ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռոհանիի այցն Իրաք, կամ ամերիկյան քաղաքականության հակառակ էֆեկտը

Reuters/Khalid al-Mousily

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ավարտեց նախագահի պաշտոնում իր առաջին պետական այցը հարևան Իրաք: Այցը կարևոր էր ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլ նաև տարածաշրջանում ուժային վերադասավորումների տեսանկյունից:

Այսպես, եռօրյա այցի ընթացքում կողմերը մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերեցին տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ` այդ թվում երկու երկրներն իրար կապող երկաթգծի շինարարության մասին, որի շահագործումը լուրջ խթան կհանդիսանա երկրների միջև ապրանքաշրջանառությունը 8-ից 20 մլն դոլարի հասցնելու, ինչպես նաև զբոսաշրջության աճի համար: Վերջինիս կծառայի նաև Իրանի և Իրաքի միջև վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը:

Այս այցն ու տնտեսական համագործակցության խորացման մասին պայմանավորվածություններն Իրանի համար բավականին մեծ նշանակություն ունեն ԱՄՆ կողմից կիրառվող հակաիրանական պատժամիջոցների արդյունքում խորացող տնտեսական ճգնաժամի ֆոնին: Ընդ որում, Ռոհանիի համար դրանք կարևոր են ոչ միայն տնտեսական, այլ նաև ներքաղաքական առումով. պատժամիջոցների վերականգնումից հետո երկրում Ռոհանիի դիրքերը թուլանում են, իսկ տնտեսական համագործակցության խորացումն Իրաքի հետ կարող է մեղմել ընդդիմախոսների քննադատությունը:

Այս առումով այցը հստակ ազդակ էր նաև Միացյալ Նահանգների համար առ այն, որ Իրանին տնտեսական շրջափակման ենթարկելուն ուղղված պատժամիջոցները ցանկալի արդյունավետությամբ չեն գործում: Իհարկե, այստեղ ԱՄՆ-ը պահպանում է իրանական բնական գազ գնելու արտոնությունից Իրաքին զրկելու գործիքակազմը, սակայն դրա կիրառումն էլ ավելի կմեծացնի Իրաքում հակաամերիկյան տրամադրությունները` սպառնալիք դառնալով այդ երկրում ամերիկյան ներկայության համար:

Թեև Իրաքը շարունակում է զգալ ԱՄՆ ռազմական և հետախուզական ռեսուրսների կարիքը` վերջին տարիների քաղաքական գործընթացները ցույց են տալիս այդ երկրում ԱՄՆ ազդեցության անկման և Իրանի ազդեցության մեծացման միտումներ: Նկատենք, որ այսօր ԱՄՆ-ն Իրաքում ունի միայն ռազմական ներկայություն, իսկ Իրանը` ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական (իրաքյան իշխանությունում գնալով մեծանում է իրանամետ գործիչների թիվը), տնտեսական(հատկապես էներգետիկ ոլորտում) և մշակութային:

Փաստորեն, Մերձավոր Արևելքում Իրանի ազդեցությունը նվազեցնելու ամերիկյան քաղաքականությունը տալիս է միանգամայն այլ արդյունք. Իրանն ընդլայնում է իր ազդեցությունն Իրաքում, որի հետ հարաբերություններն ավանդաբար աչքի չէին ընկնում ջերմությամբ, պահպանում է ազդեցությունը Սիրիայում, Լիբանանում, Եմենում: Պարզ է, որ ամերիկյան առնվազն գործող վարչակազմը չի կարող համակերպվել նման իրավիճակի հետ և կփորձի Իրանի դեմ նոր միջոցներ կիրառել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: