ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

G7 գագաթաժողով. հավանական է ԵՄ-ԱՄՆ առևտրային լարվածության որոշակի թուլացում

Ֆրանսիայում ընթանում է Մեծ Յոթնյակի գագաթաժողովը, որի պաշտոնական մեկնարկը տրվեց երեկ՝ օգոստոսի 24-ին, Էմանուել Մակրոնի գլխավորած աշխատանքային ընթրիքով:

Ըստ հայտարարված օրակարգի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ճապոնիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի ղեկավարները կփորձեն լուծել աշխարհում առկա անհավասարությունների խնդիրը: Դրա ներքո առավել մեծ հնչեղություն ունի Միացյալ Նահանգների երկկողմանի առևտրային պրոտեկցիոնիստական քաղաքականությունը ուղղված Եվրոպային ու Չինաստանին:

Երկու տարածաշրջանների հետ էլ մասնակի կամ ամբողջական առևտրային սանկցիաների ներդրմամբ Միացյալ Նահանգները հարվածի տակ են դնում ինչպես այդ տարածաշրջանների ու սեփական տնտեսությունն, այնպես էլ համաշխարհային առևտրային նորմերն ու բնականոն ընթացքը, այդ թվում՝ ԱՀԿ գործունեությունը լայն իմաստով:

Չինաստան-ԱՄՆ փոխադարձ մաքսային սահմանափակումներն ու աճող դրույքաչափերն իսկապես գործընթացը հանգեցրել են առևտրային պատերազմի: Այս երկրների միջև յուրաքանչյուր խստացող գործողությանը պատասխան միջոցի կիրառումը դարձել է սկզբունքի հարց: Երկու երկրների  միջև առևտրային լարվածության  վերջին էսկալացիային ականատես եղանք օգոստոսի 24-ին, երբ հայտնի դարձավ Չինաստանի կողմից 75 մլրդ դոլարի ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսային դրույքաչափի բարձրացում 5%-ից 10%-ի:  Ի դեպ, սա ամերիկյան նույնանման ավելի վաղ իրականացված գործողության պատասխանն էր, որի հերթական պատասխանի մասին երեկ Միացյալ Նահանգները հայտարարեց:

Մյուս կողմից Միացյալ Նահանգներ –ԵՄ առևտրային լարվածությունն է:  Չայած այս դեպքում ամերիկյան թիրախում հայտնվել են ավելի քիչ ապրանքատեսակներ (ավտոմեքենաներ, գինիներ), ի տարբերություն Չինաստանի, սակայն խնդիրն այս պարագայում ավելի մեծ է: Մի կողմից դրա պատճառ է հանդիսանում այն հանգամանքը, որ Եվրամիության հետ առևտրային լարվածության մեջ մտնելով Միացյալ Նահանգները գործ ունի  մի շարք երկրների հետ միաժամանակ: Բացի այդ, այս դեպքում Եվրոպայի պատասխան գործողությունները չեն սահմանափակվում միայն ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսային վճարների թանկացմամբ: Եվրամիությունն արդեն ամիսներ շարունակ զբաղվում է եվրոպական երկրներն ամերիկյան սանկցիաներից պաշտպանող հիմնադրամի մշակման վրա, որի մասին հերթական անգամ հայտարարվեց օգոստոսի 23-ին: Խոսքը 100 մլրդ դոլար արժողությամբ հիմնադրամի մասին է, որում կներդրվեն եվրոպական ընկերությունների արժեթղթեր:

Ամփոփելով կարող ենք ենթադրել, որ Միացյալ Նահանգների համար շատ ավելի հեռանկարային է Եվրամիության հետ փոխզիջումների հավանականությունը՝ հաշվի առնելով հանգամանքը, որը եվրոպական հակակշիռն իսկապես մեծ է: Մյուս կողմից ընդամենը օրեր առաջ Թրամփը հայտարարեց, որ Չինաստանի հետ առևտրային պատերազմն իր առաքելությունն է և որ ինքն ընտրյալ է, ով պետք է վերջ դնի այդ երկրի կողմից տասնամյակներ շարունակ ամերիկյան սեփականության թալանին: Այս հայտարարությունից առնվազն կարելի է ենթադրել, որ Չինաստանի նկատմամբ ամերիկյան տրամադրությունները հուսադրող չեն:

Ինչ վերաբերում է Մեծ Յոթնյակի գագաթաժողովից սպասումներին, ապա ամենայն հավանականությամբ Միացյալ Նահանգները կփորձի Եվրամիության հետ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել՝ կանխելու ԵՄ-Չինաստան հավանական միասնությունն այս հարցում:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: