ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետը պարգևատրել է տարվա 10 լավագույն մարզիկներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է 2021 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, հայկական սպորտի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Մարզական հանրության հարգելի ներկայացուցիչներ,

Սիրելի մարզիկներ և սիրելի մարզիչներ,

Նախ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել 2021 թվականի ընթացքում ունեցած մրցելույթների և առավելևս՝ հաղթանակների համար:

Գիտեք, որ 2021 թվականին առավելևս մենք բոլորս և մեր հանրությունը հաղթանակների կրկնակի ավելի կարիք և անհրաժեշտություն ունեինք։ Եվ այն սոցիալ-հոգեբանական վիճակում, որ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում 44-օրյա պատերազմից հետո, մարզական ելույթներն առավել կարևորություն են ստանում, դրանք առավել մեծ նշանակություն են ստանում՝ պետական և համազգային: Այս առումով՝ առավելևս 2021 թվականի մրցելույթները, մրցելույթներին մասնակցությունը և այդ մրցելույթներում արձանագրած հաջողությունները կրկնակի գնահատանքի են արժանի:

Ընդհանրապես, պիտի ասեմ՝ մեր ռազմավարական ընկալումն այն է, որ սպորտը երկրի բնականոն զարգացման կարևորագույն շարժիչ ուժն է, և խոսքն այստեղ ոչ միայն ինքնին սպորտի զարգացման, այլև ընդհանրապես երկրի զարգացման մասին է, որովհետև մարզական ասպարեզում արձանագրված հաջողությունները բերում են տնտեսական հաջողությունների, բարձրանում է երկրի ճանաչելիությունը։ Այսպիսով, բարձրանում է երկրի տնտեսական գրավչությունը, զբոսաշրջային գրավչությունը, գալիս են տնտեսական էֆեկտներ: Մարզական հաջողություններն ընդլայնում են նաև երկրի, թույլ տվեք ասել, դիվանագիտական հնարավորությունները, որովհետև բարձրացնում են երկրի միջազգային վարկը՝ միջպետական, միջազգային հարաբերություններում ավելի ճանաչելի, ավելի ճկուն դարձնելով, ավելի մեծ հնարավորություններ ստեղծելով:

Մեծ սպորտի բնագավառում ունեցած հաջողություններն իրենց հետևից ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց են մղում զբաղվել սպորտով, ինչն իր հերթին բերում է մի քանի էֆեկտներ երկրի ներսում՝ սկսած հանրության ընդհանուր առողջությունից, որովհետև արձանագրենք, որ մեր երկրում պետական բյուջեից 100-ից ավելի միլիարդավոր դրամներ են ծախսվում առողջապահության վրա: Բայց ես ցանկանում եմ ընդգծել, որ այդ փողերի մեծ մասը ծախսվում է մարդկանց բուժելու և ոչ թե հիվանդությունը կանխարգելելու վրա: Եվ սպորտն այն ոլորտներից է, որ մեզ կօգնի, որպեսզի նաև այս խնդիրը հաղթահարենք:

Մենք այսօր լուրջ խնդիր ունենք մեր պատանիների առողջության պահպանման առումով, և մեծ սպորտում ձեռք բերած հաջողությունները, մեր անվանի մարզիկները, կարծում եմ, պիտի քաջալերեն նաև պատանիներին՝ զբաղվել սպորտով: Այս է նաև պատճառը, որ մենք այդպիսի մի քաղաքական գիծ ենք որդեգրել և խոստացել ենք դա՝ որ նրանք, ովքեր օլիմպիական չեմպիոնի կոչում կունենան, մենք նրանց անունով մարզադպրոցներ կկառուցենք իրենց ցանկացած բնակավայրում: Սա, ընդ որում, մենք անում ենք ոչ միայն մեր մարզիկներին հարգանքի տուրք մատուցելու համար, այլև համոզված ենք, որ այդ կարգի մարզօջախներն ավելի մեծ գրավչություն կունենան, որպեսզի երիտասարդներն այնտեղ հաճախեն և զբաղվեն սպորտով, ֆիզկուլտուրայով:

Ես ընդամենը կարճ թվարկեցի այն զուգահեռ էֆեկտները, որ բերում է սպորտը, բայց նաև ցանկանում եմ վերադառնալ ամենասկզբին. մեծ սպորտում մեր ունեցած հաջողությունները շատ կարևոր են մեր պետական, ազգային հպարտության համար, մեր պետական, ազգային ուժերի նկատմամբ մեր վստահությունը վերականգնելու, մեծացնելու, զարգացնելու համար:

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարզիչներին, բոլոր մարզիկներին և ևս մեկ անգամ հավաստել, որ սպորտն իսկապես մեզ համար զարգացման ռազմավարական ուղղություն է: Վերջին տարիներին, կարծում եմ, այս բնագավառում Կառավարության արած ծախսերը շատ նկատելի են, չնայած հասկանում ենք, որ դեռ շատ բան կա անելու, և համոզված եմ, որ, ըստ իրավիճակի, մենք սպորտի ոլորտի զարգացման կապիտալ ներդրումների ծրագիրը կշարունակենք: Հույս ունենք՝ դա ինչ-որ չափով ավելի ու ավելի շոշափելի ձևով կօգնի ձեզ բոլորիդ, որպեսզի դուք պատվով ներկայացնեք Հայաստանը միջազգային մրցասպարեզներում, և Հայաստանի դրոշը ավելի ու ավելի հաճախ բարձրանա աշխարհի ամենատարբեր անկյուններում, Հայաստանի հիմնը ավելի ու ավելի հաճախ հնչի, և «Զվարթնոց» օդանավակայանում ձեզ ավելի ու ավելի մեծ թվով ցնծացող մարդիկ դիմավորեն:

Շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում եմ 2021 թվականի լավագույնը ճանաչված 10 մարզիկներին»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևներ է հանձնել տարվա 10 լավագույն մարզիկներին՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյանին, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին, Վարազդատ Լալայանին, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին, բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովին, Դավիթ Չալոյանին,ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանին, շախմատիստուհի Էլինա Դանիելյանին: Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոն Էլինա Դանիելյանը, այս օրերին Վարշավայում անցկացվող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցելով պայմանավորված, ներկա չէր միջոցառմանը։ Նրա փոխարեն պարգևատրմանը մասնակցել է Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանը:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մրցանակային ֆոնդը 50 մլն դրամ է: Լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 4 մլն դրամ, ևս 1 մլն դրամ կհատկացվի նրանց մարզչական շտաբի անդամներին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: