ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատերազմ գնալուց ամուսինս հարցրեց՝ կարո՞ղ ես առանց ինձ մեծացնել երեխաներին. Դոնարա Գաբրիելյան (ԲԱՑԱՌԻԿ)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ հարցազրույց Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի հետ Արցախյան պատերազմի ու կնոջ դերի մասին: Հարցազրույցն իրականացվել է «Լրատվամիջոցների և արվեստի միջոցով ընդգծելով կանանց դերը խաղաղաշինության և հակամարտության կարգավորման հարցում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի կողմից՝  Սևծովյան տարածաշրջանային համագործակցության հիմնադրամի աջակցությամբ:

- Ի՞նչ է պատերազմը Ձեր աչքերով:

- Դա ինչ-որ սարսափելի բան է: Երևի թե նման է բնական աղետի, զզվելի բնական աղետի, որից փախչել հնարավոր չէ: Հասկանո՞ւմ եք, հատկապես երբ կրակի մեջ քո երկիրն է, և նրան պետք է փրկել: Հենց այդ պահին դու չգիտես քեզ ինչպես պահել, քանի որ քո կողքին երեխաներ են, երեք փոքր երեխա, որոնց պատրաստ ես առնել քո մեջ, որպեսզի փրկես ռումբից: Երևի թե պատերազմից սարսափելի ոչինչ չկա՝ գուցե միայն բնական աղետը, որն, ըստ էության, նույն բանն է, ուղղակի այնտեղ բնությունն է քեզ պատժում, իսկ այստեղ մարդը մարդուն է ոչնչացնում ՝ չգիտես, թե ինչի համար:

Կցանկանայի, որ ոչ մի պատերազմ չլինի՝ ո՛չ ազատագրական, ո՛չ հայրենական, ո՛չ զավթողական: Աստված տա, որ մարդիկ սովորեն միմյանց հետ խոսել մարդկային, այլ ոչ թե զենքի լեզվով: Միևնույն է, վերջիվերջո նստելու ենք բանակցությունների սեղանի շուրջ և լուծման ենք հասնելու խաղաղ ճանապարհով, քանի որ պատերազմով ոչինչ չես լուծի:

- Իսկ ի՞նչ է խաղաղությունը:

-  Խաղաղությունը երջանկություն է: Այն ցանկություն է կառուցելու ընտանիք, երկրի վրա ստեղծելու բարիքներ, ծառայելու հայրենիքին այլ կերպ՝ ոչ թե զենքը ձեռքիդ, այլ՝ միգուցե գրիչով, բահով, օգտագործելով խելքը: Ուստի խաղաղությունը երջանկություն է: Մենք դա չենք հասկանում, քանի դեռ չենք անցնում պատերազմի ճանապարհով: Իսկ երբ խաղաղություն է հաստատվում և սկսում ես ստեղծել ինչ-որ բաներ, սկսում ես անհանգստանալ, որ նոր պատերազմ չսկսվի, որ այդ ամենը չկործանվի: Մենք արդեն անցել ենք ապրիլյան պատերազմի միջով և հասկացել ենք, որ մեկ վայրկյանում կարելի է ամեն ինչ կործանել, ինչը որ նոր էր վերականգնվել: Դրա համար աղոթում ենք Աստծուն, որ պատերազմ չլինի:

- Ո՞րն է կնոջ դերը պատերազմում:

- Հայ ժողովրդի պատմության մեջ կան բազմաթիվ օրինակներ, երբ կինը զենքը ձեռքին կանգնում է տղամարդու կողքին և պաշտպանում է իր հայրենիքը:

Սակայն կարծում եմ՝  հիմնականում կինը, մայրը թիկունքնում է պաշտպանում ամուսնուն, զինվորներին և հայրենիքը: Այսպիսի օրինակները պատմության մեջ ավելի շատ են, քան զինվոր կանանց օրինակները: Ամեն դեպքում կինը ստեղծված է երեխաներ ունենալու, ոչ թե սպանելու համար: Օջախը պաշտպանում է տղամարդը, իսկ կինը պետք է այնտեղ ջերմություն և հարմարավետություն ստեղծի, շարունակի սերունդը; Ինձ թվում է՝ սա է կնոջ նշանակությունը նույնիսկ պատերազմի տարիներին:

Մեզ մոտ պատերազմի տարիներին շատ ընտանիքներ են ստեղծվել, շատ կանայք են երեխաներ ունեցել, այնպես որ մեր ժողովուրդը պայքարող է: Մենք մեզ պաշտպանում էինք հենց նրանով, որ կարողանում էինք երգել ու պարել, լացել և ուրախանալ այդ տարիներին: Մենք՝ կանայք, նկուղներում այնքան հեքիաթներ ենք պատմել երեխաներին, միմյանց բազմասերիանոց ֆիլմեր ենք պատմել, մայրերն ու տատիկները միասին էին կերակուր պատրաստում, պահում երեխաներին և տարեց տղամարդկանց, ովքեր պատերազմ չէին գնացել: Պատերազմը լակմուսի թղթի նման է. շատ բան ես իմանում քո ժողովրդի, հարևանների, ընկերների, ընտանիքի, ամուսնուդ և ինքդ քո մասին:

- Որո՞նք էին այն դժվարությունները, որոնց Դուք և կանայք ընդհանրապես առնչվել են պատերազմի ժամանակ: 

- Պատկերացնո՞ւմ եք, ես չէի ասի, որ սննդի հայթհայթումը: Ում տանն ինչ կար, միասին իջեցրել էինք նկուղ, միասին պատրաստել, մենք միասին ենք ապրել, ուստի դա հեշտ է եղել: Հետաքրքիր է, որ երբ մենք որոշեցինք, որ բավական է մնալ նկուղում, Շուշին ազատագրել են, և բարձրանում ենք մեր տները, երեխաներն աղոթում էին, որ կրակոցներ լինեն, որոնք ոչ մեկին չեն վիրավորի և ոչինչ չեն քանդի, սակայն մենք կմնանք նկուղում:

Իսկ ամենադժվարը երեխային պաշտպանելն էր ռումբից: Ուզում ես, որ երեխադ քո մեջ լինի, ինչպես մինչև ծնվելը, քանի որ ամեն ինչ, ամեն տեղ վտանգավոր էր. ռումբերն ընկնում էին և՛ շենքի, և՛ նկուղի վրա:

Մենք բոլորս նույն ճակատագիրն ենք ունեցել: Բոլոր ղարաբաղցիները նույն ճակատագրով են ապրել, քանի որ կրակում էին ողջ Ղարաբաղի վրա, չի եղել առաջնագիծ և թիկունք, ամբողջն առաջնագիծ էր:

- Ո՞րն է կնջ դերը խաղաղության հաստատման գործում:

- Կնոջ դերն ահռելի է: Մենք մեր տները, մեր ընտանիքները շուտ վերադարձրինք խաղաղության հոգեբանությանը, որ աշխարհը բարի ու ջերմ է: Հետո, երբ վերադարձանք մեր աշխատանքին՝ դասանվանդելուն, նորմալ պայմաններ ստեղծեցինք, որ երեխաների համար հարմար լինի սովորելը, դասերի գալը, քննություններ հանձնելը:

-Որպես մանկավարժ խաղաղության հաստատման ճանապարհին երեխաններին ուղղված  ձեր հիմնական  խորհուրդը ո՞րն է:

- Պետք է լավ սովորել, լինել լավ մասնագետ և ստեղծել պետություն, որը կլինի հարուստ և ուժեղ: Պետք է ընտրել ոչ թե այն մասնագիտությունները, որոնք համարվում են «հարգի», այլ նրանք, որոնք քո երկրին պետք են: Սա այն գլխավորն է, որ մենք ցանկանում ենք հասցնել մեր երիտասարդությանը:

Եվ, իհարկե, պետք է սիրել հայրենիքը, բայց ոչ թե արցունքն աչքերին, բավական է, որքան հայերը լացել են, պետք է հպարտանալ քո ժողովրդով, քո որդիներով, քանի որ մեր ժողովուրդն արժանի է, որ իրենով հպարտանան:

 - Կպատմե՞ք Ձեր ընտանիքի պատմությունը:

- Ամուսնուս հետ ծանոթացել եմ Արցախում՝ քրոջս նշանադրության ժամանակ, նրա ապագա ամուսնու ընկերն էր: Մի տարի հետո ամուսնացել ենք: Նա ապրում էր Ուզբեկստանում, ասում էր, որ գնամ իր մոտ, սակայն ասացի, որ ավելի լավ է ինքը գա, ծնողները տեղացի էին: Հետո մտածում էի, որ պետք չէր նրան բերել այստեղ, միգուցե նա մինչ օրս ողջ լիներ:

Սակայն կարծում եմ, որ նա երջանիկ էր, որ ծնողների կողքին էր, տանը: Ամուսինս չորս եղբայր ուներ, երեքը գնացել են պատերազմ (մեկը Երևանում էր ապրում): Նրանք վիրավորվել են, իսկ ինքը՝ մահացել: Ամուսնուս եղբայրը կանգնած է եղել պարտիզանական ջոկատների ստեղծման ակունքներում:

Եղբայրները չէին թողնում, որ նա գնա կռիվ, ասում էին, որ պետք է տանը մնա, և եթե իրենց հետ ինչ-որ բան պատահի, նա պետք է ոտքի կանգնեցնի նրանց բոլորի ընտանիքները և պահի ծնողներին: Մի երկու ամիս անցավ, հարցրեց. «Կարո՞ղ ես առանց ինձ մեծացնել երեխաներին, ես չեմ կարողանում տանը նստել, դու պետք է ինձ թողնես»: Ասեցի. «Իհարկե, եթե ոչ դու, ապա՝ ո՞վ»: Մենք մտածում էինք, որ եթե մեր ճակատագրում ինչ-որ բան պետք է տեղի ունենա, կունենա. կարելի է մահանալ նկուղում, փողոցում և կարելի է մահանալ պատերազմում:

Ամուսինս ոչ մի կրակոց չի արձակել, նա եղել է փրկարարական, սանիտարական ծառայություններից: Նա շատ տղաների է փրկել, շատերի դիակներ է դուրս բերել: Շատ էր նիհարել. երևի այդ ամենը տեսնելուց, կամ էլ ուտելու բան չլինելու պատճառով:

Մահացել է, երբ տղաներին տանկի համար վառելիք էր տեղափոխում մի կետից մյուսը: Մինչև հիմա չգիտենք, ռումբ է ընկել մեքենայի վրա, թե ական է պայթել: Նա լուրջ այրվածքներ էր ստացել, մարմնի 70 տոկոսն այրված էր, սակայն դուրս է եկել մեքենայից, անցնող մեքենայից օգնություն է խնդրել, նրան հիվանդանոց են տեղափոխել, հետո ինձ են կանչել:

Ես եկա ու չճանաչեցի նրան, անցա կողքով, նա ամբողջությամբ այրված էր, ձեռքերը վիրակապված էին, քանի որ մեքենայի ապակին ձեռքով էր ջարդել դուրս գալու համար: Կողքով անցնելիս նա ինձ ձայն տվեց, շրջվեցի, տեսա, ծնկի իջա, իսկ նա ինձ ասաց. «Հանգիստ, ամեն ինչ լավ է, ես ինձ լավ եմ զգում, մի՛ անհանգստացիր»: Ես միանգամից հավաքվեցի: Նրան հետո տեղափոխեցին Երևան: Բժիշկները գիտեին, որ նա չի ապրելու, սակայն ինձ ոչ ոք ոչինչ չասաց:

Մտածում էինք Շուշին ազատագրեցին, պատերազմն ավարտվեց, սակայն ՝ պատերազմը նոր էր սկսում:

Ամուսնուս հուղարկավորությունից հետո գնացի դասախոսություն կարդալու, երեխաները նստած են, բայց ինձ համար շատ դժվար էր խոսել, անընդհատ ուզում եմ լացել, բայց չի կարելի չէ՞, դու դասավանդում ես: Ինձ այս ամենը հաղթահարելու համար ուժ տվեցին երեխաները: Մայրս տանը կնոջ պարտականություններն էր կատարում, իսկ ես՝ տղամարդու: Աշխատել եմ երեք-չորս տեղ երեխաներին ոտքի կանգնեցնելու համար:

Իմ հայրն ու սկեսրայրը կռվել են Խորհրդային միության համար, իսկ մենք՝ Ղարաբաղի համար:

- Իսկ մարդիկ իրար օգնո՞ւմ էին այդ տարիներին:

- Անպայման, բայց ստացվում էր այնպես, որ հիմնականում ես էի օգնում, քանի որ ֆինանսական օգնություն էի ստանում (ավագ եղբայրս էր օգնում): Բարոյապես էլ ես էի օգնում: Ես լավատես եմ, հավատում եմ պայծառ, լուսավոր ապագային, և այն անպայման գալիս է: Միշտ ասում էին, որ հիմար լավատեսություն ունես, սակայն պարզվեց, որ իրենք հիմար հոռետեսություն ունեն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: