ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր խորհրդարանը կվարի բազմավեկտոր և հավասարակշռված արտաքին քաղաքականություն

Ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ՀՀ խորհրդարանում ներկայացված կլինի 4 ուժ, որոնք սահմանելու են երկրի առաջիկա 5 տարիների ներքին և արտաքին քաղաքական հիմնական գերակայություններն ու քայլեր են ձեռնարկելու դրանց ուղղությամբ: Հաշվի առնելով 2015թ-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունները՝ այս ընտրություններն ունեին առանձնահատուկ նշանակություն, քանզի նորընտիր խորհրդարանն արդեն իսկ կգործի կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող երկրում, որտեղ խորհրդարանի դերը կլինի էապես ավելի բարձր, քան նախկինում էր:

Իսկ ինչպիսի՞ արտաքին քաղաքական գիծ կորդեգրի նոր խորհրդարանը և արդյո՞ք պետք է ակնկալել էական փոփոխություններ:

Չնայած նախընտրական ծրագրերում այս կամ այն հարցի վերաբերյալ ունեցած ինչ-ինչ մոտեցումային տարբերություններին՝ խորհրդարան մտած բոլոր 4 ուժերն էլ կողմ են բազմավեկտոր և հավասարակշռված արտաքին քաղաքականությանը:

Ղարաբաղյան հակամարտության հետ կապված նոր խորհրդարանը կունենա միասնական մոտեցում՝ հակամարտությունը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով: Այնուամենայնիվ, երկրի և ընդհանրապես, ողջ հայության համար մեծ կարևորություն ունեցող այս հարցի վերաբերյալ 4 քաղաքական ուժերի մոտեցումներում էլ կան որոշակի տարբերություններ: Մասնավորապես ՀՅԴ-ն կարծում է, որ Արցախի անկախությունը մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է և ի վերջո Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ: Վերջինս ընդհանրապես չի անդրադառնում փոխզիջումներին: «Ելք» դաշինքն էլ հստակ նշում է, որ որևէ փոխզիջումային տարբերակի քննարկման պայման է Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու Ադրբեջանի հստակ պատրաստակամությունը: «Ծառուկյան» դաշինքն ընդգծում է, որ կարգավորման գործընթացի վերջնական նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է, իսկ կարգավորման գործընթացի հիմքում պետք է լինեն փոխհամաձայնությունը և փոխզիջումները: Հանրապետական կուսակցությունն էլ, ինչպես և նախկինում, համոզված է, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Արցախի բնակչության կողմից, իսկ բանակցությունները պետք է ընթանան ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում: Իհարկե, մոտեցումային այս տարբերություններն իրենց դրսևորումը կստանան Ղարաբաղյան հակամարտության հետ կապված ցանկացած հարցի քննարկման ժամանակ, սակայն չլինելով միմյանց հակասող, դրանք կարող են դառնալ փոխլրացնող:

Հայ-թուրքական հարաբերություններն ու Հայոց ցեղասպանության հարցերը նույնպես կլինեն նոր խորհրդարանի ուշադրության կենտրոնում, սակայն մոտեցումն ընդհանուր առմամբ կմնա անփոփոխ՝ հայ-թուրքական հարաբերությունների հաստատում առանց նախապայմանների և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում:

Ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ 4 ուժերից միայն «Ելք» դաշինքն է, որ համարում է Հայաստանի՝ ԵԱՏՄ ամդամակցությունը սխալ որոշում, սակայն, ըստ էության, չի դնում միությունից դուրս գալու պահանջ: Ինչ վերաբերում է մյուս 3 ուժերին, ապա վերջիններս կողմ են ինտեգրացիոն գործընթացների համադրմանը: Սա նշանակում է, որ Հայաստանը կշարունակի իր որդեգրած «և´-և´»-ի քաղաքականությունը, իսկ արևմտամետ «Ելք» դաշինքն էլ առավել հետևողական կլինի ԵՄ հետ հարաբերությունների ավելի խորացմանն ու զարգացմանը:

 Ինչ վերաբերում է առանձին երկրների հետ հարաբերություններին, ապա այս առումով  էական փոփոխություններ տեղի չեն ունենա: Հայաստանը կշարունակի խորացնել հարաբերություններն ուժային կենտրոնների հետ, զարգացնել համագործակցության շրջանակները հարևան Իրանի և Վրաստանի հետ, շարունակել Մերձավոր Արևելքում բարեկամ երկրների հետ երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ուղղված աշխատանքները: 

Այսպիսով, առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը կվարի հավասարակշռված և բազմավեկտոր քաղաքականություն: Իսկ այս քաղաքականությունն իսկապես կհաջողի, եթե խորհրդարանն աշխատի առավել համակարգված, գործեն խորհրդարանական դիվանագիտության ճկուն մեխանիզմներ, ինչպես նաև լինի հաշվետվողականության հստակ մեխանիզմ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: