Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր գործում է վաղ առավոտից։ Ըստ ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության, ստեղծված է աշխատանքային խումբ, որն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային ստորաբաժանումներում:
«Նշված մարզերից բացի, աշխատանքային խմբի ներկայացուցիչները գործուղվել են նաև մյուս մարզեր՝ ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում ուսումնասիրելու և ըստ անհրաժեշտության արագ արձագանքելու նպատակով: Առանձին ուշադրության ներքո են լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը», - ասված է հաղորդագրությունում:
Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները կամ ահազանգերը Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100: