ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չին-ամերիկյան տնտեսական կոնֆլիկտը տեղափոխվում է ֆինանսական հարթություն

Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև 2018թ.-ից սրված առևտրային պատերազմի շուրջ ընթացող բանակցությունները, կարծես թե, որոշակի պտուղներ են տալիս: Կողմերն, առնվազն, արդեն խոսում են որոշակի մաքսային սահմանափակումների չեղարկման մասին, ինչը դրական ազդակներ է հաղորդում համաշխարհային շուկաներին:

Սակայն ամեն ինչ այնքան դրական չէ, որքան կարելի էր սպասել երկու գերտերությունների միջև տարիների լարվածությունից հետո: Բանն այն է, որ հոկտեմբերի կեսերին, ճիշտ նույն ժամանակ, երբ ակտիվ փուլում էին չին-ամերիկյան բանակցությունները, հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը մտադիր է արգելել ամերիկյան ըկերություններին Չինաստանից արժեթղթեր գնել: Դա նույնն է, ինչ թողնել Չինաստանն առանց դոլարների:

Ստացվում է, որ բանակցելով փոխադարձ մաքսային սահմանափակումների կրճատման շուրջ, Վաշինգտոնը միաժամանակ ձգտում է այլ կերպ բալանսավորել Չինաստանի առևտրային առավելությունները Միացյալ Նահանգների տնտեսության նկատմամբ: Չի լինի դոլար, հնարավոր չի լինի իրականցնել փոխադարձ առևտուր: Ըստ էության, նույն նպատակին էին ծառայում նաև մաքսային սահմանափակումները: Ստացվում է, որ չին-ամերիկյան տնտեսական կոնֆլիկտը տեղափոխվում է այլ՝ ֆինանսական հարթություն:

Այսպես, համաձայն ANZ Research-ի հետազոտությունների արդյունքների, Չինաստանը իրավիճակը կփորձի կառավարել սեփական նախաձեռնությամբ դոլարից հրաժարվելու միջոցով:  Խոսքը սեփական պահուստների դիվերսիֆիկացմանն է վերաբերում:

Նշենք, որ այս պահի դրությամբ պետական պահուստի մակարդակով աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկի պահուստային ֆոնդի կեսից ավելին (գրեթե 59 տոկոս) ամերիկյան դոլարով է: Միևնույն ժամանակ, Չինաստանին են պատկանում ոսկու ամենամեծ պաշարները: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Չինաստանը կշարունակի ոսկու պահուստները մեծացնելու քաղաքականությունը՝ որպես դոլարային պահուստների այլընտրանք:

Հաշվի առնելով չինական տնտեսության արտահանման ուղղվածությունը՝ երկրին արժույթ է պետք: Հետևաբար նաև սպասելի է, որ դոլարի դիվերսիֆիկացումը միայն ոսկով չի սահմանափակվի:

Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է Չինաստանի առևտրատնտեսական կապերի ընդլայնում այլ՝ ոչ ամերիկյան, ուղղություններով: Առաջին տեղում, իհարկե, Եվրոպան է, ՌԴ-ն և զարգացող այլ տնտեսությունները: Ի դեպ, վերջիններում ենթակառուցվածքային ներդրումների նկատմամբ հետաքրքրությամբ Չինաստանը հայտնի է վաղուց:  Այս կոնտեքստում սպասելի է նաև «Նոր Մետաքսի ճանապարհի» ակտիվացման հերթական ալիք:

Վերադառնալով չին-ամերիկյան հարաբերություններին՝ նշենք, որ եթե այսօրինակ զարգացումները շարունակվեն, համաշխարհային տնտեսությանը սպասվում է ֆինանսական խոշոր ցնցում՝ ի դեմս դոլարի դիրքերի թուլացման:

Կլինեն այդպիսի զարգացումներ, թե ՝ ոչ, մի բան հստակ է. Միացյալ Նահագների և Չինաստանի միջև տնտեսական տարաձայնությունները լուծելու ցանկությունն այնքան էլ մեծ չէ, եթե անգամ այս պահին վերացվեն մաքսային որոշ սահմանափակումներ: Դա ինքնին համաշխարհային տնտեսության համար բացասական ազդակ է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: