ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունները ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (Տեղեկանք)

Եվրամիության կողմից օրերս հրապարակվեց Հայաստանի հետ նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Հայաստանի Հանրապետության միջև` մյուս կողմից», որի վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկայում:  «Արմեդիա» ՏՎԳ-ն  ներկայացնում է տեղեկանքների շարք համաձայնագրում տեղ գտած ամենակարևոր և հանրային հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ:

Հետագայում, ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունները, անդրադարձ կկատարվի նաև այն հարցերին, որոնք այս շարքում ներառված չեն:  

 

Արտաքին քաղաքականության հարցերին Համաձայնգրում անդրադարձ է կատարվում փաստաթղթի նախաբանում, Մաս II-ում՝ Հոդված 3-11:  Ընդհանուր ծավալը՝ մոտավորապես 11 էջ:

 Ղարաբաղյան հիմնախնդիր

 Ղարաբաղյան հիմնախնդրին Համաձայնագրի տեքստում անդրադարձ կատարվում է նախաբանում: Դրանում հղում է կատարվում հակամարտության խաղաղ կարգավորման Հայաստանի հանձնառությանը, Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքներին, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին ԵՄ աջակցությանը:

 Համաձայնագրում ասված է. «ԸՆԴՈՒՆԵԼՈՎ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարատև կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների և սկզբունքների, որոնք առնչվում են սպառնալիքից կամ ուժի կիրառումից խուսափելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը և անձանց հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը և արտացոլված են ԵԱՀԿ 2008 թվականի նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընդունված բոլոր հռչակագրերում. հաշվի առնելով նաև կարգավորման այս գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության հաստատված հանձնառությունը»:

 Բացի այդ, «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ. ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» գլխի Հոդված 3-ում ամրագրվում է, որ ՀՀ և ԵՄ միջև քաղաքական երկխոսությունը պետք է նպատակ հետապնդի. «թ) խթանել հակամարտությունների խաղաղ կարգավորումը, ժ)խթանել ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված դրա նպատակներն ու սկզբունքները և մասնակից պետությունների միջև հարաբերություններն ուղղորդող սկզբունքները՝ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված կարգով»:

 Հոդված 8-ում նաև նշվում է, որ «Կողմերն ընդգծում են հակամարտությունների խաղաղ կարգավորման համար համաձայնեցված առկա ձևաչափերի կարևորությունը»՝ այդ կերպ ամրագրելով հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո իրականացվող միջնորդությանը:

 Հայ-թուրքական հարաբերություններ

 Հայ-թուրքական հարաբերություններին ուղղակի անդրադարձ չի կատարվում, սակայն Հոդված 3-ում նշվում է, որ ՀՀ և ԵՄ միջև քաղաքական երկխոսությունը պետք է նպատակ հետապնդի. « ժա) խթանել տարածաշրջանային համագործակցությունը, զարգացնել բարիդրացիական հարաբերությունները և բարձրացնել տարածաշրջանային անվտանգության մակարդակը, այդ թվում՝ տարածաշրջանային առևտուրը և միջսահմանային տեղաշարժը խթանելու համար սահմանները բացելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելով»:

 Հոդված 8-ում առկա է նման ձևակերպում, որն առնչվում է ինչպես հայ-թուրքական հարաբերություններին, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտությանը. «Հետագա տարածաշրջանային համագործակցության պայմանները բարելավելու համար Կողմերը պետք է ակտիվացնեն իրենց համատեղ ջանքերը՝ խթանելով անդրսահմանային տեղաշարժով բաց սահմանների առկայությունը, բարիդրացիական հարաբերությունները և ժողովրդավարական զարգացումը՝ այդպիսով նպաստելով կայունությանը և անվտանգությանը, ինչպես նաև պետք է աշխատեն հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ»:

 Հայոց ցեղասպանություն

 Հայոց ցեղասպանության հարցն ուղղակիորեն փաստաթղթում արտացոլված չէ, բայց Հոդված 6-ում նշվում է, որ «Կողմերը համաձայնում են սերտորեն համագործակցել ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների կանխարգելման շուրջ` օգտվելով համապատասխան երկկողմ և բազմակողմ շրջանակներից»:

Համագործակցություն արտաքին քաղաքականության հարցերում

Արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերում նպատակ չի սահմանվում մոտեցումների համաձայնեցումը, այլ շեշտը դրվում է այդ հարցերում համագործակցության ամրապնդման և արդյունավետության բարձրացման վրա: «Հետագայում պետք է Կողմերի միջև սկսվի և ամրապնդվի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների, այդ թվում` արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի, ինչպես նաև ներքին բարեփոխումների շուրջ քաղաքական երկխոսություն: Այդ երկխոսությամբ կբարձրացվի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի շուրջ քաղաքական համագործակցության արդյունավետությունը` ընդունելով Հայաստանի Հանրապետության կողմից՝ միջազգային կազմակերպություններում և համագործակցության ձևաչափերում իր մասնակցությանը և դրանից բխող իր առկա պարտավորություններին տրվող կարևորությունը»,- նշված է Հոդված 3-ում:

 Կարևորվում է ոչ միայն ԵՄ հետ երկկողմ համագործակցությունը, այլև փոխգործակցությունը միջազգային և տարածաշրջանային հարթակներում: Հոդված 5-ում նշվում է, որ «Կողմերը պետք է ակտիվացնեն արտաքին և անվտանգության քաղաքականության, այդ թվում` ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության ոլորտում իրենց երկխոսությունը և համագործակցությունը` ընդունելով Հայաստանի Հանրապետության կողմից՝ միջազգային կազմակերպություններում և համագործակցության ձևաչափերում իր մասնակցությանը և դրանից բխող իր առկա պարտավորություններին տրվող կարևորությունը»: Նաև նշվում է, որ «Համագործակցությունը պետք է հիմնված լինի ընդհանուր արժեքների և փոխադարձ հետաքրքրությունների վրա և պետք է ուղղված լինի դրա արդյունավետության բարձրացմանը՝ օգտվելով երկկողմ, միջազգային և տարածաշրջանային հարթակներից, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ի»:

ԱՅԼ

Քաղաքական և անվտանգության ոլորտում համագործակցության գլխում անդրադարձ է կատարվում նաև Զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման և զինաթափման ոլորտում համագործակցությանը, Փոքր տրամաչափի զինատեսակների և թեթև զենքերի ու սովորական զենքի արտահանման նկատմամբ վերահսկողությանը:

 Առանձին հոդվածով անդրադարձ է կատարվում ահաբեկչության դեմ պայքարին: «Կողմերը վերահաստատում են ահաբեկչության դեմ պայքարի և դրա կանխարգելման կարևորությունը և համաձայնում են միասին աշխատել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակով՝ ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով կանխարգելելու և դրա դեմ պայքարելու համար»,- ասված է Հոդված 11-ում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: