ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իշխանությունը պահելու համար՝ Ալիևը փոխում է «խաղի պայմանները»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 5-ին հրամանագիր է ստորագրել ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու վերաբերյալ՝ չեղարկելով հոկտեմբերին նշանակված հերթական ընտրությունները: Նման որոշումը ինչ-որ առումով անսպասելի էր, քանի որ դեռ 2016թ.-ի հոկտեմբերին, Ալիևն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ ընտրությունների ժամկետը փոփոխելու մտադրություն չունեն և դրա անհրաժեշտություն էլ չկա:

Ստեղծված իրավիճակում հարց է առաջանում՝ ի՞նչը դրդեց Ալիևին մտափոխվել և գնալ արտահերթ ընտրությունների նշանակման՝ փոխելով  «խաղի պայմանները»: Եթե փորձենք հստակեցնել Ալիևի կողմից արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու հիմնական դրդապատճառները, ապա կարելի է պայմանականորեն առանձնացնել 2 տիպի գործոններ՝ ներքին և արտաքին:

Արտաքին գործոնների շարքում նախևառաջ պետք է նշել, որ, արտահերթ ընտրութուններ նշանակելով, Ալիևը փորձում է նվազեցնել արտաքին միջամտութունը երկրի ընտրական գործընթացներին: Ադրբեջանի նման բռնապետական երկրների պարագայում իշխանության վերարտադրությունը, միջազգային հանրությանը դա «մարսեցնելն» ունի որոշակի գին: Այդ ամենը հստակ գիտակցում է նաև արդեն 4-րդ անգամ անընդմեջ նախագահելու (այս անգամ արդեն 7 տարի ժամկետով) հավակնություն ունեցող Ալիևը: Տեղափոխելով ընտրության ժամկետը՝ Ալիևը հույս ունի, որ տարբեր ուժային կենտրոններ չեն հասցնի մշակել և կիրառել Բաքվից տարբեր դիվիդենտներ քաղելու, զիջումներ կորզելու ծրագրեր: Տվյալ պարագայում՝ հօգուտ Ալիևի է աշխատում նաև միջազգային օրակարգում առկա խնդիրների բազմազանությունը՝ ՌԴ ընտրություններից մինչև սիրիական Աֆրինում քրդերի դեմ թուրքական ԶՈւ-ի գործողություններ:

Մեկ այլ կարևոր գործոն է մարտին Ռուսաստանում նախատեսվող ընտրությունները և միջազգային հանրության, մասնավորապես՝ Արևմուտքի հնարավոր արձագանքը դրանց: Ըստ Ալիևի հաշվարկների՝ Ռուսաստանի ընտրությունները և դրանց հաջորդող Արևմուտք-ՌԴ հարաբերություններում նոր սրացումը (որը, կարծես թե, անխուսափելի է) իրենց  վրա կսևեռեն միջազգային հանրության ուշադրությունը՝ իսկ Ադրբեջանի ապրիլին կայանալիք արտահերթ ընտրությունները կստվերվեն: Այլ կերպ ասած՝ Արևմուքի ուշադրությունն Ադրբեջանի նախագահական ընտրություններին այս շրջանում անհամեմատ ավելի թույլ կլինի, քան կարող է լինել հոկտեմբերին:

Բացի այդ, մինչև արտահերթ ընտրություններ ընկած երկու ամիսը բավական կարճ ժամանակահատված է մասնագիտացված միջազգային կառույցների համար (օրինակ՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը) ադրբեջանական ընտրություններին ընթացքին հետևող երկարաժամկետ դիտորդական առաքելություններ ապահովելու համար, ինչը ևս իր հերթին Բաքվին թույլ կտա էապես նվազեցնել ընտրախախտումների  վերաբերյալ հետագա քննադատությունները:

Ինչ վերաբերում է ներքին պատճառներին, թերևս առաջնային դերակատարում ունեն Ադրբեջանում սոցիալ-տնտեսական պայմանները, ավելի ճիշտ՝ դրանց հետ կապված բացասական կանխատեսումները: Գաղտնիք չէ, որ նավթի գների անկումը բավական լուրջ մարտահրավեր էր նավթային ասեղի վրա նստած ադրբեջանական տնտեսության համար: Ըստ տարբեր գնահատականների՝ երկրում հասունանում է վերջին երեք տարում Ադրբեջանի ազգային արժույթի՝ մանաթի արդեն երրորդ դևալվացիան: Նման բացասական միտումների կյանքի կոչման պարագայում Ադրբեջանում գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական դժգոհություններն առավել լայն բնույթ կստանային, ինչն էլ լուրջ սպառնալիք կդառնար հոկտեմբերին վերընտրվելու Ալիևի ծրագրերի համար:

Բացի այդ, տեղափոխելով ընտրությունների ժամկետը՝ Ալիևը ցայտնոտի մեջ է դնում նաև ադրբեջանական ընդդիմությանը կամ այն «բեկորներին», որոնք մնացել են ադրբեջանական ընդդիմությունից: Ադրբեջանցի ընդդիմադիրները նախ բավարար ժամանակ չեն ունենա կոնսոլիդացվելու, հնարավորության դեպքում միմյանց հետ բանակցելու, սեփական ուժերը միավորելու համար: Բացի այդ, արտահերթ ընտրությունների պատճառով նախընտրական քարոզչության կարճ ժամկետը ևս հնարավորություն չի տա ընտրազանգվածի հետ պատշաճ աշխատանք իրականացնել: Ի դեպ, որոշ ընդդիմադիր ուժեր արդեն իսկ հայտարարել են, որ հրաժարվում են նախագահական արտահերթ ընտրություններին մասնակցությունից և հանդես են եկել ընտրությունները բոյկոտելու կոչերով: Հատկանշական է այն հանգամանքը, որ հանրային շրջանակներում հետընտրական հնարավոր դժգոհությունների լուծումը ևս Ալիևն ունի. մայիսին նախատեսվում են լայնամասշտաբ միջոցառումներ (Ադբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադրման 100-ամյակի առթիվ), որոնք անշուշտ, բավական հաջող կօգտագործվեն հանրության ուշադրությունը շեղելու համար:

Ի լրումն ներքին և արտաքին գործոնների՝ կարևոր է նաև անդրադառնալ Ղարաբաղյան հակամարտության գործոնին, որն, ինչպես հայտնի է, ադրբեջանական իշխանությունների կողմից տարիներ շարունակ օգտագործվում է սեփական իշխանության պահպանման և ամրապնդման համար: Շրջանառվում է մոտեցում, որ ադրբեջանական իշխանությունները, ներքին և արտաքին տարբեր գործոններով պայմանավորված, նախատեսում են նոր ռազմական արկածախնդրություն Արցախի ուղղությամբ: Ուստի, հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար, Բաքվում որոշում է կայացվել ընտրությունների ժամկետը փոխել: Խուսափելով կանխատեսումներից՝ կարող ենք նշել միայն, որ այս մոտեցումը ևս կյանքի իրավունք ունի և, բնականաբար, պետք է առավել բարձրացնի հայկական զինված ուժերի զգոնությունը:

Ամփոփելով նշենք, որ Ադրբեջանի նախագահի կողմից արտահերթ նախագահական ընտրությունների նշանակումը հստակ հաշվարկված քայլ է, որն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ոչ թե մեկ, այլ մի քանի՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոններով: Նպատակը առավել քան պարզ է՝ կազմակերպել նախագահ Ալիևի վերընտրվելու հերթական «քաղաքական թատրոնը»՝ հնարավորինս առանց ռիսկերի:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: