ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նալբանդյանը՝ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի կարևորության մասին (տեսանյութ)

mfa.am

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

«Նախարար Կոձիաս, հարգելի գործընկեր,
Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այսպիսի հարգարժան լսարանի հետ հանդիպելու հնարավորության համար և ներկայացնել մեր տեսակետները Հայաստան-Հունաստան գործընկերության, տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության որոշ առաջնահերթությունների շուրջ»:

Է. Նալբանդյանը հիշատակել է, որ  հայ և հույն ժողովուրդների միջև հարաբերությունները գալիս են պատմության խորքից՝ վկայակոչելով տարբեր պատմիչների: Նշել է նաև, որ 2 ժողովուրդները կիսել են  անցյալի մի շարք ողբերգական էջեր այն է՝ 2 ժողովուրդն էլ վերապրել են ցեղասպանություն, ուս-ուսի տված պաշտպանել ապրելու իրենց իրավունքը: Նա վստահություն է հայտնել «մենք ավելին ենք, քան պարզապես պատմականորեն բարեկամական ժողովուրդներ»:

ԱԳ նախարարը նաև նշել է, որ 25 տարի առաջ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին նորանկախ Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև, շարունակելով. «Հունաստանը մեր առանցքային գործընկերներից մեկն է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Վերջին շաբաթներն այս առումով շատ նշանակալի էին: Նոյեմբերի 24-ին Հայաստանը Եվրոպական միության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Լինելով Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ՝ Հայաստանը նաև զարգացնում է հարաբերություններն այլ ինտեգրացիոն ձևաչափերի հետ: Հուսով ենք, որ նման նպատակասլաց ու իրատեսական երկխոսությունը շարժիչ ուժ կհանդիսանա մեր տարածաշրջանում համագործակցության խթանման համար:

Այս համաձայնագրի ստորագրումը ՀՀ-ԵՄ գործընկերության միակ օրինակը չէ: Վերջին երկու տարիներին մեզ հաջողվել է առաջ ընթանալ փոխադարձ համագործակցության տարբեր ոլորտներում, մասնավորապես, ի թիվս այլոց միանալ COSME, «Ստեղծագործ Եվրոպա», «Հորիզոն 2020» ծրագրերին, նախաստորագրել Ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ համաձայնագիրը և ստորագրել Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստանի Հանրապետություն ընդլայնման բարձր մակարդի փոխըմբռնման արձանագրությունը: Մենք ակնկալում ենք նոր նախաձեռնություններ՝ միաժամանակ հատուկ կարևորություն տալով վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկին: Ակնկալում ենք մեր հույն գործընկերների հետագա աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցությանը:

Իհարկե, մենք քննարկում ենք Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները: Այս առումով օգտակար կարող է լինել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը և գործարար համաժողովների կազմակերպումը: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության արդյունքում նոր հնարավորություններ են առաջ եկել առևտրի և ներդրումների համար: Այսօր Հայաստանի միջոցով կարելի է անմաքս դուրս գալ 170 միլիոնանոց ԵԱՏՄ շուկա: Հայաստանն արտոնյալ ռեժիմ ունի ԵՄ, ԱՄՆ, Ճապոնիայի և այլ երկրների հետ: Հուսով ենք, որ քաղաքական զարգացումների արդյունքում ընձեռնված հնարավորությունները թույլ կտան լիարժեք տնտեսական համագործակցություն ծավալել 80 միլիոնանոց շուկա ունեցող մեր հարևան Իրանի հետ: Այդ առումով հատկանշական կարող են լինել Պարսից ծոց - Սև ծով տրանսպորտային և կապի երթուղիների վերաբերյալ նախագծերը:

Երկու օրից մեկնելու եմ Կիև` ստանձնելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը: Հայաստանի նախագահության ընթացքում մենք կձեռնարկենք հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի այս կազմակերպությունը լիարժեք ծառայի անդամ երկրների միջև տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանման իր նպատակներին: Մեր խորին համոզմամբ, նրանք, ովքեր չարաշահում են այս հարթակը իրենց նեղ քաղաքական նպատակները տնտեսական համագործակցության հաշվին առաջ տանելու համար, ոչ միայն հակասում են կազմակերպության նպատակներին, այլև տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման իրական շահագրգռվածություն չունեն: Եվ նրանք, ովքեր հավատարիմ են մնում ՍԾՏՀԿ նպատակներին՝ ինչպես Հայաստանը և Հունաստանը, պետք է ձգտեն պահպանել այս կազմակերպության բացառապես տնտեսական և ապաքաղաքական բնույթը:

Բարձր ենք գնահատում, որ Հայաստանը միջազգային խաղաղապահ առաքելություններում իր առաջին քայլերը կատարել է Հունաստանի աջակցության շնորհիվ:

Տիկնայք և պարոնայք,

Վստահ եմ, որ ձեզ կհետաքրքրի նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ մեր մոտեցումը: Ինչպես գիտեք, Հայաստանի Նախագահի նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ.-ի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին արձանագրությունների տառին և ոգուն: Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի Նախագահը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ. գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների:

Տիկնայք և պարոնայք,

Անկասկած ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի գլխավոր առաջնայնությունների շարքում է:
Վիեննայում կայացած ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, դեկտեմբերի 6-ին հանդիպում ունեցա իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ. սա մեր վեցերորդ հանդիպումն էր մեկ տարվա ընթացքում և տևեց ավելի քան չորս ժամ: Ընդհանուր առմամբ այն անցավ դրական մթնոլորտում: Սակայն, հանդիպումից հետո ես նշեցի, որ պետք է տեսնենք, թե ինչպիսի զարգացումներ կլինեն դրանից հետո: Ինչո՞ւ: Քանի որ այս տարվա հոկտեմբերին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած վերջին գագաթաժողովը նույնպես ընդհանուր առմամբ անցել էր դրական մթնոլորտում, սակայն դրանից անմիջապես հետո Ադրբեջանը վերադարձավ իր ավանդական անհիմն մեղադրանքներին և ռազմական հռետորաբանությանը:

Անցած շաբաթ ԵԱՀԿ նախարարական համաժողովին ունեցած իմ ելույթում մանրամասն անդրադարձա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, պատվիրակությունների ղեկավարները հայտարարություն ընդունեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հայաստանը պատրաստ էր միանալ այդ հայտարարությանը, սակայն Ադրբեջանը հրաժարվեց և արդյունքում մեզ չհաջողվեց ընդունել Հայաստանի, Ադրբեջանի և համանախագահների համատեղ հայտարարություն: Սա բազմիցս է կրկնվել ԵԱՀԿ նախարարական հանդիպումների շրջանակներում։

Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի հաստատակամ հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հիմնված համանախագահների առաջարկների վրա: Բանակցային գործընթացն այլընտրանք չունի:

Համանախագահների նախաձեռնությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունվարի երկրորդ կեսին կազմակերպելու արտաքին գործերի նախարարների հանդիպում: Ինչպես միշտ մենք նման հանդիպումներին գնում ենք կառուցողական տրամադրվածությամբ։

Շնորհակալություն»- եզրափակել է իր խոսքը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: