ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սուրեն Ավետիսյանը գիտեր` առանց միջազգային դոնորների ներգրավման Սպիտակը հնարավոր չէր լինի վերակառուցել

1988թ-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո Սպիտակն այսօր կանգուն է: Շատ քիչ բան է հիշեցնում փլատակների տակ հայտնված քաղաքի մասին՝ չնայած նրան, որ երկրաշարժից տուժած մարդկանց բնակարանային հարցերը մինչ օրս ամբողջովին լուծված չեն:

Քաղաքի վերակառուցումը սկսվեց 1996թ-ից, երբ Սպիտակի քաղաքապետ ընտրվեց Սուրեն Ավետիսյանը. մարդ, ում հետ սպիտակցիները մեծ հույսեր էին կապում, ով իր առաքելությունն էր համարում փլատակների տակից հանել Սպիտակն ու դարձնել զարգացած ու երկրում կարևոր նշանակություն ունեցող քաղաք: Սուրենն ասում էր. «Սպիտակը դարձնելու եմ Հայաստանի Փարիզը»:

Սկսած աշխատանքների թափն ու տեմպը Սուրենի խոսքերի նկատմամբ ոչ մի կասկած չէին հարուցում: Երեք տարվա ընթացքում հսկայական շինարարական աշխատանքներ իրականացվեցին՝ այսօրվա քաղաքի կառուցումների 30-40%-ը, իսկ նրա կողմից ձեռնարկված նախագծերի մի մեծ մասի շինարարությունն էլ շարունակվեց հետագա տարիներին:

Արդեն 1999թ-ին Սպիտակում գործում էր «Հացամթերքների» կոմբինատը, կարի ֆաբրիկան, որը կարում էր հիմնականում ՊՆ և ԱՄՆ «Ամերեքս» ֆիրմայի պատվերով: Ֆաբրիկան պայմանագրեր ուներ նաև Բելգիայի «Լիզատեքս» և Նիդերլանդների «Էրմենի» կազմակերպությունների հետ: Հենց 1999թ-ին Սպիտակում բացվեց ոսկու գործարանի մասնաճյուղ, որտեղ աշխատանքի ընդունվեցին 120 հաշմանդամներ: Գործարանը համագործակցում էր ԱՄՆ-ի և Իսրայելի գործարանների հետ: Ոչ լիարժեք, սակայն գործում էր նաև վերելակների գործարանը, որի սարքավորումների նորոգման հարցերի հետ կապված արդեն իսկ աշխատանքներ էին սկսվել:  

Քաղաքի վերակառուցումն ու նման հսկայածավալ աշխատանքների իրականացումը, բնականաբար, հնարավոր չէր լինի իրականացնել միայն երկրի միջոցներով: Անհրաժեշտ էր ներգրավել միջազգային դոնորների, կապեր հաստատել տարբեր երկրների, միջազգային ֆոնդերի հետ:

Այս ուղղությամբ առաջին քայլը եղավ 1996թ-ին «Սպիտակ» հիմնադրամի ստեղծումը, որին հանգանակություն էին անում արտասահմանում բնակվող սպիտակցի գործարարները: Այնուհետև սկսեց միջազգային կապերի ընդլայնումը: Վերակառուցման աշխատանքներին սկսեցին իրնեց օժանդակությունը ցուցաբերել ԱՄՆ-ի Թաուզանդ Օքս քույր քաղաքը, ԱՄՆ «Ագապե» կազմակերպությունը, Ֆրանսիայի «Հույս Հայաստանի» կազմակերպությունը և մի շարք այլ երկրների կազմակերպություններ:

 

Նախատեսվում էր նաև Ճապոնիայի հետ սերտ համագործակցություն, որի վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ էին ձեռք բերվել 1998թ-ին Ճապոնիա կատարած այցի ժամանակ: Ճապոնիայի ֆուկույի քաղաքում Սուրեն Ավետիսյանը մասնակցեց «Աշխարհի քաղաքային երկրաշարժեր» կոնֆերանսին, որին մասնակցում էին 13 երկրների քաղաքների ղեկավարներ: Այցի ժամանակ կնքվել էր համաձայնագիր՝ փոխօգնության ֆոնդ ստեղծելու վերաբերյալ:

Ճապոնիայի և շատ այլ երկրների հետ համագործակցությունն, անկասկած, էլ ավելի կընդլայնվեր, եթե չլիներ 1999թ-ի հոկտեմբերի 26-ը…

 

«Մի ներդաշնակ միություն էր ստեղծվել «Ժիա»-ի և Սպիտակ քաղաքի միջև՝ նախանձելի կապ դոնորի և շահառուի միջև: Սուրենն իսկապես հայրենասեր էր: Թողած իր հանգիստն ու այլ նախասիրությունները՝ օրնիբուն աշխատում էր, Սպիտակի ապագա կառուցման ծրագրերը կազմում: Ոչ միայն  հանրապետությունում, այլև արտերկրում էր հնչում նրա համբավը՝ որպես գործը հստակ իմացող, գործը մինչև վերջ հասկացող անձ… Իզուր չէ, որ Սպիտակը նրա մահն անվանեց երկրորդ երկրաշարժ», - Սուրեն Ավետիսյանի մասին գրված «Գործս մնա հիշատակող…» գրքում ասել է ճարտարապետ, այն ժամանակ ֆրանսիական «Ժիա» կազմակերպության երևանյան մասնաճյուղի տնօրեն Աշոտ Մանասարյանը: 

Այսօր՝ հուլիսի 15-ին, Սուրեն Ավետիսյանը կդառնար 54 տարեկան: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: