ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք-արաբական լարվածությունն անդրադառնում է նաև Հայաստանին

inosmi.ru

Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ Լիբիական ազգային բանակն ակտիվ հարձակման է անցել Տրիպոլիի հարավում և մոտենում է մայրաքաղաքի կենտրոնին:  Ազգային համաձայնության կառավարությունը հայտարարում է, որ Հաֆթարի գործողություններին մասնակցում է նաև օտարերկրյա ավիացիա, սակայն չի հստակեցվում` թե որ երկրների մասին է խոսքը:

Այս պահի դրությամբ Լիբիայում ռազմական գործողություններին օտարերկրյա ուժերի մասնակցության  որևէ ապացույց չկա, սակայն պետք է նկատել, որ այստեղ արտաքին ուժերը, առաջին հերթին` տարածաշրջանի երկրները, իրական հետաքրքրվածություն ունեն: Այսպես, Խալիֆա Հաֆթարը վայելում է Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Եգիպտոսի աջակցությունը, իսկ Տրիպոլիի Ազգային համաձայնության կառավարությունը` Թուրքիայի և Կատարի:

Հաֆթարին աջակցող ուժերի կարծիքով` Տրիպոլիիում գործող կառավարությունը վերահսկվում է ծայրահեղական իսլամական խմբավորումների կողմից: Արաբական գարունից հետո Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն տարածաշրջանում կայունության հաստատումը կապում են զինվորականների իշխանության հաստատման հետ: 2011 թվականին Թունիսում, Լիբիայում, Եգիպտոսում, Սիրիայում, Եմենում տեղի ունեցած զարգացումների հետևանքով գործող վարչակարգերի տապալումը կամ թուլացումը հանգեցրեց իսլամական ծայրահեղականության աճին` այդ թվում այնպիսի  ահաբեկչական կազմակերպությունների ձևավորմանը, ինչպիսին է «Իսլամական պետությունը»: Այժմ արաբական միապետությունները, որոնք, ի դեպ, նույնպես ֆինանսավորում են իսլամական ծայրահեղական խմբավորումների,  փորձում են տարածաշրջանում ամրապնդել զինվորական ռեժիմների դիրքերը` կայունություն հաստատելու համար, ինչպես եղավ Եգիպտոսում 2013 թվականի ռազմական հեղաշրջման արդյունքում: Ի դեպ, Եգիպտոսը Լիբիայում առանձնակի հետաքրքրություն ունի, քանի որ Տրիպոլիում գործող կառավարությունում բավականին ամուր են եգիպտական գործող իշխանությունների, կարելի է ասել, գաղափարական թշնամիների` «Մուսուլման եղբայրներ» խմբավորման դիրքերը:

Տարածաշրջանային ուժերի դասավորությունը նույն է նաև Սուդանում: «Արաբական դեմոկրատիայի» գաղափարները պաշտպանող Թուրքիայում և Կատարում փորձում են թույլ չտալ զինվորականների իշխանության ամրապնդում աֆրիկյան այդ երկրում, իսկ Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Եգիպտոսում` հակառակը: Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ն ռազմական հեղաշրջումից հետո 3 մլրդ դոլար ֆինանսական աջակցություն են տրամադրել տնտեսական լուրջ դժվարությունների առաջ կանգնած աֆրիկյան այս երկրին, սակայն Սուդանի հասարակությունը հաստատակամ է դեմոկրատական փոփոխությունների հասնելու հարցում և որևէ կերպ չի համաձայնում հեղաշրջումից հետո ձևավորված Ռազմական խորհրդի պահպանմանը:

Ընդ որում, պետք է նշել, որ հյուսիսաֆրիկյան այս երկրներում կողմերի հետաքրքրությունը ոչ միայն քաղաքական է, այլ նաև անվտանգային ու տնտեսական:

Այսպիսով, կարելի է փաստել, որ արաբական աշխարհի առաջատար երկրներն ու Թուրքիա-Կատար կոալիցիան տարածաշրջանային քաղաքականությունում ունեն մոտեցումների լուրջ տարբերություններ ոչ միայն Իրանի հետ համագործակցության հարցում: Այդ տարաձայնություններն գնալով ավելի են խորանում` տարաբնույթ արտահայտումներ ստանալով երկկողմ հարաբերություններում: Թերևս հենց այս տարաձայնություններով է պայմանավորված նաև Ստամբուլում սաուդյան հյուպատոսության շենքում սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանության շուրջ թուրքական իշխանությունների բարձրացրած մեծ աղմուկը:

Հենց այս տարաձայնություններով է բացատրվում նաև արաբական երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին խոսակցությունների ակտիվացումը: Մասնավորապես, Ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին գրել են ԱՄէ լրատվամիջոցները, թեմային լայն անդրադարձ են ունեցել սաուդյան ԶԼՄ-ները` դատապարտելով Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը: Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին հայտարարել է Արևելյան Լիբիայի կառավարությունը: Վերջին տարիներին այս թեմայով ակտիվ քննարկումներ կային նաև Եգիպտոսում:

Արաբական երկրների` այդ թվում նաև Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Սաուդան Արաբիայի կողմից Հայոց ցեղասպանության թեմայի շահարկումը խոսում է այն մասին, որ սունիական այս երկու կոալիցիաների միջև տարաձայնությունները գնալով ավելի են սրվում` մերձավորարևելյան տարածաշրջանը դարձնելով էլ ավելի անկայուն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: