ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի հետ համագործակցությունը Հայաստանի համար անհրաժեշտություն է. իրանագետ Արմեն Իսրայելյան

Panorama.am

2015 թվականի ապրիլի 2-ին շվեյցարական Լոզան քաղաքում Իրանը և միջազգային միջնորդները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը և Գերմանիան  երկարատև բանակցություններից հետո կարողացան շրջանակային համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: 

Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ նախընտրական շրջանից քննադատում է Բարաք Օբամայի կողմից նման գործարքի գնալը: Թրամփը եվրոպացի դաշնակիցներից պահանջում է շտկել այդ համաձայնագրի, իր համոզմամբ, սարսափելի թերությունները, հակառակ դեպքում՝ սպառնալով վերականգնել պատժամիջոցները Իրանի հանդեպ: Մայիսի 8-ին ԱՄՆ-ն հայտարարեց, որ դուրս է գալիս Իրանի հետ միջուկային գործարքից:

Գործարքի մյուս կողմերը՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ռուսաստանն ու Չինաստանը, հորդորում են Վաշինգտոնին հավատարիմ մնալ փաստաթղթին, որով Թեհրանը համաձայնել է սահմանափակել միջուկային փորձարկումները՝ արևմտյան պատժամիջոցները վերացնելու դիմաց:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների հետ կապված «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:

- Պրն. Իսրայելյան, ինչպե՞ս եք գնահատում Իրանի միջուկային գործարքի շուրջ տեղի ունեցող զարգացումները:

- Սա վերջին 1 տարվա ընթացքում ԱՄՆ նախագահ Թրամփի քաղաքական ծրագիրն էր, որը նա իր առջև դրել էր պաշտոնը ստանձնելուց հետո և կարելի է հստակ արձանագրել, որ  արդեն ի կատար է ածել: Սակայն այս ամենը կապված է նաև Իրանի ներքաղաքական զարգացումների հետ, քանի որ առավել ակնհայտ է, որ Իրանի նախագահ Ռոուհանիի կառավարության ընդդիմախոսները, պահպանողական շրջանակները, ռազմական ղեկավարության զգալի մասը դեմ էր միջուկային գործարքի կնքմանը և 2017թ. նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմախոսների հիմնական շեշտադրումները վերաբերում էին հենց այդ համաձայնագրին: Նրանք նաև մեղադրում էին Ռոուհանիին ձախողվելու մեջ` համարելով որ ոչ մի դրական արդյունք չի տվել Իրանին: Այսինքն` կարելի է փաստել, որ ԱՄՆ հաշվի էր առել նաև Իրանի ներքաղաքական տրամադրությունները:

Եթե մինչ միջուկային համաձայնությունը ինչպես Իրանում, այնպես էլ ԱՄՆ-ում միջուկային ծրագրի վերաբերյալ թե՛ կառավարությունը, թե՛ ընդդիմախոսները ունեին մոտ դիրքորոշում, ապա այժմ և՛ ԱՄՆ-ում, և՛ Իրանում հակադիր դիրքորոշումների բախումներ են տեղի ունենում: Այս ամենից կարելի է նախորոշել, թե Իրանում առաջիկա ընտրություններում ինչպիսի զարգացումներ կարելի է ակնկալել:

- ԱՄՆ-ն շարունակում է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները: Ինչի՞ կարող է հանգեցնել ԱՄՆ նման կոշտ դիրքորոշումը:

-Իրանի տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է գտնվում և Իրանի նախագահ Ռոուհանիի պաշտոնավարման 2-րդ շրջանի թերևս ամենակարևոր մարտահրավերներից մեկը տնտեսությունն այդ ծանր իրավիճակից դուրս բերելն է: Բայց հարկ է նշել նաև, որ Իրանը նաև քաղաքական ճգնաժամի մեջ է, կապված տարաբնույթ հարցերի հետ:

Միջուկային համաձայնագրից հետո Իրանին քիչ թվով երկրների հետ էր հաջողվել տնտեսական կապեր հաստատել: Նույնսիկ կարելի է ասել, Իրանը փորձում էր բանկային գործարքների և այլ միջոցներով ներդրումներ իրականցել` կարգավորելով տնտեսական հարցերը:

Եվ հետևաբար վստահ կարելի է փաստել, որ ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը Իրանի տնտեսության համար բացասական արդյունքի կհանգեցնի:

-Միջուկային գործարքի շուրջ զարգացումները և ԱՄՆ կողմից պատժամիջոցների կիրառման հնարավորությունը ի՞նչ մարտահրավերներ են պարունակում մեր տարածաշրջանի և մասնավորապես՝ Հայաստանի համար:

-Անկախ այն բանից, թե Իրանի իշխանությունները քարոզչական դաշտում ինչպիսի հռետորաբանություն են կիրառում, մենք հասկանում ենք, որ այն հասարակությանը հանգստացնելու նպատակ ունի: Սակայն ակնհայտ է, որ Իրանում ևս գիտակցում են, որ լուրջ խնդիրների առաջ են հայտնվել:

Անդրադառնալով տարածաշրջանին, մասնավորապես սահմանակից երկրներին պետք է արձանագրել, որ առանց այդ էլ առևտրային գործարքներն ու փոխանցումները դժվարությամբ էին իրականացվում:  Իսկ եթե այդ երկրների վրա ճնշում գործադրվի Իրանի հետ գործարքներ ունենալու դեպքում, խնդիրներից խուսափելը բարդ կլինի: Պետք է փաստենք, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Վրաստանում բանկերն արգելափակել են Իրանի քաղաքացիների հաշիվները: Այս փաստի արձանագրումը որոշ պաշտոնյաներ կապում են ԱՄՆ պատժամիջոցների հետ, իսկ որոշները` փողերի լվացման կանոններին չենթարկվելու հետ: Այնուամենայնիվ, կարելի է արձանագրել, որ Վրաստանը, որի հետ վերջին տարիներին Իրանը շատ ակտիվ տնտեսական համագործակցության մեջ էր, արդեն խնդիրների է բախվել:

Իսկ ինչ վերբերում է Հայաստանին, մենք էլ Իրանի հետ կապված հույսեր ու ծրագրեր ունենք: Սակայն, եթե մենք հստակ մեր օրակարգը ձևակերպենք և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի իրականացումն անխափան ապահովենք, գոնե այս փուլում պատժամիջոցները մեզ «չեն սպառնում», քանի որ մենք այնպիսի ծրագրեր չենք իրականացնում, որոնք կարելի է խնդրահարույց համարել:

Հարկ է նշել նաև, որ մենք Իրանի հետ համագործակցելու նախադեպը ունենք: Օրինակ՝ Իրան-Հայաստան գազատարը կառուցել ենք Իրանի դեմ խիստ պատժամիջոցների շրջանում:

Իրանի նկատմամբ սահմանված ծանր տնտեսական պատժամիջոցների ընթացքում Հայաստանը կարողացել է համագործակցել եվրոպական ու ամերիկյան իր գործընկերների հետ` հստակ բացատրելով, որ շրջափակման մեջ լինելու հանգամանքներում Իրանի հետ համագործակցությունը Հայաստանի համար անհրաժեշտություն է: Պետք է փաստել, որ Հայաստանը մշտապես հետևել է միջազգային օրենքներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2024
       
    30.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: