ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ ազգային ռազմական ռազմավարության ընդունման կարգը և նպատակները (տեղեկանք)

Wikimedia Commons

«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնը պատրաստել է նյութերի շարք, որոնցում ներկայացված են ԱՄՆ ազգային անվտանգության և ռազմական ռազմավարությունների ընդունման կարգը և նպատակները, ինչպես նաև վերջին ռազմավարությունների հիմնական տարբերությունների համեմատական վերլուծությունը:

Նյութերի շարքը կարող է առանձնակի հետաքրքություն ներկայացնել մասնագիտական խմբերի և ԱՄՆ-ով հետաքրքրված անձանց համար:

ԱՄՆ ազգային ռազմական ռազմավարությունը պատրաստվում է Շտաբերի ղեկավարների միասնական կոմիտեի նախագահի կողմից (ԱՄՆ ԶՈՒ ամենաբարձրաստիճան սպա) ԱՄՆ պաշտպանության նախարարի համար, որտեղ ուրվագծվում է ռազմական ուժերի ռազմավարական նպատակները: ԱՄՆ ազգային ռազմական ռազմավարության հղման հիմնական աղբյուրը հանդիսանում է Ազգային անվտանգության ռազմավարությունը, որը պատրաստվում է Սպիտակ տան կողմից:

Շտաբերի ղեկավարների միասնական կոմիտեի նախագահը, խորհրդակցելով կոմիտեի այլ անդամների, Միասնական մարտավարական հրամանատարության, Միացյալ անձնակազմի և Պաշտպանության նախարարության հրամանատարների հետ, պատրաստում է ռազմական ռազմավարությունը` ԱՄՆ օրենսգրքի 10-րդ հոդվածի ենթաբաժին Ա-ի 1-ին մասի գլուխ 5-ում սահմանված դրույթների համաձայն:

Օրենսգրքի վերոնշյալ մասում սահմանվում է, որ Կոմիտեի նախագահը յուրաքանչյուր զույգ տարի պետք է որոշում կայացնի, արդյոք անհրաժեշտ է պատրաստել նոր ռազմական ռազմավարություն, թե՞ թարմացնել ռազմավարության հին տարբերակը: Յուրաքանչյուր զույգ տարի՝ ոչ ուշ քան փետրվարի 15-ը կոմիտեի նախագահը պաշտպանության նախարարի միջոցով ԱՄՆ կոնգրեսի վերին և ստորին պալատների ռազմական ծառայությունների կոմիտեներին պետք է հանձնի նոր կամ թարմացված ռազմավարության տարբերակը: Կոնգրեսին հանձնելուց առաջ, կոմիտեի նախագահը փաստաթուղթը հանձնում է պաշտպանության նախարարին, որպեսզի նա նույնպես փաստաթղթի վերաբերյալ իր դիտարկումները տա Կոնգրեսին: ԱՄՆ պաշտպանության նախարարը պետք է ուսումնասիրի կոմիտեի նախագահի կողմից ռիսկային համարվող ոլորտները և իր մեկնաբանության մեջ ներկայացնի այդ ռիսկերի դեմ պայքարելու ծրագիր:

Օրենսդրության վերոնշյալ հոդվածը սահմանում է Ազգային ռազմական ռազմավարության հետևյալ նպատակները.

  • Գնահատել ռազմավարական միջավայրը, վտանգները, հնարավորությունները, մարտահրավերները, որոնք ազդում են ԱՄՆ ազգային անվտանգության վրա,
  • գնահատել ռազմական վերջնանպատակը, առկա եղանակները և միջոցները սահմանված նպատակներն իրականացնելու համար,
  • տրամադրել հիմքեր, որոնք թույլ կտան կոմիտեի նախագահին գնահատել ռազմական ոլորտի ռազմավարական և գործառական ռիսկերը և զարգացնել այդ ռիսկերի դեմ պայքարի ճանապարհներ,
  • զարգացնել ռազմական տարբերակներ՝ հասցեագրելու թե՛ մարտահրավերները, և թե՛ հնարավորությունները,
  • գնահատել միացյալ ուժային հնարավորությունները, կարողությունները և ռեսուրսները,
  • ստեղծել ռազմական ուղեցույց միացյալ ուժերի և ընդհանրական ուժերի զարգացման համար՝ նախագահի և պաշտպանության նախարարի ղեկավարության ներքո:

Վերջում հավելենք, որ մինչ այս ԱՄՆ ունեցել է 8 ազգային ռազմական ռազմավարություն և թեպետ օրենքով սահմանվում է, որ դրանք պետք է հրապարակվեն զույգ տարեթվերին, դրանք հրատարակվել են 1991թ., 1995թ., 1997թ., 2004թ., 2005թ., 2008թ., 2011թ. և 2015թ.:

Առաջիկայում «Արմեդիա» ՏՎԳ-ն կներկայացնի նաև ԱՄՆ վերջին երկու ռազմավարությունների համեմատական վերլուծությունը:

 

Ստորև շարքի մյուս նյութերը.

ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության ընդունման կարգը և նպատակները (տեղեկանք)

Ի՞նչով են տարբերվում Թրամփի և Օբամայի ազգային անվտանգության ռազմավարությունները

Ահաբեկչությունն այլևս ԱՄՆ առաջնային մարտահրավերը չէ (ԱՄՆ ռազմական ռազմավարությունների համեմատական վերլուծություն)

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: