ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ է առաջարկում «Ելք» դաշինքը. արտաքին քաղաքականություն (ՏԵՂԵԿԱՆՔ)

Հայաստանում ընթացող նախընտրական պայքարի շրջանակներում մրցակցող քաղաքական ուժերի արտաքին քաղաքական առաջնահերթությունները հանրությանն առավել մատչելի և ամփոփ ներկայացնելու համար «Հայացք» վերլուծական կենտրոնը նախաձեռնում է վերլուծական տեղեկանքների շարք: Տեղեկանքները կհիմնվեն ինչպես խորհրդարանական ընտրություններում ներգրավված քաղաքական ուժերի նախընտրական ծրագրի, այնպես էլ տվյալ ուժի ներկայացուցչի հետ «Արմեդիա» ՏՎԳ անցկացրած հարցազրույցի վրա:

«Ելք» քաղաքական դաշինքը ձևավորվել է 2017թ հունվարին և ներառում է «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Խորհրդարանական ընտրություններում «Ելք»-ը հանդես է գալիս  «Ընտրություն, Փոփոխություն, Հաղթանակ» կարգախոսով:

«Ելք» քաղաքական դաշինքի արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի հետ:

Փորձենք ներկայացնել Ելք դաշինքի մոտեցումներն՝ ըստ ՀՀ արտաքին քաղաքականության հետևյալ առաջնահերթությունների՝ Ղարաբաղյան հիմնախնդիր, Հայ-թուրքական հարաբերություններ, Հայոց ցեղասպանություն, ՀՀ-ուժային կենտրոններ, ՀՀ-հարևաններ, ՀՀ-ինտեգրացիոն գործընթացներ, հայրենիք-սփյուռք հարաբերություններ: Հատկանշական է, որ ներկայացվող վերլուծական տեղեկանքի նպատակը դաշինքի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերությունների մատչելի ներկայացում է, ուստի այս դաշինքի մեջ մտնող կուսակցունների ծրագրային հնարավոր տարբերությունները չեն դիտարկվել:

Ղարաբաղյան հիմնախնդիր 

Ըստ դաշինքի՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում փոխզիջման մասին խոսք լինել չի կարող Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության, ագրեսիվ քաղաքականության պայմաններում: Ինչպես նշված է դաշինքի ծրագրում, ցանկացած փոխզիջումային տարբերակի արդյունավետ քննարկման պայման է Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու Ադրբեջանի հստակ պատրաստակամությունը:

Բանակցային գործընթացի հետ կապված Էդմոն Մարուքյանը հարցազրույցում ընդգծել է. «Այսօրվա կարգավորման գործընթացը մեզ չի կարող բավարարել, չի կարող լինել գործիք, և դա է պատճառը, որ մենք ասում ենք, որ փոխզիջումների մասին խոսք չի կարող լինել»:

Միևնույն ժամանակ «Ելք»-ն առաջնահերթ է համարում Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռության վերականգնման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Հայ-թուրքական հարաբերություններ

Այս ուղղությամբ դաշինքի ծրագրով նախատեսվում է միջոցներ ձեռնարկվել՝ հայ-թուրքական սահմանը առանց նախապայմանի բացելու համար: Ըստ դաշինքի առաջնորդ Էդմոն Մարուքյանի՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկայիս վիճակը նաև կախված է երկու երկրների առաջնորդներից, այսինքն` leadership-ի  խնդիր կա, եթե լինի առաջնորդության փոփոխություն, այդ ժամանակ քաղաքական գործիչները նոր տեսլականով կկարողանան հասնել նրան, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորվեն»:

Հայոց ցեղասպանություն 

Թեև «Ելք»-ի նախընտրական ծրագրում Ցեղասպանության վերաբերյալ որևէ բաժին կամ ամրագրված կետ չկա, դաշինքի առաջնորդ Էդմոն Մարուքյանը «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում կարևորել է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը միջազգային իրավական-դատական հարթություն տեղափոխելը, օրինակ օգտագործելով թուրքական դատարանները, ՄԻԵԴ-ը:

ՀՀ-ՌԴ/ՀՀ-ԱՄՆ/ ՀՀ-ԵՄ/ ՀՀ-Վրաստան/ՀՀ-Իրան

Ուժային կենտրոնների (օր. ՌԴ, ԱՄՆ) և հարևանների (Վրաստան, Իրան) հետ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ նախընտրական ծրագիրն առանձին բաժին չունի: Դաշինքը բավարարվել է ընդհանրական ձևակերպումներ ունեցող հետևյալ կետով. «Բոլոր միջոցները կձեռնարկվեն Վրաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և անդամ պետությունների, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի և այլ երկրների հետ արժանապատիվ և փոխշահավետ հարաբերություններ հաստատելու համար»:

Ծրագրում առանձին անդրադարձ կա Հայաստանի տարածքով դեպի Վրաստան իրանական գազի տարանցման վերաբերյալ բանակցություններ սկսելուն և Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը (փուլային տարբերակով):

Ինտեգրացիոն գործընթացներ

Դաշինքի ծրագրի համաձայն՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին արտաքին քաղաքական սխալ և այն «լրջագույն ռիսկեր է պարունակում Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տնտեսական և քաղաքական բնականոն զարգացման, Արցախի հարցի արդարացի կարգավորման համար»: «Ելք» դաշինքը համարում է, որ այդ ռիսկերի կառավարումը պետք է տեղի ունենա տարածաշրջանային և միջազգային իրավիճակի խորը վերլուծության և Հայաստանի ազգային շահերի հավասարակշռված սպասարկման միջոցով:

Ինչ վերաբերում է Հայաստանի անդամակցած մյուս ինտեգրացիոն միավորին՝ ՀԱՊԿ-ին, ապա դաշինքը կարևորում է ՀԱՊԿ շրջանակներում՝ անդամ երկրների` միմյանց անվտանգության ապահովման դաշնակցային պարտավորությունների հստակեցման շուրջ բանակցությունների մեկնարկը: Միևնույն ժամանակ «Ելք»-ն առաջնահերթ է համարում Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման այլընտրանքների անհրաժեշտությունը:

Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը Հայաստանի և Եվրոպական Միության միջև բանակցված և օրերս նախաստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համարում է թույլ փաստաթուղթ: «Ելք» դաշինքը նախընտրական ծրագրում ամրագրել է, որ «նախատեսում է ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցություններ սկսել»:

Սփյուռք

Դաշինքի նախընտրական ծրագիրն առանձին բաժին ունի նվիրված սփյուռքին: Ելքը, մասնավորապես, Հայաստանի բնակչության թիվը հնարավորինս կարճ ժամկետում կրկնապատկելու միջոց դիտարկում է Մեծ հայրենադարձությունը: Ծրագրում նախատեսվում է Հայաստանի խորհրդարանի երկրորդ պալատի ձևավորում, որը կազմված կլինի Սփյուռքի հայկական գաղութների ներկայացուցիչներից, ովքեր կընտրվեն հենց գաղթօջախներում անցկացվող ընտրությունների միջոցով: Խորհրդարանի երկրորդ պալատի բացառիկ իրավասությունը կլինի «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի նշանակումը, ինչպես նաև Ներգաղթի և Սփյուռքի ներդրումների հարցերով զբաղվող նախարարների նշանակման հարցը՝ վարչապետի ներկայացմամբ:

Ըստ Մարուքյանի՝ դաշինքը նաև կարևորում է Սփյուռքի մարդկային ռեսուրսի ներուժի օգտագործումը Հայաստանի զարգացման գործում: Այս հարցում դաշինքը նպատակահարմար է համարում ընտրվելու իրավունքի համար մշտական բնակության ցենզի վերացումը:

Ի՞նչ նորույթ է առաջարկում դաշինքը

«Ելք» դաշինքի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածում որոշակի նորույթ պարունակող կամ քիչ շրջանառված թեզերից կարելի է առանձնացնել խորհրդարանի երկրորդ պալատի ստեղծման, ընտրվելու համար մշտական բնակության ցենզի վերացման, ՀՀ-ԵՄ նոր Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու, ՀՀ Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման այլընտրանքների որոնման գաղափարները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: