ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հակոբ Արշակյանը հանդիպել է Ստեֆան Դիոնի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 28-ին ընդունել է Եվրոպական միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ այս տարին նշանակալի է Հայաստանի և Կանադայի համար. լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայ-կանադական երկկողմ հարաբերություններում ԱԺ փոխնախագահը շեշտել է միջխորհրդարանական համագործակցության, մասնավորապես՝ խորհրդարանական բարեկամական խմբերի դերը:

Հակոբ Արշակյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի սերտ և արդյունավետ համագործակցությունը Եվրամիության հետ ու հավելել, որ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորությունները պետք է լիարժեք օգտագործել:

«Դա ամուր հիմք է ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման առումով»,-փաստել է ԱԺ փոխնախագահը:

Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել այն փաստը, որ 2020 թ. Արցախյան երկրորդ պատերազմի առաջին իսկ օրերից Կանադան ակտիվորեն փորձում էր ջանքեր գործադրել կրակի դադարեցման ուղղությամբ: Այս առումով նա արժևորել է Կանադայի կառավարության` կանադական սպառազինությունների մատակարարումը Թուրքիա դադարեցնելու որոշումը:

Անդրադառնալով հետպատերազմյան՝ դեռևս չհաղթահարված խնդիրներին՝ Հակոբ Արշակյանը կարևորել է եռակողմ հայտարարության բոլոր դրույթների իրացումը՝ առաջնային համարելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը: ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ Ադրբեջանում շինծու քրեական գործերով հետաձգվում է վերոնշյալ անձանց վերադարձը:

«Հույս ունենք, որ միջազգային գործընկերները պատշաճ կարձագանքեն այդ փաստերին, և մենք կկարողանանք հանձն առած խաղաղության օրակարգով առաջ շարժվել տարածաշրջանում»,-շեշտել է Հակոբ Արշակյանը:

Այս համատեքստում անդրադարձ է եղել սահմանագծման և սահմանազատման գործընթացի ու ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ամբողջական դուրսբերման կարևորությանը: Տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն ակտիվ բանակցում են հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց գրանցելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ազգային ժողովի աշխատակազմի և Կանադայի խորհրդարանական կենտրոնի համագործակցությամբ իրականացվող Աշխատակազմի զարգացման ծրագրի արդյունավետությանն ու շարունակականությանը:

Հակոբ Արշակյանն ու Արման Եղոյանը խորհրդարանական ժողովրդավարության զարգացման տեսանկյունից կարևորել են ռազմավարական նման ծրագրերի իրականացումը: Ընդգծվել է փոխանակման ծրագրերի իրագործման արդյունավետությունը:

Ստեֆան Դիոնն իր հերթին կարևորել է հայ-կանադական հարաբերությունների շարունակական զարգացումն ու փոխգործակցության խորացումը: Այս համատեքստում նա առանձնակի ընդգծել է բարեկամական խմբերի դերակատարությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: