ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ է ակնկալում Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ից

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց Բրյուսել իր առաջին այցը և հանդիպումը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Եթե մինչ այդ որոշ չափով հստակ էր դարձել ՀՀ նոր կառավարության քաղաքականությունը ՌԴ նկատմամբ, ապա ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում Փաշինյանի տեսլականը դեռևս այդքան էլ միանշանակ չէր։

Բրյուսելի օդակայանում լրագրողների հետ ճեպազրույցից կարելի է արձանագրել, որ պաշտոնական Երևանն` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ հետ հարաբերություններում հռետորաբանության որոշակի փոփոխություններ է կատարում։ Մասնավորապես, վարչապետը կոչ է անում Հայաստանին ուղղված ոգևորված հայտարարություններից անցնել գործնական քայլերի՝ փոխել Հայաստանի հանդեպ տարվող քաղաքականությունը, այդ թվում, մեծացնել նյութական աջակցությունը բարեփոխումների գործընթացին։ Այս ամենի համատեքստում հնչում է նաև թաքնված սպառնալիք, որ «ԵՄ-ն կարող է կորցնել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին աջակցելու շանսը»։

Միանգամայն բնական է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացների արագ տեմպն ու հաջողությունները պետք է դրական գնահատականի արժանանան ԵՄ կողմից և այդ գնահատականը պետք է նաև նյութականանա։ Փորձենք հստակեցնել, թե ինչ գործնական քայլեր կարելի է ակնկալել ԵՄ-ից այս փուլում։

Եվրամիությունն այժմ Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում նաև Հայաստանի հետ հարաբերությունները կառուցում է «ավելի շատ աջակցություն՝ ավելի շատ ակնկալիքների դիմաց» սկզբունքով, այսինքն` ԱլԳ երկրներն իրենք են թելադրում թե որքան են պատրաստ խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, և ըստ այդմ` պայմանավորվածություններ են ձեռք բերվում համագործակցության վերաբերյալ։ Հայաստանն այս փուլում իր ակնկալիքները շարադրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեսքով, որը գտնվում է ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման փուլում։ Հետևաբար, եթե Հայաստանը չի շեղվում այս համաձայնագրից և չի պահանջում նոր որակի հարաբերություններ (օրինակ՝ Ասոցացման համաձայնագիր կամ այլ որևէ ձևաչափ)՝ ԵՄ-ն խնդիր չի դնելու իր առջև վերանայել Հայաստանի հանդեպ քաղաքականությունը։ Տվյալ համաձայնագիրը բավական ընդգրկուն է և հնարավորություն տալիս է խորացնել համագործակցությունը ԵՄ հետ բոլոր ոլորտներում այնքան, որքան պատրաստ կլինի Հայաստանը։ Ուրեմն, քաղաքականության փոփոխություն ասելով առաջին հերթին հարկավոր է ակնկալել այս համաձայնագրի արագ և լիարժեք վավերացում և հարաբերությունների դինամիկ զարգացում դրա տրամաբանության ներքո։

Ինչ վերաբերում է ֆինանսական աջակցությանը, ապա եթե գործ չունենք Վրաստանի կամ Ուկրաինայի օրինակով «գունավոր հեղափոխությունների» հետ (իսկ Հայաստանի կողմից բազմիցս հայտարարվել է, որ ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցածը որևէ ընդհանրություն չունի այդ գործընթացների հետ), ապա ԵՄ-ն գործընկեր երկրների հետ ֆինանսական հարաբերությունները նույնպես կառուցում է նախապես հաստատված բյուջեի սահմաններում։ Այլ հարց է, որ հետագայում տարբեր ոլորտներում Հայաստանի արձանագրած շոշափելի առաջընթացը կարող է հիմք ստեղծել լրացուցիչ միջոցների տրամադրման համար։ Հետևաբար ֆինանսական աջակցության զգալի աճի մասին հնարավոր կլինի խոսել առնվազն ընտրությունների անցկացումից և առանձին ոլորտներում առաջընթացի անշրջելիության ապահովումից հետո միայն։

Այսպիսով, տվյալ փուլում դեռևս վաղ է ակնկալել Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության մեծացում կամ Հայաստանի նկատմամբ Բրյուսելի քաղաքականության փոփոխություն: ԵՄ կողմից հնչող գնահատականների նյութականացումն այս փուլում կարող է լինել ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի արագ վավերացման և դրա լիարժեք ուժի մեջ մտնելը, վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկը և այլն։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: