ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞ւմ է ձեռնտու պաղեստինա-իսրայելական ընթացիկ սրացումը

Suhaib Salem/Reuters

Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակը շարունակում է  խիստ լարված մնալ: Մայիսի 7-ին Իսրայելի իրավապահների և պաղեստինցիների միջև բախումներ են սկսվել Արևելյան Երևուսաղեմի միաժամանակ երկու հատվածներում՝ Տաճարի լեռան վրա և Շեյխ Ջարահ  հատվածում, որտեղ իսրայելական դատարանի որոշմամբ ուժայինները փորձում էին վտարել մի քանի արաբ ընտանիքների, ինչն ուղեկցվում էր տեղի արաբ  բնակչության բողոքի ակցիաներով:

Մայիսի 11-ից Արևելյան Երուսաղեմում բախումները վերաճեցին հրթիռային «փոխհրաձգության» Իսրայելի և Գազայի հատվածի միջև, նախահաձակը Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժումն էր: Վերջինս Իսրայելին վերջնագիր էր ներկայացրել՝ պահանջելով դուրս հանել իր անվտանգության ուժերն ալ-Ակսա մզկիթից: Իսրայելի իրավապահները հատուկ գործողությունից հետո սահմանափակել են պաղեստինցի հավատացյալների մուտքն իսլամի՝ նշանակությամբ երրորդ սրբավայր հանդիսացող այս մզկիթ: Եվ այս ամենը տեղի է ունենում մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում, ինչը, բնականաբար, էլ ավելի է սրում պատեստինցիների ընկալումները և դրանից բխող գործողությունները:

Վերջնագրի ժամկետի ավարտից հետո ՀԱՄԱՍ-ը հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ: Կողմերն արդեն հասցրել են փոխանակվել հարյուրավոր հրթիռներով, որոնք ավերածություններ են հասցրել ինչպես Գազայի հատվածում, այնպես էլ Իսրայելում՝ հանգեցնելով տասնյակ զոհերի՝ այդ թվում երեխաների շրջանում, և հարյուրավոր վիրավորների:

Նշենք, որ մայիսյան սրացումները պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում, կարելի է ասել, միանգամայն կանխատեսելի են:  Այս ամիս հրեաների կողմից նշվող երկու իրադարձությունների՝ Երուսաղեմի օրվա և Իսրայել պետության հռչակման կապակցությամբ պաղեստինցիները որպես կանոն ակցիաներ են իրականացնում, որոնք վերածվում են անկարգությունների և իրավապահների հետ բախումների:

Սակայն այսօր տեղի ունեցողն էականորեն տարբերվում է նախորդ տարիների լարվածությունից: Այն, կարելի է ասել, ամենամեծն է 2014 թվականից ի վեր, երբ Իսրայելը Գազայի հատվածում իրականացնում էր «Անկոտրում ժայռ» ռազմական գործողությունը:

Ընթացիկ սրացումը տեղի է ունենում երկու կողմերի մոտ իշխանության ձևավորման գործընթացների ֆոնին: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չկարողացավ սահմանված ժամկետում կառավարություն ձևավորել, և այդ մանդատը փոխանցվեց ընդդիմադիրներ Յաիր Լապիդին և Նավտալի Բեննետին: Նրանք մայիսի 10-ին հայտարարեցին կոալիցիա ձևավորելու բանակցությունների մոտալուտ ավարտի մասին: Խոսքն, ըստ էության, արաբական կուսակցություններից «ՌաաՄ»-ի հետ բանակցությունների մասին էր: Սակայն վերջինս հրթիռակոծություններից հետո հայտարարեց, որ սառեցնում է հնարավոր կոալիցիային միանալու շուրջ բանակցությունները:

Արդյունքում շատ հավանական է, որ Իսրայելը կրկին կանգնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության առաջ: Սա բավականին ձեռնտու է Նեթանյահուին, քանի որ այդ ընթացքում նա պահպանում է իշխանությունը: Ընթացիկ սրացումը Նեթանյահուին ձեռնտու է մեկ այլ տեսանկյունից ևս՝ այն հստակ ցույց է տալիս իսրայելցիներին, որ ընտրությունների ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բացառապես անվտանգության հարցին, ինչը շատերի մոտ ասոցացվում է հենց Նեթանյահուիի հետ: Միևնույն ժամանակ, սա փորձ է արվում ներկայացնել որպես Իսրայել պետության անվտանգային համակարգի թուլացման արդյունք, որը պատճառ է երկրում այսքան երկար ժամանակ շարունակվող քաղաքական ճգնաժամի: Նման պայմաններում, ըստ էության, Նեթանյահուն ավելի կոշտ է արձագանքելու պաղեստինցիների գործողություններին, սակայն փորձելու է լարվածությունը պահել կառավարելի դաշտում:

Ստեղծված իրավիճակից դիվիդենտներ է քաղում նաև պաղեստինյան կողմը: Մասնավորապես, Արևմտյան ափում և Գազայի հատվածում ընտրությունների հետաձգումից հետո, որն, ի դեպ, պետք է լիներ առաջինը վերջին 15 տարվա մեջ, պաղեստինյան հիմնական քաղաքական ուժերը փորձելու են ամրապնդել իրենց դիրքերը: Ընդ որում, եթե Նեթանյահուի համար իր քաղաքական շահերի տեսանկյունից ցանկալի է կառավարելի սրացումը, ապա Արևմտյան ափում իշխող ՖԱԹՀ-ի համար լայնամասշտաբ գործողությունները ռիսկային են, քանի որ կարող է հանգեցնել Արևմտյան ափում ծայրահեղական տրամադրությունների և մասնավորապես ՀԱՄԱՍ-ի ազդեցության մեծացման:

Ամեն դեպքում, պետք է նշել, որ ընթացիկ լարվածությունը շատ արագ կարող է դուրս գալ վերահսկողությունից: Ավելին, չի բացառվում, որ այս սրացումը կարող է վերածվել պաղեստինյան երրորդ ինտիֆադայի (առաջին ինտֆադան (արաբերենից թարգմանաբար՝ ապստամբություն) եղել է 1987-1993, երկրորդը՝ 2000-2005 թվականերին): Թերևս որոշիչ է լինելու մայիսի 13-ից՝ Ռամադանի վերջին օրվա՝ այդ ալ Ֆիտրից հետո տեղի ունեցող զարգացումների դինամիկան:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: