ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ է առաջարկում Ծառուկյան դաշինքը. արտաքին քաղաքականություն (ՏԵՂԵԿԱՆՔ)

Հայաստանում ընթացող նախընտրական պայքարի շրջանակներում մրցակցող քաղաքական ուժերի արտաքին քաղաքական առաջնահերթությունները հանրությանն առավել մատչելի և ամփոփ ներկայացնելու համար «Հայացք» վերլուծական կենտրոնը  նախաձեռնում է վերլուծական տեղեկանքների շարք: Տեղեկանքները կհիմնվեն ինչպես խորհրդարանական ընտրություններում ներգրավված քաղաքական ուժերի նախընտրական ծրագրի, այնպես էլ տվյալ ուժի ներկայացուցչի հետ «Արմեդիա» ՏՎԳ անցկացրած հարցազրույցի վրա:

 «Ծառուկյան» դաշինքը ձևավորվել է 2017թ փետրվարին և ներառում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ), Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ), «Հայոց համազգային շարժումը» (ՀՀՇ) և «Միասնություն» համազգային շարժումը: Եվս մի քանի կուսակցությունների առանձին ներկայացուցիչներ ընդգրկված են «Ծառուկյան» դաշինքի ցուցակում, ինչպես նաև դաշինքի կողմից տարբեր ընտրատարածքներում առաջադրվել են ռեյտինգային կարգով: Խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքը հանդես է գալիս  «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է» կարգախոսով:

«Ծառուկյան» դաշինքի  արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:

«Ծառուկյան» դաշինքի  արտաքին քաղաքական բլոկը կրում է «Խաղաղ, կայուն տարածաշրջան» անվանումը:

Ստորև ներկայացված են դաշինքի մոտեցումներն՝ ըստ ՀՀ արտաքին քաղաքականության հետևյալ առաջնահերթությունների՝ Ղարաբաղյան հիմնախնդիր, Հայ-թուրքական հարաբերություններ, Հայոց ցեղասպանություն, ՀՀ-ինտեգրացիոն գործընթացներ, հայրենիք-սփյուռք հարաբերություններ: Հատկանշական է, որ ներկայացվող վերլուծական տեղեկանքի նպատակը դաշինքի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերությունների մատչելի ներկայացում է, ուստի այս դաշինքի մեջ մտնող կուսակցունների ծրագրային հնարավոր տարբերությունները չեն դիտարկվել:

Ղարաբաղյան հակամարտություն

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դաշինքի կողմից դիտարկվում է որպես արտաքին քաղաքականության առաջնային գերակայություն: Այս դրույթն առաջինն է նախընտրական ծրագրի արտաքին քաղաքական բաժնում, ինչպես նաև առաջինն է նշվել նաև Նաիրա Զոհրաբյանի կողմից՝ դաշինքի արտաքին քաղաքական գերակայությունները թվարկելիս:

Կարգավորման գործընթացի վերաբերյալ ծրագրում ամրագրվում է երեք սկզբունք՝ «հակամարտության  կարգավորման գործընթացի վերջնական նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է», «Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով՝ փոխհամաձայնության և փոխզիջումների հիման վրա», «առանց ԼՂՀ մասնակցության նրա ճակատագիրը չի կարող որոշվել»: Հարցազրույցում առավելապես շեշտադրում է կատարվել առաջին երկու սկզբունքների վրա՝ նշվել է, որ «պիտի հստակորեն աշխատի հայկական դիվանագիտությունը, միջազգային կառույցներում մեր պատվիրակությունները և նաև սփյուռքյան մեր ներուժը․ այս եռամիասնությունը պիտի կարողանանք ճիշտ և գրագետ աշխատացնել ԼՂՀ միջազգային ճանաչման գործում և ամենակարևորը, որ պիտի գործադրենք առավելագույն ջանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բանակցությունների ձևաչափ վերադարձնելու համար»:

Հարցազրույցում Նաիրա Զոհրաբյանը հատուկ ուշադրություն է դարձրել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագհության հետ ակտիվ աշխատանքի անհրաժեշտությանը՝ դատապարտելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու և շատ դեպքերում հնչող ոչ օբյեկտիվ գնահատականներին: Միաժամանակ, նա շեշտել է, որ «Մինսկի խումբը միակ պրոֆեսիոնալ կառույցն է, որն ունի մանդատ և տիրապետում է բանակցային գործընթացի բոլոր նրբություններին»:

Հայ-թուրքական հարաբերություններ

«Մենք հանդես ենք գալիս Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատման օգտին՝ առանց նախապայմանների առաջադրման»,- ասված է դաշինքի նախընրական ծրագրում։

Հարցազրույցում Նաիրա Զոհրաբյանը հավելել է, որ «Եվրոպայի հետ փակ սահմանը 21-րդ դարում նոնսենս է, բայց Թուրքիան պիտի հետ կանգնի իր նախապայմաններից  Ղարաբաղի հարցում»` ընդգծելով, որ ցանկացած նախապայման անընդունելի է:

Հայոց ցեղասպանություն

Դաշինքը կարևորում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի շարունակականությունը:

«Հայաստան-Սփյուռք միասնությամբ պիտի կարողանանք Ցեղասպանության մեր արդար դատը ճիշտ և գրագետ ներկայացնել»,- ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը:

Ինտեգրացիոն գործընթացներ

Ռուսաստանի և Եվրամիության հետ հարաբերությունները դաշինքի արտաքին քաղաքական համապատասխանաբար երկրորդ և երրորդ գերակայություններն են: Այդ մասին ասել է Նաիրա Զոհրաբյանը: Մինչդեռ նախընտրական ծրագրում երկրորդը նշված է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտմանը հարցը: Դրան հաջորդում է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող դրույթը, ապա՝ եվրաինտեգրումը:

Դաշինքը կարևորում է և ՌԴ, և Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը: ««Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրում հստակ բալանսավորված է ՌԴ հետ հարաբերությունները՝ որպես ռազմավարական գործընկերոջ և ԵՄ հետ՝ որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի երկիր, արդար կառավարում կառուցելու խթան»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը:

Թե´ նախընտրական ծրագրում, թե´ հարցազրույցում երկու ուղղություններն էլ ընդգրկված են:

«Մենք հանդես ենք գալիս հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերությունների զարգացման և խորացման օգտին։ Շարունակելու ենք գործուն մասնակցություն ունենալ ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում։ Միաժամանակ  շարունակելու ենք կառուցողական մասնակցություն ունենալ եվրաինտեգրացիոն գործընթացներին»,- նշված է ծրագրում: Հարցազրույցում Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է ԵԱՏՄ-ում Հայաստանի էլ ավելի արդյունավետ լինելու անհրաժեշտությունը: Կարևորվում է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը:

ՌԴ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունները նրա կողմից դիտարկվում են որպես անվտանգության երկու բլոկեր՝ ռազմավարական հարաբերությունները ՌԴ-ի հետ, և ԵՄ-ի աջակցությամբ կոռուպցիայի դեմ պայքարն ու ազատությունների պաշտպանությունը:

Հայաստան-Սփյուռք

Հայաստան-Սփյուռք հարաբերությունները դաշինքի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքական բաժնի վերջին բաղադրիչն են: Դաշինքն առաջարկում է հնարավորություն ընձեռել Սփյուռքին ՀՀ դիվանագիտական կառույցների, Սփյուռքի ավանդական և այլ կազմակերպությունների առաջարկությամբ ՀՀ կառավարությունում հատուկ ծրագրեր հաստատել՝ հաշվի առնելով յուրաքանչյուր գաղթօջախի առանձնահատկությունները:

Նաիրա Զոհրաբյանը կարևորել է Սփյուռքի ներուժի, երիտասարդների տաղանդի և ընդունակությունների արդյունավետ օգտագործումը: «Ես քանիցս հանդիպել եմ այդպիսի երիտասարդների, ովքեր աշխատում են համաշխարհային կազմակերպություններում, ովքեր իրենց գեներով գիտակցում են իրենց հայ լինելը, սակայն չեն պատկերացնում՝ ինչպես կարող են օգտակար լինել Հայաստանին, որովհետև ոչ իրենց երկրներում ՀՀ դեսպանատները, ոչ էլ որևէ սփյուռքյան կառույց չի կարողանում ճիշտ և գրագետ օգտագործել այդ երիտասարդության ներուժը»,- ասել է նա:

Դաշինքի ծրագրում այլ արտաքին քաղաքական ուղղությունների անդրադարձ չկա: Հարցազրույցում խոսվել է նաև Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության, Մերձավոր Արևելքում Հայաստանի քաղաքականության վերաբերյալ: 

Ի՞նչ նորույթ է առաջարկում դաշինքը 

«Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածում որոշակի նորույթ պարունակող կամ քիչ շրջանառված թեզերից կարելի է առանձնացնել Սփյուռքին ՀՀ կառավարությանը ծրագրեր առաջարկելու հնարավորություն ընձեռելու առաջարկը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    20 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: