարունակ Հայաստանը եղել է ռուս ժողովրդի  հետ: Մեր կարծիքն այն է, որ մենք եղել ենք, կանք և կմնանք ռուս ժողովրդի հետ: Երկրորդ, ԵԱՏՄ մտնելով վերականգնվում է Խորհրդային իշխանության տարիներին ԽՍՀՄ ձեռնարկությունների հետ կապերը: Երրորդ՝ ինչու չէ՞, նոր տնտեսական կապեր են ստեղծվում: Կան մարդիկ, ովքեր ասում են, որ ԵԱՏՄ մտնելով Հայաստանի վիճակը չի բարելավվել: Ես պետք է ասեմ, որ դա նոր միություն է, միգուցե ընդունված օրենքները որոշ չափով դեռևս չեն աշխատում, բայց հիմնականում դա հետևանք է մեր իշխանությունների ոչ ճկուն քաղաքականության: Լինելով ԵԱՏՄ անդամ՝ Հանրապետության իշխանությունները պետք է հարաբերվեն նաև ԵՄ և այլ երկրների հետ, ինչն էլ, պետք է նշեմ, որ մեր իշխանությունների կողմից արվում է»:

Սփյուռք

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագրում Սփյուռքի հետ համագործակցության մասով ամրագրված առանձին կետ չկա: «Արմեդիա» ՏՎԳ հետ հարցազրույցում Տաճատ Սարգսյանն այս մասով, մասնավորապես նշեց. «Սփյուռքի հետ հարաբերությունները եղել են, կան ու կմնան ամենաբարձր մակարդակի վրա: Նրանք մեր հայրենակիցներն են: Այսօր շատ սերտ կապեր կան, այդ կապերն ամրապնդվում են նաև Սփյուռքի նախարարության, իշխանության նաև մյուս լծակների միջոցով: Աշխատանքի բազմատեսակ ու բազմաձև մեթոդներ գոյություն ունեն»:

Ի՞նչ նորույթ է առաջարկում կուսակցությունը

Կուսակցության նախընտրական ծրագրում արտաքին քաղաքականությամ մասով, որպես նորույթ, կարելի է առանձնացնել հետևյալ դրույթը. «Օգտագործել միջազգային կոմունիստական և բանվորական շարժման մեջ կուսակցության կապերը` նպաստելու Հայաստանի Հանրապետության հեղինակության բարձրացմանը, միջազգային քաղաքական և տնտեսական ներգրավվածության ընդլայնմանը, Հայոց ցեղասպանության անվերապահ ճանաչմանը, ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա Արցախի ինքնորոշված ժողովրդի քաղաքական կարգավիճակի ամրագրմանը»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: