ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ԱԺ Նախագահը ՀՀ բուհերի ուսանողներին. աշխատանքի վայր փնտրելիս՝ դիտարկե′ք նաև Արցախը

Ապրիլի 13-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավարը ԱԺ նիստերի դահլիճում հանդիպել է Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված ուսանողական ֆորումի մասնակիցներին, հայտնում է Արցախի ԱԺ պաշտոնական էջը:

Ողջունելով ներկաներին՝ Աշոտ Ղուլյանն ընդգծել է նմանատիպ միջոցառումների կարևորությունն ուսանողներին միևնույն գաղափարների շուրջ համախմբելու, նրանց միջև շփումներն ակտիվացնելու, համահայկական կարևորության խնդիրների քննարկման և մտքերի փոխանակման տեսանկյունից: Այնուհետև խորհրդարանի նախագահը հանդես է եկել «ԱՀ անցած ուղին. ձեռքբերումներ և հեռանկարներ» թեմայով բանախոսությամբ:

«Ղարաբաղյան շարժման 30-ամյա ճանապարհը հայ ժողովրդի համար ինքնությունը վերագտնելու, տարիներով նենգափոխված դիմագիծը մաքրելու, դարավոր ավանդույթները վերականգնելու և արժեքները վերագնահատելու ժամանակշրջան էր: Կասկած չկա, որ այդ գործում մենք հաջողել ենք, քանզի այսօր ունենք անկախությունը վաստակած Հայաստանի Հանրապետություն, ազատագրված ու զարգացող Արցախ և զույգ հայկական պետականությունը փայփայող Սփյուռք»,- առանձնացրել է Աշոտ Ղուլյանը:

Անդրադառնալով հեռանկարային ծրագրերին և դրանցում երիտասարդության մասնակցությանը՝ ԱԺ նախագահը նշել է, որ ամենակարևոր նպատակներից է Արցախի միջազգայնացումը, մասնավորապես արտաքին աշխարհում Արցախը որպես ակտիվ, ստեղծարար ու մտածող երիտասարդների երկիր ներկայացնելը: Այս բնագավառում կարևորվել է կրթական ոլորտում հետևողական բարեփոխումների, մասնագիտական ճիշտ կողմնորոշման և երիտասարդության ներգրավվածության անհրաժեշտությունը:

Բանախոսության ավարտին խորհրդարանի ղեկավարը, դիմելով ՀՀ բուհերի ուսանողներին, խորհուրդ է տվել ապագան պլանավորելիս մտածել ոչ միայն Երևանում կամ ՀՀ մյուս քաղաքներում աշխատելու մասին, այլ անպայմանորեն դիտարկել Արցախը՝ վստահ լինելով, որ Արցախում նրանց կարիքը միշտ կա:

Պատասխանելով ֆորումի մասնակիցների հարցերին՝ անդրադարձ է կատարվել ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, դրանում Արցախի մասնակցությանը, հայկական կողմի դիրքորոշումներին և այլ թեմաների:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: