ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ծառայել քեզ ծառայողներին կամ ի՞նչպես են արքայական ընտանիքները դիմավորում Սուրբ ծնունդը

Pinterest

Եվրոպական արքայական ընտանիքներն ունեն Սուրբ ծնունդը և Ամանորը դիմավորելու իրենց յուրօրինակ ավանդույթներ: Ստորև փորձել ենք անդրադառնալ եվրոպական արքայական ընտանիքների տոները նշելու հետաքրքիր ավանդույթներին:

Միացյալ թագավորության արքայական ընտանիքը Սուրբ ծնունդը և Ամանորը չի դիմավորում իր  հիմնական նստավայր համարվող Բուքինգհեմյան պալատում: Նրանք տոներն անցկացնում են Սանդրինգհեմյան պալատում՝ Անգլիայի արևելքում գտնվող իրենց ամառանոցում: Եղիսաբեթ II թագուհին և արքայազն Ֆիլիպը սովորաբար մեկնում են Սանդրինգհեմյան պալատ հանրային տրանսպորտով, հաճախ իրենց ներկայությամբ անակնկալի բերելով նույն տրանսպորտից օգտվողներին: Թագուհուց և արքայազնից հետո, ժամանում են նաև ընտանիքի մյուս անդամները:  Երբ ընտանիքի բոլոր անդամները ժամանում են, նրանք միասին վերջնական տեսքի են բերում տոնածառը և միմյանց նվիրում ոչ թանկարժեք, հումորային նվերներ: Սուրբ ծննդյան նախօրեին մատուցվում է «սև փողկապ» անունը ստացած պաշտոնական ճաշը, որի ժամանակ ընտանիքի տղամարդիկ կրում են սև կոստյումներ, իսկ կանայք՝ երեկոյան զգեստներ և թանկարժեք զարդեր: Սուրբ ծննդի նախօրեին արքայազն Ուիլյամն ու Հարրին հակառակ թիմերում տեղի բնակիչների հետ խաղում են ֆուտբոլ:

Սուրբծննդյան առավոտյան արքայազն Ֆիլիպը թագավորական ընտանիքին ոտքով ուղեկցում է Սուրբ Մարիամ Մագդաղենացու եկեղեցի, որտեղ մատուցվում է Սուրբծննդյան օրվա պատարագը: Արքայական ընտանիքն ունի հետաքրքիր սուրբծննդյան ավանդույթ, որը կոչվում է «Ծառայել քեզ ծառայողներին»:  Սուրբ ծննդին մատուցվող ճաշից առաջ, թագուհու շեֆ խոհարարը գալիս է ճաշասենյակ, ծածկում տոնական ուտեստները, որից հետո թագուհին նրան հյուրասիրում է վիսկի և նրանք միասին կենաց են բարձրացնում: Սուրբ ծննդին արքայական ընտանիքի ճաշի գլխավոր ուտեստը հնդկահավն է:

Ճաշից հետո ընտանիքի անդամները միասին ունկնդրում են թագուհու ամենամյա ուղերձը: Այնուհետև թագավորական ընտանիքը, մինչև ուշ գիշեր արթուն մնալով, խաղում է մնջախաղ:

Սուրբ ծննդից հետո, երբ թագավորական ընտանիքի անդամների մի մասը լքում է Սանդրինգհեմյան պալատը, թագուհին և արքայազնը հրավիրում են իրենց ընկերներին, որպեսզի միասին տոնեն Նոր տարին: Այդ ժամանակահատվածը համարվում է փասիաններ որսալու շրջան, որը համարվում է թագուհու և արքայազնի սիրելի զբաղմունքներից մեկը: Նոր տարվան արքայական զույգը կրկին այցելում է եկեղեցի և նոր տարին սկսում իրենց սիրելի ձիերի հետ զբոսանքով:

Հետաքրքրական է նաև նկատել, որ, ըստ արքայական ընտանիքի ավանդույթների, ընտանիքի անդամները կարող են իրենց ընտրյալներին հրավիրել Սուրբ ծնունդը և Ամանորն արքայական ընտանիքի հետ միասին նշելու, միայն ամուսնությունից հետո: Սակայն արքայազն Հարին և իր նշանած Մեգան Մարքլը Ամանորը կանցկացնեն արքայական ընտանիքի հետ միասին՝ չպահպանելով միչ այդ եղած ավանդույթը:

Սուրբ ծնունդը և Նոր տարին դիմավորելու հետաքրքիր ավանդույթներ ունեն նաև եվրոպական մյուս արքայական ընտանիքները: Օրինակ, Մոնակոյի արքայազնը հրավիրում է անապահով ընտանիքների երեխաներին՝ ամրոցում մասնակցելու տոնական խնջույքի, որտեղ նրանք ստանում են նվերներ: Նիդեռլանդներում թագուհի Մաքսիման և թագավոր Վիլեմ Ալեքսանդրn, իրենց երեք արքայադստրերի հետ մասնակցում են նավահանգստի մոտ անցկացվող շքերթին՝ դիմավորելու նավով ժամանող Ձմեռ պապիկին:

Շվեդիայի արքայական ընտանիքն ունի ամանորյա տեսանյութ նկարահանելու գեղեցիկ ավանդույթ, որտեղ արքայական ընտանիքը թխում է բլիթներ և զարդարում տոնածառը: Նորվեգիայի արքայական ընտանիքն ամեն տարի Միացյալ Թագավորությանն է նվիրում մեծ տոնածառ, որը տեղադրվում է Լոնդոնի կենտրոնում գտնվող Տրաֆալգարյան հրապարակում: Սա արտահայտում է Նորվեգիայի երախտիքը Միացյալ թագավորությանը, Երկրորդ համաշխարհային պատերազմին իրենց ցուցաբերած օգնության համար:

Ինչպես տեսնում ենք արքայական ընտանիքներից յուրաքանչյուրն ունի տոներն անցկացնելու ձևավորված իր հետաքրքիր ավանդույթները: Սակայն բոլորի ավանդույթերն ունեն մեկ ընդհանրություն՝ Ամանորը և Նոր տարին դիմավորել ընտանեկան միջավայրում՝ շրջապատված ընտանիքի անդամներով: Եվ սա առավել քան բնական է, չէ որ Սուրբ ծնունդը և Ամանորը նախևառաջ ընտանեկան տոներ են:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: