ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,754.04 դրամ ԱՐԾԱԹ - 252.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,441.18 դրամ

Ահաբեկչությունն այլևս ԱՄՆ առաջնային մարտահրավերը չէ (ԱՄՆ ռազմական ռազմավարությունների համեմատական վերլուծություն)

VOA News

«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնը պատրաստել է նյութերի շարք, որոնցում ներկայացված են ԱՄՆ ազգային անվտանգության և ռազմական ռազմավարությունների ընդունման կարգը և նպատակները, ինչպես նաև վերջին ռազմավարությունների հիմնական տարբերությունների համեմատական վերլուծությունը:

Նյութերի շարքը կարող է առանձնակի հետաքրքություն ներկայացնել մասնագիտական խմբերի և ԱՄՆ-ով հետաքրքրված անձանց համար:

 

Օրերս ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից հրատարակվեց 2018 թվականի ԱՄՆ ազգային ռազմական ռազմավարությունը:  Ռազմավարության հրապարակումից հետո ԱՄՆ պաշտպանության նախարարության Twitter-յան էջում գրառում կատարվեց, որտեղ նշվում է, որ սա վերջին տասը տարիների ընթացքում հրապարակված առաջին, ամբողջովին նոր ռազմավարությունն է (այդ ընթացքում ներկայացված ռազմավարություններն ուղղակի թարմացվել են):  Համաձայն ԱՄՆ նոր ռազմավարության՝ այսուհետ ազգային անվտանգության առաջնային թիրախը լինելու է գերտերությունների միջև մրցակցությունը  և ոչ թե ահաբեկչության դեմ պայքարը: 

Ստորև փորձենք համեմատել ԱՄՆ վերջին երկու 2018 և 2015 թվականներին հրատարակված ռազմական ռազմավարությունները՝ դուրս բերելով հիմնական տարբերությունները:

2015թ. ռազմավարությունը սահմանում է հետևյալ նպատակները.

  • Զսպել, մերժել (հակառակորդների սահմանած նպատակները) և հաղթել  հակառակորդներին,
  • Խոչընդոտել, քայքայել, հաղթել ծայրահեղական կազմակերպություններին,
  • Ամրապնդել ԱՄՆ դաշնակիցների և գործընկերների հետ ունեցած համաշխարհային ցանցերը:

2018թ. ռազմավարությունը սահմանում է հետևյալ նպատակները.

  • Պաշտպանել հայրենիքը (խմբ. ԱՄՆ) հարձակումից,
  • Պահպանել միացյալ ուժերի ռազմական առավելությունը, ինչպես գլոբալ մակարդակում, այնպես էլ առանցքային տարածաշրջաններում (ռազմավարությունը առանցքային տարածաշրջաններ է սահմանում Հնդկա-խաղաօվկիանոսյանը, Եվրոպան և Մերձավոր Արևելքը),
  • Զսպել ԱՄՆ հակառակորդների` ԱՄՆ կենսական շահերի դեմ ագրեսիան,
  • Ակտիվացնել ԱՄՆ միջգերատեսչական գործընկերների հետ կապերն ԱՄՆ ազդեցությունը և շահերն առաջ տանելու նպատակով,
  • Պահպանել բարենպաստ ուժերի հավասարակշռություն Հնդկա-խաղաօվկիանոսյան տարածաշրջանում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և արևմտյան կիսագնդում,
  • Պաշտպանել դաշնակիցներին ռազմական ագրեսիայից և խրախուսել գործընկերներին դեմ դուրս գալու իրենց դեմ իրականացվող հարկադրանքին, ինչպես նաև արդարացիորեն կիսել միացյալ պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ պարտականությունները,
  • Պետության հակառակորդներին և ոչ պետական դերակատարներին  տարհամոզել, զսպել, ինչպես նաև  կանխել նրանց կողմից  զանգվածային ոչնչացման զենքերի ձեռք բերումը, տարածումը կամ օգտագործումը,
  • Կանխել ԱՄՆ-ի, նրա քաղաքացիների, դաշնակիցների և անդրծովյան գործընկերների դեմ ահաբեկիչների կողմից արտաքին օպերացիաների իրականացումը կամ դրանց աջակցության ցուցաբերումը,
  • Երաշխավորել, որ ընդհանուր տիրույթները մնան բաց և ազատ,
  • Շարունակ կատարել մատչելի և արագ աշխատանք, Նախարարության աշխատանքի տրամաբանության, մշակույթի և կառավարման համակարգերի փոփոխմանը զուգահեռ,
  • Ստեղծել 21-րդ դարում հավասարը չունեցող Ազգային անվտանգության նորարարական բազա, որն արդյունավետորեն կպաշտպանի Նախարարության գործողությունները և կպահպանի անվտանգությունն ու վճարունակությունը:

Երկու ռազմավարությունների պարագայում էլ Եվրոպայի հետ համագործակցությունն անվտանգության ոլորտում դիտարկվում է ՆԱՏՕ շրջանակներում: Հետաքրքրական է նկատել, որ 2015 թ. ռազմավարության մեջ այս համատեքստում խոսվում է «Ռուսաստանի ագրեսիայի» մասին, մինչդեռ 2018թ. փաստաթղթում «ագրեսիա» բառի փոխարեն օգտագործվել է «արկածախնդրություն» բառը: 2018թ. ռազմավարության մեջ հատուկ շեշտվում է եվրոպական դաշնակիցներից ԱՄՆ ունեցած ակնկալիքը՝ մեծացնելու իրենց ռազմական և ռազմական տեխնիկայի մոդերնիզացմանն ուղղված ծախսերը:

2018թ. փաստաթղթում Ռուսաստանի և Չինաստանի հետ երկարաժամկետ ռազմավարական մրցակցությունը դիտարկվում է որպես հիմնական գերակայություն, որն ըստ փաստաթղթի՝ պահանջում է ավել մեծ և կայուն ներդրում՝ հաշվի առնելով այն վտանգի մեծությունը, որ դա ներկայացնում է այսօր ԱՄՆ անվտանգության համար և ապագայում դրա աճող ներուժը: Հետաքրքրական է նկատել, որ նույն ռազմավարության մեջ միևնույն ժամանակ նշվում է, որ առավել երկարաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ն ակնկալում է Չինաստանի հետ հաստատել ռազմական հարաբերություններ, որոնք կբացառեն ագրեսիան և հիմնված կլինի թափանցիկության վրա:

Ի տարբերություն 2018թ. փաստաթղթի՝ 2015թ. փաստաթուղթում նշվում է, որ ԱՄՆ-ն աջակցում է Չինաստանի աճին և խրախուսում է, որ վերջինս միջազգային անվտանգության ապոհվման հարցում դառնա ԱՄՆ դաշնակիցը:

Ռուսաստանի վերաբերյալ 2015թ. փաստաթուղթը նշում է, որ թեպետ ՌԴ-ն իր ներդրումն է ունեցել մի շարք հարցերում, ինչպես օրինակ թմրանյութերի և ահաբեկչության դեմ պայքարում, այն իր գործողություններով պարբերաբար ցույց է տալիս, որ չի հարգում իր հարևանների սուվերենությունը և պատրաստակամ է ուժ գործադրել իր նպատակներին հասնելու համար:

2015թ. փաստաթուղթն ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արևելքում վարած քաղաքականության համատեքստում շեշտում է ԱՄՆ պատրաստակամությունն օգնել իր դաշնակիցներին՝ մեծացնելու ռազմական ծախսերը: Մինչդեռ 2018թ. փաստաթուղթը շեշտում է տարածաշրջանում որևէ ուժի գերիշխանության անթույլատրելիությունը, որը թշնամաբար կվերաբերի ԱՄՆ-ին: Միևնույն ժամանակ փաստաթուղթը ընդգծում է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, որը կնպաստի կայուն էներգետիկ շուկայի և ապահով  առևտրային ճանապարհների գործելուն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2015թ. փաստաթուղթը պատրաստվել և հրատարակվել է  հունիսին, Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքումից առաջ, փաստաթղթում առկա է Իրանին սուր անդրադարձ՝ նշելով, որ այն ռազմավարական մարտահրավերներ է ներկայացնում միջազգային հանրության համար և պետական մակարդակով աջակցում է ահաբեկչությանը:  2018թ. փաստաթուղթը նույնպես շեշտում է, որ Իրանը տարածաշրջանում ապակայունացնող ազդեցություն է ունենում՝ ձգտելով ստեղծել միջուկային զենք կամ ֆինանսավորելով ահաբեկիչներին:

Եթե փորձենք ընդհանրացնել, ապա կարող ենք փաստել, որ դիտարկվող երկու ռազմավարություններն իրարից տարբերվում են նախևառաջ ԱՄՆ համար առաջնային համարվող մարտահրավերի փոփոխությամբ: Եթե նախկինում առաջնային մարտահրավեր էր համարվում ահաբեկչությունը, ապա այսօր ԱՄՆ-ն որպես իր առաջանային մարտահրավեր դիտարկում է միջպետական ռազմավարական մրցակցությունը, որի համատեքստում մասնավորապես խոսվում է Չինաստանի փորձերի մասին «գիշատիչ տնտեսության» միջոցով վախեցնել իր հարևաններին, ինչպես նաև Ռուսաստանի ձեռք բերած «վետո իրավունքի» մասին, որը նրան թույլ է տալիս ազդել իր հարևանների տնտեսական, դիվանագիտական, անվտանգային որոշումների վրա:

Որպես մրցունակ լինելու գործիք՝ ներկայացված ռազմավարությունը դիտարկում է նորարարական, ոչ անվանդական մոտեցումների որդեգրումը, ինչպես նաև այլ պետությունների հետ միջգերատեսչական համագործակցության խորացումը (մասնավորապես ԱՄՆ Պետդեպարտամենտի, Արդարադատության, ֆինանսների նախարարություններ, USAID և այլն), որը թույլ կտա պաշտպանել ԱՄՆ շահերը և դիմագրավել ԱՄՆ գործընկերների և դաշնակիցների դեմ իրականացվող հարկադրանքի քաղաքականությանը:

 

Ստորև շարքի մյուս նյութերը.

ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության ընդունման կարգը և նպատակները (տեղեկանք)

Ի՞նչով են տարբերվում Թրամփի և Օբամայի ազգային անվտանգության ռազմավարությունները

ԱՄՆ ազգային ռազմական ռազմավարության ընդունման կարգը և նպատակները (տեղեկանք)

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 39%
Քամի՝ 17.70 կմ/ժ
26 C°
 
18°  30° 
24.06.2018
19°  31° 
25.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: