ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի ամփոփիչ հռչակագիրն ու անդրադարձը Հայաստանին (համեմատական վերլուծություն)

president.am

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթաժողովի արդյունքում ընդունվեց Համատեղ հռչակագիր, որն ամփոփեց նախորդ երկու տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումներն ու սահմանեց հարաբերությունների հետագա զարգացման ուղենիշերը:

Ստորև կառանձնացնենք Հայաստանին և հայկական շահերին ուղղակիորեն առնչվող հատվածները (առավելապես նրանք, որտեղ Հայաստանն ուղղակիորեն հիշատակվում է)՝ համադրելով դրանք նախորդ՝ Ռիգայի գագաթաժողովի հռչակագրի հետ (2015թ.):

 

Ղարաբաղյան հակամարտություն

Ղարաբաղյան հակամարտությանը փաստաթղթում ուղղակի անդրադարձ չի կատարվում: Հռչակագրում ներկայացված է ընդհանուր մոտեցում հակամարտությունների կարգավորմանը, որտեղ նշվում է վստահության կառուցման և խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ողջունելով ԵՄ աջակցությունը բանակցային առկա ձևաչափերին: «Գագաթաժողովի մասնակիցները խորապես մտահոգված են  տարածաշրջանի շատ հատվածներում միջազգային օրենքի սկզբունքների շարունակվող խախտումներով: Գագաթաժողովի մասնակիցները կոչ են անում նոր ջանքեր գործադրել՝ խթանելու տարածաշրջանի չկարգավորված հակամարտությունների խաղաղ կարգավորումը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի վրա: Հակամարտությունների կարգավորումը, վստահության կառուցումը և բարիդրացիական հարաբերություններն էական են տնտեսական և սոցիալական զարգացման և համագործակցության համար: Գագաթաժողովի մասնակիցները ողջունում են գործադրվող ջանքերն ու ԵՄ աճող դերակատարումը կամ աջակցությունը առկա ձևաչափերի ներքո հակամարտությունների կարգավորման և վստահության կառուցման հարցում՝ ներառյալ տեղում ներկայության տեսքով, երբ անհրաժեշտ է»:

Ղարաբաղյան հակամարտության համատեքստում այս ձևակերպման մեջ կարևոր է առկա ձևաչափերի ներքո խաղաղ կարգավորման և վստահության կառուցման խթանման վերաբերյալ շեշտադրումը։ Բացի այդ, տեղում ԵՄ առկայության և դերակատարման ընդգծումը կարող է «օգտագործվել» Արցախ-ում հումանիտար մի շարք հարցերով ԵՄ ուղղակի աշխատանքի անհրաժեշտության վրա ուշադրություն հրավիրելու տեսանկյունից:

Նշենք, որ Ռիգայի համաժողովի ամփոփիչ եզրակացությունն ուղղակիորեն անդրադարձել էր Ղարաբաղյան հակամարտությանը՝ «վերահաստատելով աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ միջնորդական ջանքերին՝ այդ թվում նախագահների մակարդակով և  2009-ից հետո նրանց հայտարարություններին»: Դրանով ԵՄ-ն ուղղակիորեն աջակցություն էր հայտնում Հելսինկյան Եզրափակիչ ակտի երեք սկզբունքներին՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք, ինչպես նաև գաղտանազերծված «մադրիդյան» 6 սկզբունքներին:

Չնայած ներկայիս փաստաթուղթը զերծ է մնում ուղղակիորեն Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ այս ձևակերպումների կրկնումից, դրանք ամրագրված են նոյեմբերի 24-ին նույն ԱլԳ գագաթաժողովի շրջանակներում ՀՀ և ԵՄ միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում: Տես՝ ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունները ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (Տեղեկանք)։

 

ՀՀ-ԵՄ համաձայնագիր

 Բրյուսելյան հռչակագիրը ողջունում է Հայաստանի և Եվրամիության միջև Գագաթաժողովի շրջանակներում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքումը: Նույն համաձայնագրում նաև վերահաստատվում է «յուրաքանչյուր գործընկեր երկրի սուվերեն իրավունքն ընտրել ԵՄ հետ իր հարաբերությունների ամբիցիաների մակարդակն ու նպատակները»: Իսկ դա նշանակում է, որ ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ խորացնել համագործակցությունը:

 Ռիգայի հռչակագրում մասնակիցները ողջունել էին Եվրամիության և Հայաստանի միջև ապագա համաձայնագրի շրջանակի վերաբերյալ ձեռք բերված ընդհանուր մոտեցումը՝ ուղղված «ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը զարգացնելուն և ամրապնդելուն»:

 

Ազատ երկնքի քաղաքականություն

Բրյուսելում ընդունված հռչակագիրն աջակցություն է հայտնում Հայաստանի հետ Ազատ Ավիացիայի համաձայնագրի շուրջ բանակցություններն արագ ավարտին հասցնելուն։ Մինչդեռ, նախորդ գագաթաժողովի ամփոփիչ եզրակացությունը հույս էր հայտնում, որ Հայաստանի հետ առաջին իսկ հնարավորության դեպքում կմեկնարկեն բանակցություններն այդ համաձայնագրի շուրջ։

Դա նշանակում է, որ բանակցություններն արդյունավետ առաջ են ընթացել, և այժմ Հայաստանը մոտ է համաձայնագրի կնքմանը, ինչն ԱլԳ երկրների և ԵՄ միջև հաղորդակցության ուղիների ընդլայնման և ամրապնդման մաս է կազմում ։

 

Վիզաների ազատականացում

Բրյուսելի հռչակագրում նշվում է, որ «ԵՄ-ն հույս ունի ամրապնդել համագործակցությունը և հետագա առաջընթացը շարժունակության ոլորտում անվտանգ և լավ կառավարման մթնոլորտում և հասնել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին, որի համար պայման պետք է լինի լավ կառավարվող և անվտանգ շարժունակության առկայությունը՝ ներառյալ վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի կատարումը Կողմերի միջև»։

Ռիգայի հռչակագրով ԵՄ-ն ողջունում էր Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի կատարման առաջընթացը, և գրեթե նույն ձևակարպմամբ կրկնում հույսը, որ մոտ ապագայում Հայաստանի հետ կմեկնարկի վիզաների ազատականացման երկխոսությունը՝ «ակնկալում են ապագայում` պատշաճ ժամանակ, Հայաստանի հետ քննարկել վիզայի վերաբերյալ երկխոսության մեկնարկը, այն դեպքում, եթե Հայաստանը շարունակի ապահովել կայուն առաջընթաց Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի իրականացման հարցում»։

Հիշեցնենք, որ Հայաստանի Արտաքին գործերի նախարարը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկին։

 

Համագործակցություն առևտրի ոլորտում

 Բրյուսելի հռչակագրում ամրագրվում է ԵՄ հաստատակամությունը զարգացնել առևտրային հարաբերությունները գործընկեր երկրների հետ։ ԵՄ-ն ողջունում է Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի իրականացումը, և ընդգծում, որ դիֆերենցված ուղով ԵՄ-ն շարունակելու է համատեղ քննարկել գործընկեր երկրներից յուրաքանչյուրի, այդ թվում՝ Հայաստանի հետ առտրի ամրապնդման գրավիչ և իրատեսական հնարավորությունները։ Կարևորվում է ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումների խթանումը, միջազգային ստանդարտների կիրառումը և այլն։

Ռիգայի հռչակագրում պարզապես նշվում էր, որ գագաթաժողովի մասնակիցները ողջունում են Հայաստանի և ԵՄ-ի միջև ապագա համաձայնագրի ձեռք բերման կարևորումը, որ «կանդրադառնան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցության զարգացմանն ու խորացմանը»։

Սա ցույց է տալիս, որ եթե 2015թ․-ին ԵՄ-ն համոզված չէր, որ Հայաստանի հետ կարող է զարգացնել ու խորացնել առևտրային հարաբերությունները, ապա այս երկու տարիների ընթացքում տեղի ունեցած բանակցություններն ու կատարված աշխատանքը ցույց են տվել, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը չի խոչընդոտում ԵՄ հետ առևտրային և տնտեսական հարաբերությունների զարգացմանը։

 

Ամփոփելով կարող ենք նշել, որ չնայած որոշ հարցերում Բրյուսելի հռչակագրի համար ընտրվել են առավել ընդհանրական և կոմպրոմիսային ձևակերպումներ՝ ընդհանուր առմամբ, Հայաստանի մասով փաստաթուղթն արտացոլում է կատարված մեծ աշխատանքի դրական գնահատականը, բազմաթիվ անորոշությունների հաղթահարումն ու միասին առաջ շարժվելու թե՛ ԵՄ, թե՛ Հայաստանի ցանկությունը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: