ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Խելացի քաղաք» -ի մասին լուրերում լրջության պակաս կա

Նախորդ շաբաթ Հայաստանի տնտեսական կյանքում բավական հավակնոտ լուր հայտնվեց. Չինաստանը պատրաստ է Հայաստանում մինչև 15 մլրդ դոլարի ներդրում կատարել՝ հայ-չինական «խելացի քաղաք» հիմնելու նպատակով:  Անցյալ շաբաթ նույնիսկ ներդրումային ծրագրի ստորագրման արարողություն տեղի ունեցավ:

Ըստ դաշտում առկա սահմանափակ տեղեկատվության, պայմանագրի հայկական կողմը ներկայացնում է  Հայաստանի վերակառուցման և զարգացման ԱԴԿԱՌՍ գործակալությունը: Նշվում է, որ չինական կողմում կառավարությունն է: Ավելին, ԱԴԿԱՌՍ-ի նախագահ Սարգիս Գևորգյանը նույնիսկ պնդում է, որ սույն ներդրումային ծրագիրը Չինաստանը ներառում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում:

Նշվում է, որ նախագիծն իրականացվելու է 15 տարում: Չինական կողմը հորդորել է կառուցվելիք քաղաքի համար նախատեսել 15-20 ք/կմ տարածք էկոլոգիապես մաքուր միջավայրում: Քաղաքը համարվելու է հայ-չինական՝ 15 000 հայ և չինացի բնակիչներով: Ներկայացված չէ՝ ինչ համամասնության մասին է խոսքը:

 Քաղաքի տեղակայման մասին դեռևս հստակություն չկա, սակայն ԱԴԿԱՌՍ-ի և չինական կողմի հետ պայմանագրի ստորագրման ներկայացված առցանց արարողությանը ներկա էր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, և Սարգիս Գևորգյանը նույնիսկ ակնարկեց, որ լավ կլինի քաղաքի կառուցումը դիտարկվի հենց Շիրակի մարզում:

Ներկայացվող «խելացի քաղաքը» լինելու է գիտահեն տնտեսությանն անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակման կենտրոն: Ներկայացվող նպատակը՝ չինական ռեսուրսներով հայկական գիտական ներուժի նյութականացումն է:

 

Ո՞ւր է պետությունը 

Այն, որ ներկայացված ներդրումային նախագիծն ունի լրջության պակաս, անկասկած է: Սկսած պայմանագրի ստորագրման ենթադրյալ արարողության կազմակերպումից, հայկական կողմի ներկայացուցչի կեցվածքից, վերջացրած այդ նույն ընթացքում Շիրակի մարզպետի «բացակա» ներկայությամբ առաջանում են բոլոր հիմքերը թերահավատորեն մոտենալու առհասարակ այս ծրագիր գոյության փաստին: 

Բայց այս ամենում ամենակարևոր ու զարմանալի գործոնը Հայաստան պետության բացակայությունն է պրոցեսներից: Արդյո՞ք բալանսների աննորմալ խախտում չէ, երբ դիտարկում ենք 15 միլիարդ դոլարանոց խոշոր ներդրումային ծրագիր, որի մի կողմում Չինաստան պետությունն է, մյուս կողմում հայկական ՍՊԸ: Ընդ որում, խոսքը հայկական կողմից վերաբերում է մի գործակալության, որի կայքն ի թիվ մի շարք այլ հանգամանքների, նաև «Պրոեկտներ» բաժնում (կայքում բաժնի անունը հենց այսպես՝ տառասխալով էլ գրված է) սեփական նախաձեռնության մասին ինֆորմացիայի բացակայության փաստով անլուրջ վերաբերմունք է առաջացնում: Ի դեպ, օգոստոսի վեցին ստորագրված պայմանագիրն առհասարակ հասանելի չէ:

Ինչ վերաբերում է չինական կողմին, ապա այստեղ ևս ներդրումային ծրագրի մասին որևէ տեղեկատվություն չկա: Մինչդեռ խոսքը վերաբերվում է խոշոր ներդրումային ծրագրի ու իբրև թե Չինաստան պետությանը և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» վերազգային նախագծին:

Հայաստանի Հանրապետությունն առհասարակ ներկայացված չէ ոչ մի մակարդակով: Թերևս այստեղ կարելի է նշել միայն Շիրակի մարզպետի ֆիզիկական ներկայությունը պայմանագրի առցանց ստորագրման արարողությանը:

Այսպիսով, Հայաստանի պատմության մեջ «չինական խոշորագույն ներդրումային ծրագրի» մասին ինֆորմացիան առաջացնում է միայն հարցեր, իսկ այս ամենին անգամ փոքր լրջություն հաղորդելու պարագայում՝ նույնիսկ մտահոգություններ:

 

Չինաստանն իրականացնում է «խելացի քաղաքների» նախագծեր 

 

«Խելացի քաղաքաների» երևույթը համաշխարհային տնտեսությունում արդիական է, և դիտարկվում է՝ որպես 21-րդ դարի ուրբանիզացիայի մոդել:

Չինաստանն այս ուղղութամբ  տեխնոլոգիաների մշակման համաշխարհային առաջատարներից է, եթե ոչ՝ առաջինը:  «Խելացի քաղաքի» տեխնոլոգիաներն իսկզբանե ներդրվել են աղբի, խցանումների ու հանցագործության դեմ պայքարի համար՝ դարձնելով քաղաքն ավելի մաքուր ու հանգիստ: Ավելի լայն իմաստով, այդ տեխնոլոգիաները ենթադրում են բոլոր համակարգերի ու գործընթացների թվայնացում, ամբողջական հսկողություն:   Իրականացման մեխանիզմները ենթադրում են տվյալների բազաների ստեղծում կենսագործունեության հնարավոր բոլոր որոտների համար, ինչպես նաև ֆիզիկական հսկողություն բնակիչների նկատմամբ՝ աննկարագրելի շատ տեսախցիկների առկայությամբ: Երևի թե այս գործոնով պայմանավորված է, որ «խելացի քաղաքաներն» արդեն իսկ ասոցացվում են տոտալ վերահսկողության սահմանման հետ, իսկ դրանց դրական արդյունքների «գինը» համարվում է ազատությունների սահմանափակումը:

Այդպիսի քաղաքները ենթադրում են որոշակի չափորոշիչներ, որոնց թվում ի թիվս բազմաթիվ պայմանների, ինչպիսիք են գիտնականների որոշակի քանակի ապահովում, ռեգիոնալ տնտեսական մակարդակի գնահատումը և այլ, ներառված են նաև էկոլոգիական պարամետրեր`օդի աղտոտվածության մակարդակը, միջավայրի աղմուկի աստիճանը, ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և այլն:

Չինաստանի «խելացի քաղաքի» լավագույն փորձ է համարվում Սինո-Սինգապուր Տզանցյինը, որը գտնվում է Պեկինից 150 կմ հեռավորության վրա: Չինաստանի և Սինգապուրի համատեղ նախագծի նպատակը նոր տեխնոլոգիաներով շրջակա միջավայրի պահպանությունն է, ռեսուրսների խնայողությունն ու կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը:

Հատկանշանակ է, որ նախագծի մեկնարկը տրվել է 2007թ.-ին երկու երկրների կառավարությունների միջև ստորագրված շրջանակային համաձայնագրով:

 

Չինաստանը լուծում է գերբնակեցվածության խնդիր 

Չինաստանում քաղաքային բնակչության խնդիրը բավական մեծ է: Բնակչության թվով աշխարհի առաջատար երկրի քաղաքային բնակչությունը կազմում է  ընդհանուրի մոտ 58 տոկոսը:

Ներկայումս Չինաստանում հաշվվում են 662 խոշոր քաղաքներ, դրանց թվում 160-ը միլիոնի հասնող բնակչությամբ: «Խելացի քաղաքների» գաղափարը չինական կառավարության կողմից հետապնդում է նաև խոշոր ենթակառուցվածքների կառավարման հեշտացում, և խորը ուրբանիզացված կենտրոնների բեռնաթափման նպատակ: Չին-սինգապուրյան համատեղ Սինո-Սինգապուր Տզանցյինը դրա փաստացի օրինակ է, քանի որ մինչ «խելացի քաղաք» դառնալն այն դատարկ, չբնակեցված տարածք էր:

Ավելի գլոբալ, հանրության բնակեցման խնդիր Չինաստանը հետապնդում է տարիներ ի վեր ոչ միայն սեփական երկրի տարածքում: Չինացիների կողմից հողատարածքների գնման պրոցեսները վերջին տարիներին ակտիվանում են ՌԴ-ում, Վենեսուելայում, Զիմբաբվեում, վարձակալում են Բրազիլիայում ու Արգենտինայում: Հողատարսծքների գնման ու վարձակալության լայնածավալ ալիք նկատվեց նաև Ուկրաինայում: Ընդ որում, տարբեր երկրներում չինական գործունեությունը` գնում կամ վարձակալություն, ըստ ամենայնի, բխում է հստակ հաշվարկներից, այդ թվում` ինչ սղության ու կարիքների մեջ են այդ երկրները:

Այս պրոցեսների երևացող ու առաջնային պատճառներից համարվում է եղանակային պայմանների վատթարացմամբ, Չինաստանի պարենային անվտանգությանը սպառնացող վտանգը: Մինչդեռ այդպիսով, ընդհանուր առմամբ, Չինաստանը լուծում է մի շարք հարցեր, այդ թվում` գերբնակեցվածության ու հետևաբար նաև սոցիալական բեռի թեթևացման խնդիր, ինչպես նաև այլ երկրներում չինական գործոնի մեծացման:

 

Ամփոփում

Եթե վերադառնանք հայ-չինական «խելացի քաղաքի» ներդրումային ծրագրին, ապա այն այս պահի դրությամբ եղած ինֆորմացիայով, կամ դրա բացակայությամբ կոմպետենտ մարմինների մոտ երկու կողմում էլ, թույլ է տալիս, մեղմ ասած, թերահավատորեն մոտենալ նախագծի գոյության փաստին: Այլ է խնդիրը, թե ինչ հիմքերով էին որոշ շրջանակներ արդեն իսկ նշում «աննախադեպ» ներդրումային ծրագիրն և ինչ է շահում պետությունն, այս դեպքում` իշխանությունները ոչ հերքելով, ոչ էլ որևէ կերպ հաստատելով լուրի իսկությունը: Վերջինի մասով, ինչպիսին էլ լինի իրականությունը, և ինչ նպատակներ էլ հետապնդի իշխանությունը, սա հարված է երկրի ներդրումային վարկանիշին: Հարված է, եթե նմանատիպ կեղծ լուրը կարող է քննարկում ու տարածում գտնել իշխանական շրջանակների կողմից: Հարված է, եթե սա սուտ ինֆորմացիա է և պետությունը չի շտապում դրա մասին հայտնել: Սա գլոբալ հարված է մեր երկրի ներդրումային գրավչությանը նույնիսկ այն պարագայում, եթե անգամ ամեն ինչ ներկայացված է շատ ճիշտ, բայց նմանատիպ խոշորամասշտաբ նախագծում չեն նշմարվում կարգավորվող պետական լծակներ: Հատկապես այն դեպքում, երբ ներդրում ընդունելը կամ խոչընդոտելը կառավարման մակարդակով արդեն իսկ հաստատվել է ջինսե տաբատների տրամադրություն ունենալ/չունենալու նախադեպի վրա:

Եվ եթե, այնուամենայնիվ առաջնորդվենք այն կանխավարկածով, որ ներկայացված ամեն ինչ ճիշտ է, ապա կառավարող ուժն առնվազն պարտավոր է նախ հասկանալ, թե ինչ մարտահրավերներ կարող է պարունակել նմանօրինակ նախագիծը, ապա իրականացնել գործողություններ դրանք չեզոքացնելու ուղղությամբ:

Մարտահրավերների հարցն առավել քան սուր է ընկալվում այն դեպքում, երբ իշխող ուժի բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից հնչում է Հայաստանի դեմոգրաֆիական խնդիրը, օրինակ, քրիստոնեա արաբների ներհոսքով լուծելու մոտեցումը: Այս դեպքում, առնվազն հարց է աաջանում. իսկ կարո՞ղ է պատահել մի օր, օրինակ, չինացիների միջոցով դեմոգրաֆիական խնդիր լուծելու հարցի առաջ կանգնենք, կամ առնվազն այդ ժամանակ կարո՞ղ ենք բացատրել` ինչու քրիստոնեա արաբներն` այո, իսկ չինացիները` ոչ….

 

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: