ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ-ում Փաշինյանի կողմից մի քանի կարևոր շեշտադրումներ արվեցին

Ապրիլի 11-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում հանդես եկավ ելույթով և պատասխանեց խորհրդարանականների հարցերին։ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, ժողովրդավարական բարեփոխումների, հարևան երկրների հետ հարաբերությունների և այլ հարցերի հետ մեկտեղ խոսեց նաև Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Նրա ելույթում հնչեցին մի շարք ուղերձներ, որոնք ուղղված էին թե՛ միջազգային հանրությանը, թե՛ Ադրբեջանին։ Ստորև կառանձնացնենք դրանցից մի քանիսը։

Արցախյան հակամարտության տեղափոխումն այլ հարթակներ ռիսկեր է պարունակում

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Արցախյան «հակամարտության կարգավորման հարցով պիտի զբաղվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հակամարտության երեք կողմերի հետ, որովհետև միայն այս ֆորմատում է, որ տիրապետում են ոչ միայն հարցի այսօրվա վիճակին, այլև ողջ պատմությանը, բանակցային նրբություններին դրանց մեկնարկի օրից»:

Միշտ հայկական կողմերը բարձրաձայնել են, որ հարցն այլ հարթակներ տեղափոխելու և դրանցում դիվիդենտներ քաղելու Ադրբեջանի փորձերը մի շարք ռիսկեր են պարունակում և անընդունելի են։ Այդ խնդրին անդրադարձել է նաև Փաշինյանը՝ նշելով, որ «Լեռնային Ղարաբաղի հարցի հետ առնչվող այն քննարկումները, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցան 2016 թվականի հունվարին, նույն թվականի ապրիլին բռնկված Չորսօրյա պատերազմի նախերգանքը դարձան և բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակողական գործողություններ սկսելու համար»։

Պատահական չէ, որ դեռևս 2016-ի հունվարին ԵԽԽՎ-ում Ռ․ Վոլտերի և Մ․ Մարկովիչի զեկույցների քննարկման ժամանակ հայկական կողմերը դիմում էին պատվիրակներին՝ կոչ անելով հաշվի առնել, որ այդ դիսկուրսի մաս դառնալով և կողմ քվեարկելով հակահայկական այդ բանաձևերին` նրանք ազդակ են տալիս Ադրբեջանին և կիսում են պատասխանատվությունը սահմաններին զոհվող հայ զինվորների կյանքերի համար։

ԵԽԽՎ ամբիոնից այսօր վարչապետի կողմից այս թեզի բարձրաձայնումը խիստ կարևոր է, և մնում է հուսալ, որ ուղերձը կընկալվի, և Ադրբեջանի հետագա նման նկրտումները կկանխվեն` առավել ևս, հաշվի առնելով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ծավալած կոռուպցիոն գործունեության դեմ ծավալված արշավը։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կարևորումը, որպես բանակցային միակ ձևաչափ, կարևոր է նաև Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո առանց միջնորդների անցկացված Փաշինյան-Ալիև մի քանի հանդիպումների համատեքստում։ Այս հանդիպումների արդյունքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդական ձևաչափի կենսունակությունը կարող էր հարցականի տակ դրվել, կամ տպավորություն ստեղծվել, որ Հայաստանը դեմ չէ այլ ձևաչափերով քննարկումներին։ Փաշինյանի այս հայտարարությունը, ի լրումն Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդությամբ մարտի 29-ին կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման, չեզոքացրեց այդ միտումները։

Արցախի բնակչության իրավունքները պետք է պաշտպանվեն

«Եթե Լեռնային Ղարաբաղը դեռևս միջազգայնորեն ճանաչված չէ որպես անկախ պետություն, մի՞թե Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց մարդ լինելու վերաբերյալ միջազգային բանավեճ կա: Մի՞թե մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային առաջամարտիկներից մեկի՝ Եվրոպայի խորհրդի համար առաջնայինը փաստաթուղթն է և ոչ թե իրական մարդը»,նշել է Նիկոլ Փաշինյանը։

ԵԽ-ն, որպես մարդու իրավունքների պաշտպանությունը գերակայություն հռչակած կառույց, չի կարող թույլ տալ սև խոռոչների առկայությունը և չաջակցել արցախյան ՀԿ-ների և ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը։ Այս մասին վերջին տարիների ընթացքում բազմիցս հայտարարվել է, և այս հարցը պետք է շարունակի միշտ օրակարգում լինել։

Արցախը Եվրոպայի մաս է, կիսում է եվրոպական արժեհամակարգը, և հետևաբար, անկախ կարգավիճակից, արցախցիների իրավունքների պաշտպանությունը պետք է եվրոպական օրակարգի մաս լինի։

Հայաստանը կարևորում է խաղաղության օրակարգը

«Վերջին շրջանում խաղաղության օրակարգը, խաղաղության բանաձևը կյանքի կոչելու առաջարկներ ներկայացնելը մեր ադրբեջանցի գործընկերներին և հանրությանը՝ մեր ամենակարևոր անելիքներից մեկն է»,- ասել է Փաշինյանն՝ ընդգծելով, որ այդ համատեքստում կարևոր քայլերից մեկը բանակցային ֆորմատի լիարժեքության վերականգնումն է. Արցախի լիարժեք վերադարձը բանակցյաին սեղանին։

Խաղաղության օրակարգի ներքո նա հատկապես կարևորում է երկխոսության մեկնարկը հանրությունների միջև, «որ մենք մեր հանրություններին պատրաստենք խաղաղության և ոչ թե պատերազմի»: Որպես երկխոսության նման հարթակ, վարչապետի կողմից կրկին առաջարկվել է ուշադրություն դարձնել սոցիալական ցանցերում քննարկումներին։

Խաղաղության օրակարգն, անշուշտ, կարևոր է, սակայն նման օրակարգի առաջարկ անելիս պետք է արվի առավելագույնը մի կողմից՝ հնարավոր ռիսկերը նվազեցնելու, մյուս կողմից՝ հանրության համար ընկալելի և բոլոր կողմերում համաչափ քայլեր ապահովելու ուղղությամբ։ Կարևոր են հանրային քննարկումները, Արցախի մոտեցումները ներկայացնելը, ինչպես նաև երաշխիքներ ունենալը, որ Ադրբեջանը նույնպես պատրաստ է քայլեր ձեռքներկել այդ ուղղությամբ և պատրաստել սեփական հանրությանը խաղաղության։ Հակառակ դեպքում, Հայաստանի նման նախաձեռնողականությունը կարող է սխալ ընկալվել Ադրբեջանի կողմից և նոր սպառնալիքներ ստեղծել։

Ամփոփելով նշենք, որ ԵԽԽՎ-ն կարևոր հարթակներից մեկն է եվրոպական օրակարգի, հատկապես՝ մարդու իրավունքներին և ժողովրդավարությանն առնչվող հարցերի քննարկման համար։ Եվ Արցախին առնչվող խնդիրները պետք է մշտապես պահվեն օրակարգում, սակայն ոչ թե կարգավորման գործընթացի, այլ առաջին հերթին՝ հենց արցախցիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ ԵԽ-ն անելիք ունի Արցախում և այդ անելիքը բավական մեծ է։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: