ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիան պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանին. ԱԳ նախարար

primeminister.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին: Այս մասին ասվում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում:

Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը և ընդգծել երկու երկրների միջև փոխադարձ ջերմ վերաբերմունքի փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ կլինի աշնանը Երևանում ընդունել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով մեր երկիր է ժամանելու պետական այցով և մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին: Վարչապետը հավելել է, որ այդ կարևորագույն միջոցառման նախապատրաստական աշխատանքները գտնվում են իր ուշադրության կենտրոնում: «Վստահ եմ, որ մեր երկրների երկխոսությունը, այդ թվում՝ կառավարությունների, խորհրդարանների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, կպահպանվի նույն ինտենսիվությամբ: Ֆրանսիական բիզնեսի ներգրավվածությունը մեր երկրում ցանկալի մակարդակի չէ: Այսօր կան բոլոր նախադրյալներն ու պայմանները՝ առևտրատնտեսական կապերը քաղաքական հարաբերությունների մակարդակին հասցնելու համար», - շեշտել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարն իր երախտագիտությունն է հղել Ֆրանսիային՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նպաստելու, ինչպես նաև այդ հարցում հստակ դիրքորոշում արտահայտելու համար: Վարչապետը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ կառուցողական մթնոլորտում շարունակելու բանակցային գործընթացը: 

Ժան-Իվ Լը Դրիանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու, ինչպես նաև Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ: «Հայ-ֆրանսիական բարեկամությունն ունի դարերի պատմություն: Ֆրանսիան պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին, մեր երկիրը միշտ կլինի ձեր կողքին ու այդ մասին Էմանուել Մակրոնը անձամբ կհաստատի Հայաստան այցի ընթացքում», - ասել է Ֆրանսիայի Եվրոպայի արտաքին գործերի նախարարը: Նա վստահություն է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը մեր երկրում կանցկացվի բարձր մակարդակով և կարևորել դրա շրջանակում նախատեսված տնտեսական ֆորումի անցկացումը, հատկապես որևէ կոնկրետ ոլորտի ուղղվածությամբ: Ժան-Իվ Լը Դրիանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում բիզնես միջավայրի բարելավումը նոր թափ կհաղորդի երկու երկրների տնտեսական փոխգործակցությանը: Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ նա ընդգծել է, որ Ֆրանսիան գիտակցում է այդ հարցում իր պատասխանատվության աստիճանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով և ավելացրել, որ որևէ բռնություն կամ ուժի կիրառում չի կարող դիտարկվել որպես հակամարտության կարգավորման հնարավորություն: 
Նիկոլ Փաշինյանը և Ժան-Իվ Լը Դրիանը կարևորել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացումն ու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ԵՄ երկրների կողմից սեղմ ժամկետներում վավերացումը, ինչպես նաև անհրաժեշտ համարել վիզաների ազատականացման հարցի շուրջ բանակցությունների մեկնարկը:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել կրթության, մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցությունից և անդրադարձել Հայաստանում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման, Ընտրական օրենսգրքում բարեփոխումների իրականացման հնարավորությանը վերաբերող հարցերի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: