ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մակրոնն ընդդեմ Լը Պենի. ինչպիսի՞ն կլինի Ֆրանսիան ընտրություններից հետո

theyeshivaworld.com

20Մայիսի 7-ին Ֆրանսիայում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որում նախագահի պաշտոնի համար կպայքարեն «Ազգային ճակատ» կուսակցության արդեն նախկին առաջնորդ Մարին Լը Պենը  և «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը: Ապրիլի 23-ին կայացած ընտրությունների առաջին փուլի արդյունքներում նրանք համապատասխանաբար ստացել են ընտրողների ձայների 21.53 և 23.75 տոկոսը:

 «Արմեդիա» ՏՎԳ-ն համեմատել է այս երկու թեկնածուների մոտեցումներն ու գաղափարներն ինչպես Ֆրանսիայի ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության վերաբերյալ:

ՄԱՐԻՆ ԼԸ ՊԵՆ

Ներքին քաղաքականություն 

Ֆրանսիայում վերջին տարիներին հաճախակի դարձած ահաբեկչական հարձակումների ֆոնին Մարին Լը Պենի նախընտրական ծրագրում մեծ տեղ է հատկացվում ազգային անվտանգությանը: Մասնավորապես Լը Պենը խոստանում է ընտրվելու դեպքում կտրուկ ավելացնել ոստիկանության և ժանդարմեայի թվակազմը, ընդլայնել ֆրանսիական հետախուզական ծառայությունների հնարավորությունները, մեծացնել ֆրանսիական զինուժի մարտունակությունը, ինչպես նաև ֆրանսիական դիվանագիտության գործողությունները համապատասխանեցնել զինված պայքարի նպատակների հետ: Լը Պենը իր ընտրողներին խոստանում է պաշտպանական ծախսերը ավելացնել ՀՆԱ-ի մինչև 3 տոկոսը:

Նա վերահաստատել է երկրում ռադիկալ իսլամական արժեքներ տարածող մշակութային կազմակերպություններն արգելելու, և նման քարոզչությամբ զբաղվող մզկիթները փակելու իր մտադրությունը:

Աջակողմյան քաղաքական գործիչը նախատեսում է նաև կրճատել պատգամավորների և սենատորների թիվը, չեղարկել աշխատանքի մասին 2016 թվականին ընդունված օրենքը, որով գործատուներին հնարավորություն էր տվում աշխատանքային շաբաթն ավելացնել մինչև 60 ժամ:

Մարին Լը Պենը դատապարտում է ներկայումս գործող կորպորատիվ հարկը՝ որպես «ճչացող անարդարության»: Նա պնդում է, որ խոշոր ձեռնարկությունները վճարում են կորպորատիվ հարկի միայն 8%-ն, մինչդեռ փոքր և միջին ձեռնարկությունները, արհեստավորներն ու խանութպաններն ամբողջությամբ վճարում են 33.33%-ը: Նա կողմնակից է ճկուն կորպորատիվ հարկի ներմուծմանը` կախված տարբեր գործոններից:

Ներգաղթ

Լը Պենը կողմ է արմատական ​​փոփոխությանը միգրացիոն քաղաքականության մեջ՝ ուղղված ապօրինի ներգաղթյալների ներհոսքի կտրուկ նվազեցմանը: Մասնավորապես նա պատրաստվում է ուժեղացնել սահմանային հսկողությունը և երկրից արտաքսել պոտեցիալ վտանգավոր իսլամիստներին:

 «Եվրոպան չի կարող ողջունել բոլորին: Իհարկե, լավ կլիներ, եթե կարողանայինք բոլոր միգրանտներին վերցնել մեր նավակը, բայց դա այդքան էլ մեծ ու տարողունակ չէ: Մենք բոլորս կխորտակվենք այդպիսով: Նման կերպ մի թշվառությանը մյուսը կավելացնենք»:

ԵՄ 

Մարին Լը Պենի նախընտրական կարևոր թեզերից է ԵՄ հետ հարաբերությունների վերանայումը: Մասնավորապես, նա մտադիր է կառույցում արմատական փոփոխությունների շուրջ բանակցություններ սկսել, այդ թվում նաև մյուս անդամ երկրների հետ, որից հետո ֆրանսիական հասարակությունը հանրաքվեի միջոցով կհայտնի ցանկանո՞ւմ է մնալ ԵՄ կազմում, թե՞ ոչ: Մարին Լը Պենը վստահ է, որ Եվրամիությունը հարվածել է Ֆրանսիայի ինքնիշխանությանը՝ խանգարելով ֆրանսիացիներին իրենք իրենց պաշտպանել: Նա նաև ընդգծում է տնտեսության վրա ԵՄ անդամակցության ունեցած բացասական ազդեցությունը՝ հայտարարելով, որ այն 9 մլրդ եվրոն, որն այժմ երկիրը տալիս է Եվրոպային, բավականին շատ բան կարող է անել Ֆրանսիայի համար: Լը Պենը հանդիսանում է եվրոյի հակառակորդ և առաջարկում է հրաժարվել ԵՄ միասնական արժույթից՝ վերադարձնելով նախկին ֆրանկը:

Ռուսաստան 

Լը Պենը մշտապես կոչ է անում Ռուսաստանի հետ հաստատել  արտոնյալ գործընկերություն: Ի դեպ, մարտի վերջին ՌԴ պետդումայի հրավերով Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ  նա խոստացել է չեղարկել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները և անձամբ Կրեմլում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բացի այդ նա բազմիցս աջակցություն է հայտնել ահաբեկչության դեմ Ռուսաստանի մղած պայքարին՝ շեշտելով, որ առանց Ռուսաստանի հետ այս հարցում համագործակցության չի հաջողվի հաղթել ահաբեկչությանը: Միևնույն ժամանակ նա վստահեցնում է, որ Ֆրանսիան իր նախագահության օրոք չի պատրաստվում հարմարվել Ռուսաստանի շահերին:

ԱՄՆ 

Չնայած Լը Պենը Դոնալդ Թրամփի հաղթանակը մեծ ոգևորությամբ է ընդունել, սակայն վերջին շրջանում իր հայտարարություններում հիմնականում անհամաձայնություն է հայտնում Թրամփի քաղաքականության հետ: Մասնավորապես Լը Պենին դուր չեն գալիս Թրամփի վարչակազմի կողմից այլ երկրների գործերին միջամտելու նախորդների քաղաքականության շարունակումը: Լը Պենը և նրա թիմը նաև հանդես եկավ Սիրիայում կառավարական ավիաբազայի հրթիռակոծության և Իդլիբում քիմիական հարձակման  ամերիկյան վաղաժամ գնահատականների խիստ քննադատությամբ:

 

ԷՄԱՆՈՒԵԼ ՄԱԿՐՈՆ

Ներքին քաղաքականություն

Էմանուել Մակրոնը ներքին քաղաքականությունում շեշտը դնում է հասարակության՝ աջերի և ձախերի երկփեղկվածության թուլացման վրա:

Ֆրանսիայում վերջի շրջանում տեղի ունեցող ահաբեկչությունների ֆոնին Մակրոնը ևս խոստանում է ուժեղացնել ոստիկանությունն ու պաշտպանական համակարգը, ավելացնել ռազմական բյուջեն և ուժայինների թվաքանակը, ինչպես նաև Գերմանիայի հետ ստեղծել համատեղ պաշտպանական համակարգ, որպեսզի Փարիզն այդ հարցում կախվածություն չունենա ՆԱՏՕ-ից կամ ԱՄՆ-ից:

Մակրոնը նաև խոստանում է մինչև 2020 թվականը կրճատել գործազրկությունը մինչև 7.7 տոկոս և ավելացնել նվազագույն կենսաթոշակները և հաշմանդամության թոշակները 100 եվրոյով:

Ներգաղթ

Մակրոնը, ի տարբերություն Լը Պենի, միգրանտների հանդեպ կտրուկ տրամադրված չէ: Այս կապակցությամբ իր թվիթերյան էջում թեկնածուն գրել էր, որ աջակցում է բոլոր նրանց, ովքեր փախչում են պատերազմներից և ակտիվ ռազմական գործողություններից: Նա նաև աջակցություն է հայտնել ԵՄ միգրացիոն քաղաքականությանը:

Նախագահ ընտրվելու դեպքում, այնուամենայիվ, որոշակի փոփոխությունները միգրացիոն քաղաքականությունում Մակրոնը նախատեսում է: Մասնավորապես առաջարկում է ընտրել «ում թողնել երկիր»՝ ավելացնելով տաղանդավոր և իրենց գործում պրոֆեսիոնալ մարդկանց տրվող մուտքի վիզաների քվոտաները, հեշտացնել ֆրանսիական աշխատաշուկային ուսանողների հասանելիությունը, բացի այդ քաղաքացիություն տալիս որպես չափանիշ ընդունել լեզվի և օրենքների իմացությունը, արժեքների ընդունելի լինելը: Անօրինական ներգաղթից պաշտպանվելու համար Մակրոնն առաջարկում է ամրացնել սահմանները:

Եվրամիություն

Մակրոնն ընդգծված եվրոպամետ թեկնածու է: Նա հանդես է գալիս ԵՄ ուժեղացնելու դիրքերից՝ այդ նպատակով առաջարկելով բարեփոխումներ իրականացնել կառույցում:

Մակրոնը խոստանում է կոշտ դիրքորոշում որդեգրել Brexit-ի շուրջ բանակցությունների ժամանակ: «Ես շատ կոշտ բանակցող կլինեմ, քանի որ մենք պետք է պահպանենք մնացած Եվրամիությունը», - հայտարարել է Մակրոնը:

Ռուսաստան

Չնայած էկոնոմիկայի նախարարի պաշտոնում գտնվելու ժամանակ Մակրոնը հանդես էր գալիս Ռուսաստանի դեմ սահմանված պաժամիջոցները չեղարկելու կոչերով, սակայն այժմ նրան դժվար է անվանել ռուսամետ թեկնածու: Մակրոնը արդեն հայտարարել է, որ «կստիպի» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հարգել իրեն, իսկ ՌԴ հետ խոսել պատրաստվում է միայն համաեվրոպական հիմունքներով:

Մակրոնի թիմը Ռուսաստանին բազմիցս մեղադրել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին միջամտելու, այդ թվում` իրենց կուսակցության կայքերը կիբեռհարձակումների ենթարկելու, ինչպես նաև Մակրոնի մասին ռուսական խոշոր լրատվամիջոցներում կեղծ տեղեկություններ տարածելու մեջ:

 ԱՄՆ

Մակրոնը թեև հստակ չի արտահայտվել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարցում, սակայն տարբեր հարցերի շուրջ նրա հայտարարություններից կարելի է ենթադրել, որ պատրաստվում է համագործակցել վերջինս հետ հատկապես Սիրիայում.  Մակրոնը բազմիցս հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է ակտիվացնի ԻՊ դեմ պայքարն ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի շրջանակներում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: