ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի որոշումը կարող է խառնաշփոթ առաջացնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական աղմկահարույց գրառումն է կատարել Twitter-ում. «52 տարի անց Միացյալ Նահանգների համար եկել է ժամանակն ամբողջությամբ ճանաչելու Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ, որոնք Իսրայել պետության և տարածաշրջանային կայունության համար ունեն ծայրահեղ ռազմավարական և անվտանգային կարևորություն»:

Սիրիային պատկանող Գոլանի բարձունքները Իսրայելին են անցել 1967 թվականի 6-օրյա պատերազմի ժամանակ, իսկ 1981-ին Կնեսեթն օրենք է ընդունել Գոլանի բարձունքների վրա իսրայելական օրենսդրության տարածման մասին:

Գոլանի իսրայելական օկուպացիան միջազգային հանրության կողմից չի ճանաչվում, և մշտապես Իսրայելին կոչ է արվում այդ տարածքները վերադարձնել Սիրիայի վերահսկողությանը: Այժմ էլ, արձագանքելով Թրամփի գրառմանը, միջազգային հանրությունը վերահստատում է իր այդ դիրքորոշումը, սակայն դա դժվար թե առանձնակի ազդեցություն ունենա Թրամփի որոշման վրա: Հիշեցնենք, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին Թրամփի որոշումը ևս բացասաբար ընդունվեց միջազգային հանրության կողմից, սակայն դա չխանգարեց, որ ամերիկյան դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվի Երուսաղեմ:

Թրամփի այս գրառումն, իհարկե, հրաշալի նվեր է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ապրիլին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, սակայն այն միայն Իսրայելի ներքին լսարանին չի ուղղված: Սիրիայում այս պահին առկա ուժային դասավորվածությունը որևէ կերպ չի կարող գոհացնել Վաշինգտոնին, իսկ վերադասավորումների համար անհրաժեշտ է համապատասխան հող նախապատրաստել: Գոլանի բարձունքները որպես իսրայելական տարածք ճանաչելը կարող է լարվածության նոր ալիք բարձրացնել մերձավորարևելյան տարածաշրջանում` հանգեցնելով բախումների առնվազն Սիրիայի և Իսրայելի միջև (Թրամփի գրառմանը բավականին կոշտ են արձագանքել նաև Թուրքիան ու Իրանը): Այս համատեքստում հետաքրքրական է, որ օրերս Թրամփը հայտնեց Սիրիայում 400 ամերիկացի զինվորական թողնելու մտադրության մասին` չնայած մինչ այդ հայտարարվում էր Սիրիայից ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերելու մասին:

Ընդ որում, Գոլանի բարձունքներն` իսրայելական ճանաչելու Թրամփի որոշումը կարող է խառնաշփոթ առաջացնել ոչ միայն մերձավորարևելյան տարածաշրջանում, այլև միջազգային իրավունքի համատեքստում: Սիրիայի օկուպացված տարածքների ճանաչումը` որպես իսրայելական, փորձ կարվի շահարկել որպես նախադեպ միջազգային հարաբերություններում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: