ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395 դրամ -0,92 EUR - 414 դրամ -0,65 RUB - 6 դրամ -0,52 GBP - 478 դրամ -0,43
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե մտավորականները ժամանակին պահանջեին ԼՂ հարցը լուծել փոխզիջումների հիման վրա, ժողովուրդն այսօր ողբալի վիճակում հայտնված չէր լինի․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է այսօր 80 մտավորականների՝ միջազգային հանրությանն ու ՀՀ իշխանություններին ուղղած ուղերձին։

«Այսօր, մարտի 2-ին, մամուլում հրապարակվել է Հայաստանի ութսուն մտավորականների (ակադեմիկոսներ, ԳԱԱ թղթակից անդամներ, գիտությունների դոկտորներ, թեկնածուներ եւ այլն) դիմումը՝ ուղղված միջազգային հանրությանը, Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաեւ ՀՀ գործադիր եւ օրենսդիր իշխանություններին, կոչ անելով «անհապաղ» քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը վերսկսելու եւ Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու, հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնելու համար։


Ներողություն խնդրելով անհամեստությանս համար, մեծարգո մտավորականներին կհորդորեի ընթերցել Ավետիք Իսահակյանի հուշերի հետեւյալ հատվածը.

«Շատ տարիներ Կովկասից բացակայելուց հետո, երբ վերստին դարձա հայրենիք, իմ հին բարեկամ Լեոյին տեսա Երևանում: Վաղաժամ ծերացած գտա նրան և առողջությունը խաթարված, սակայն հոգեպես Ղարաբաղի լեռների նույն կաղնին էր: Մինչև ուշ գիշեր, նստած գրասեղանի առաջ, զրույց էինք անում: Նրա զարհուրելի հիշողությունը, որ բնավ թառամած չէր, ողողում էր կարծես ինձ: Պատմում էր մանկությունից, Շուշուց, Ղարաբաղի հնից ու նորից, մելիքների, կաթողիկոսների, խաների կյանքից, պատերազմներից, գրողներից, հեղինակներից, գրքերից ու գրքերից, և հազար դեպքեր, դեմքեր, անցքեր, անձեր, անեկդոտներ։…

Մեծ պատերազմում հայ ժողովրդի կրած սարսափն ու աղետը դառնությամբ լցրել էին նրա հոգին: Այդ անհնարին վշտի ծանրությունից փշրվել էր նա: «Հայության վիշտը ես միայն գերեզմանի մեջ կմոռանամ: Բայց ո՞վ է մեղավորը,-ասում էր նա ինձ,- մենք ենք մեղավորը, մենք՝ մտավորականներս, գործիչներս, դու, ես և բոլոր նրանք»: Մեր ժողովուրդը մեղավոր չէ: Այլ մենք, որ այնպես հիմար եղանք, տգետ, որ հավատացինք շահամոլ, դրամատիրական-բուրժուական Եվրոպային, որի համար գաղութների ոչխարների կյանքը ավելի արժեք ունի, քան հայերը, քան փոքր ճնշված ազգերը: Մենք, որ երեխաների պես հավատացինք լուսավոր մարդկության խղճմտանքին, մարդկայնությանը, վաճառվող միջազգային մամուլին, բորենի, շնական դիպլոմատներին… Մենք, պոռոտախոսներս, մեծ խոսողներս, մենք, որ ստեղծեցինք և սնուցինք կուսակցություններ, որոնց մեջ մարմնացավ հայ մտավորականների պոռոտախոսությունը, պարծենկոտությունը և եղեռնական տգիտությունը» (Ավետիք Իսահակյան, «Իմ հուշերից» 1933թ.)։

Իմ խորին համոզմամբ, եթե խնդրո առարկա ուղերձը ստորագրած մտավորականները, հետեւելով Լեոյի իմաստությանը, ժամանակին քաջություն ունենային Հայաստանի իշխանություններին հրապարակայնորեն դիմել Ղարաբաղի հարցը փոխզիջումների հիման վրա լուծելու պահանջով, մեր ժողովուրդն այսօր, հաստատաբար, այսպիսի ողբալի վիճակում հայտնված չէր լինի», -նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 0 կմ/ժ
3 C°
 
10°   
30.11.2022
   
01.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։