ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջազգային արձագանքը Մյանմայում տիրող իրավիճակին

100posto

ՄԱԿ-ը Մյանմայում տեղի ունեցող բռնությունները որակել է մարդկության դեմ ուղղված հանցագործություն: 2017 թ. հոկտեմբերի 4-ին ՄԱԿ-ը կոչ է արել անմիջապես դադարեցնել Ռոհինջայի դեմ բռնությունները և սկսել հանցագործությունների հետաքննությունը, հաղորդում է Anadolu գործակալությունը:

«Մենք հատկապես մտահոգված ենք կանանց և երեխաների ճակատագրով, որոնց իրավունքները խախտվում են Մյանմայում: Նրանց սպանում են, բռնաբարում և վտարում են: Այս իրադարձությունները կարող են որակվել որպես մարդկության դեմ հանցագործություն», - ասվում է իրավապաշտպանների հայտարարության մեջ:

Հարցին անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ հայտարարելով, որ անհրաժեշտ է պայմաններ ապահովել Ռոհինջայի փախստականների վերադարձի համար, որոնք վերջին ամիսներին երկրում բռնության պատճառով փախել են Մյանմայից:

«Ես խնդրում եմ Անվտանգության խորհրդի անդամներին օգնել բոլոր նրանց, ովքեր փախել են Բանգլադեշ, աջակցել օգտվել իրենց անվտանգ և արժանապատիվ  տուն վերադառնալու իրավունքից», - ասել է Գուտերեշը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Մյանմայում ընթացող էթնիկ հակամարտության վերաբերյալ իր մտահոգությունն են հայտնել նաև մի շարք երկրներ, որոնցից Ռուսաստանի Դաշնությունը կոչ է արել բոլոր կողմերին դրսևորել զսպվածություն: ՌԴ-ն հարցի լուծումը տեսնում է միայն  քաղաքական երկխոսության ճանապարհով՝ առանց մարդու իրավունքների խախտման, հայտարարել է Վ. Պուտինը:

Խնդրո առարկա հարցին իր աջակցությունն է հայտնել նաև ՌԴ միավոր հանդիսացող Չեչնիան: Նա մոտ 800 հազար դոլար օգնություն կուղարկի Ռոհինջային: Ախմատ Կադիրովի անվան բարեգործական հիմնադրամը արդեն գնել է հագուստ, գորգեր, սննդամթերք և շինանյութեր: Դրանով Չեչնիայի օգնությունը չի սահմանափակվի: Բարեգործական հիմնադրամը 2018թ. ևս օգնություն կցուցաբերի: Ինչպես հաղորդում է Ռեգնում գործակալությունը, Չեչնիայի նախագահը նշել է, որ Մյանմայում շարունակվող ցեղասպանությանը հանրահավաքներով հնարավոր չէ օգնել, անհրաժեշտ է  իրատեսական մասնակցություն: 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս հայտարարել է, որ Թուրքիան 11 մլն տոննա մարդասիրական օգնություն կցուցաբերի Մյանմային: Նա նաև նշել է, որ շուրջ 30 տարբեր երկրների ղեկավարների հետ ուսումնասիրել է Մյանմայում տիրող իրավիճակը և մտահոգություն է հայտնել երկրում տիրող իրավիճակի զարգացման վերաբերյալ:

Չինաստանի ԱԳՆ-ն էլ իր հերթին կառավարության աջակցությունն է առաջարկել Մյանմային: «Չինաստանը դեմ է Մյանմայի բռնություններին և կարծում է, որ միջազգային հանրությունը կարող է կառուցողական դեր կատարել հարցի լուծման մեջ»: Այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի խոսնակ Լու Քանթը` մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից կոչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին`միջամտելու հակամարտության կարգավորմանը:

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հանդես էր եկել հայտարարությամբ, որ Վաշինգտոնը կոչ է անում ԱԽ-ին և ՄԱԿ-ին ձեռնարկել կոշտ և արագ գործողություններ՝ ճգնաժամն ավարտելու ուղղությամբ, գրում է Ռիա Նովոստին:

Ինչ վերաբերում է Մյանմայի իշխանությունների դիրքորոշմանը, ապա Մյանմայի դե ֆակտո առաջնորդ Աունգ Սան Սու Չժին, ով Նոբելյան մրցանակի դափնեկիր է, Ռոհինջայի հարյուր հազարավոր ներկայացուցիչներին, ովքեր հալածանքների պատճառով ստիպված են եղել լքել Ռաքհայն նահանգը,  վստահեցրել է, որ կարող են վերադառնալ, հաղորդում է The Independent-ը հղում տալով Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին:

«Բանգլադեշի հետ սահմանից այն կողմ մի քանի հարյուր հարյուր հազար ռոհինջա կա», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի Ասիայի հարցերով նախարար Մարկ Դալլանը, որը վերջերս հանդիպել է Աուն Սան Սու Չժիի հետ Մյանմայի մայրաքաղաք Նեյպիդոյում՝ ընդգծելով, որ այժմ գլխավոր հարցը այն է, թե քանի ռոհինջա բավարար հիմք կհամարի Նոբելյան մրցանակի դափնեկիրի խոստումը ու կվերադառնա:

Նշենք, որ Նորվեգիայի Նոբելյան մրցանակի կոմիտեի նախագահ Բերիթ Ռայս-Անդերսենը հայտարարել է, որ Կանոնադրությունը թույլ չի տալիս զրկել Աուն Սան Սու Չժիին Նոբելյան մրցանակից, չնայած այն բուռն քննադատությանը, որը արվել է  մահմեդականների նկատմամբ ստեղծված իրավիճակի հետ կապված,:
«Սա հակասում է մեր կանոնադրությանը: Մենք հաղթող ենք ճանաչում այն բանի համար, թե ինչ է այդ անձը կամ կազմակերպությունը արել հենց մրցանակը ստանալու պահին», ասվում է կոմիտեի հայտարարության մեջ:

Ավելի քան 300 հազար մարդ արդեն ստորագրել է խնդրագիր՝ պահանջելով Նոբելյան կոմիտեից չեղյալ հայտարարել 1991 թվականին դեմոկրատական ակտիվության համար Սու Չժիին տրված մրցանակը:

Նոբելյան մրցանակի կոմիտեի ղեկավարը շեշտել է, որ Ռոհինջայի հետ կապված իրավիճակը մտահոգիչ է, և նման դեպքերում Նոբելյան մրցանակի դափնեկիրի գործողությունները կարող են ազդել մրցանակի հեղինակության վրա, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: