ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի՝ հայկական մնալու միակ ուղին անվտանգության կայուն և երկարաժամկետ երաշխիքների ապահովումն է

Վերջին շաբաթների ընթացքում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներն, ինչ-որ առումով, կանխատեսելի էին: Ադրբեջանն, իհարկե, փորձելու էր օգտվել ուկրաինական պատերազմից, փորձելու էր ինչ-ինչ հարցեր լուծել, ամրապնդել դիրքերը: Ընդ որում՝ արդեն այսօր կարող ենք փաստել, որ Բաքուն այս նպատակին հասնելու համար օգտագործում է իր գործիքակազմում առկա գրեթե բոլոր միջոցները՝ հոգեբանական ահաբեկում Արցախի սահմանամերձ գյուղերի բնակիչների նկատմամբ, Արցախում հումանիտար լրջագույն խնդիրների ստեղծում՝ բնակչությանը գազամատակարարումից զրկելու միջոցով, նաև՝ ուղղակի ռազմական ներխուժում՝ առավել նպաստավոր դիրքեր զբաղեցնելու նպատակով:

Ուշագրավ է, որ բոլոր այս գործողությունների արդյունքում, ուղղակի կամ անուղղակի, հարցականի տակ է դրվում նաև Արցախում ռուս խաղաղապահների ֆունկցիոնալությունը, կամ, առնվազն, արդյունավետությունը: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն առանձնապես ոգևորված չէր 2020-ի պատերազմի արդյունքում Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմամբ, և, այս տեսանկյունից, Բաքվի քայլերն ու գործողություններն հասկանալի են: Անհասկանալի է Հայաստանի իշխանությունների կեցվածքը, Արցախում տեղի ունեցող զարգացումների համար պատասխանատվության ուղղակի պատվիրակումը ռուսական կողմին, խաղաղապահ առաքելության գործունեության արդյունավետությունն հարցականի տակ դնող պաշտոնական հայտարարությունները: Հիշենք ԱԳՆ մարտի 28-ի հայտարարությունից մի հատված. «Կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա և տրվեն մի շարք հարցերի պատասխաններ»: Այո՛, կարևոր է ստանալ մի շարք հարցերի պատասխաններ, բայց արդյոք Հայաստանի ԱԳՆ-ն ռուս գործընկերների հետ ուղղակի, փակ շփումների և այդ շփումների ընթացքում իր մտահոգություններն արտահայտելու այլ տարբերակ չունե՞ր, արդյոք չկա՞ր մեր արտաքին քաղաքականությունը մշակողների մոտ մտավախություն, որ նման հրապարակային ձևակերպումները, մեղմ ասած, վտանգում են մեր ռազմավարական դաշնակցի, իսկ այսօր նաև Արցախի անվտանգության հիմնական երաշխավորի հեղինակությունը: Ո՞րն է նպատակը:

Իսկ այս ամենին զուգահեռ Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով շարունակում են հավաստիացնել Ադրբեջանին, որ կողմ են վերջինիս ներկայացրած հինգ կետերին ու խաղաղության պայմանագիր են ուզում: Իսկ ինչպիսի՞ն է լինելու Արցախի տեղն այդ նոր խաղաղության պայմանագրում ու խաղաղության դարաշրջանում: Կա՞ արդյոք գիտակցում, որ հեռանկարում մենք կարող ենք Արցախի հայաթափման, Արցախը վերջնականապես կորցնելու փաստի առաջ կանգնել, եթե օր առաջ հետամուտ չլինենք Արցախի ու արցախահայության համար անվտանգության երկարաժամկետ ու կայուն երաշխիքների ձեռքբերմանը: Վերջին սրացումներն ու ադրբեջանական սադրիչ գործողություններն Արցախում հերթական ապացույցն են նրա, որ այսօր մեզ համար չեն կարող սրանից ավելի կենսական ու ավելի կարևոր հարցեր լինել:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: