ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի կարգավիճակի որոշողը ո՛չ միջազգային հանրությունն է, ո՛չ Նիկոլ Փաշինյանը

«Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»։ Սա հատված է Հայաստանի վարչապետի՝ ապրիլի 13-ին ԱԺ-ում ունեցած ելույթից։ Նույն ելույթի ընթացքում Փաշինյանը հայտարարեց նաև, որ Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի շրջանակներում իրենց կառավարության համար սկզբունքային նշանակություն ունեն «Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների ապահովումը և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը»։ Եվ ոչ մի խոսք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, ոչ մի խոսք «անջատում հանուն փրկության» թեզի մասին․․․ Արդյունքում կարող ենք եզրակացնել, թե «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը» ասելով ինչ են պատկերացնում Փաշինյանն ու իր թիմը։

Ի դեպ, 44-օրյա պատերազմից հետո սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանն ու իշխանության այլ ներկայացուցիչներ թե՛ հայտարարություններով և թե՛ գործողություններով դրսևորում են Արցախի կարգավիճակի հարցում իրենց հետքայլը։ Բավական է հիշել Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ «2016-ին Ղարաբաղն արդեն կորցրել էր Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական և տեսական բոլոր հնարավորությունները»։ Մի կողմ դնելով այս պնդման իրավացիության հարցը՝ փաստացիորեն այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ պաշտոնական Երևանը 2020-ի պատերազմից հետո որդեգրել է Արցախի կարգավիճակի հարցում նահանջելու, այս հարցը հետին պլան մղելու գործելաոճը։ Ինչու՞ և ինչպե՞ս այդպես ստացվեց։

Իրականում Արցախի սուբյեկտայնության, հետևաբար՝ նաև Արցախի կարգավիճակի ճանաչման դեմ Փաշինյանի իշխանությունը, կամա թե ակամա, գործում է 2019-ից սկսած, երբ, մոռանալով «Արցախը բանակցային սեղան վերադարձնելու» իրենց հռչակած թեզը, Փաշինյանն ի լուր աշխարհի հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և վերջ» և որ «Հայաստանի ու Արցախի մոտեցումները լրիվ նույնական են, անգամ՝ նյուանսներում»։ Այս մոտեցումը շարունակվեց ու զարգացվեց 2020-ի սկզբին Արցախում անցկացվող համապետական ընտրությունների համատեքստում։ Եվ նման հայտարարություններ անելիս Նիկոլ Փաշինյանին, կարծես թե, այնքան էլ չէր հուզում, թե իր խոսքերն ինչ ազդեցություն կթողնեն նույն միջազգային հանրության վրա, որին այսօր ինքը ցիտում է ու պնդում, թե վերջիններս Հայաստանից պահանջում են «իջեցնել նշաձողը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում»։

Այնուամենայնիվ, մի կողմ թողնենք անգամ վերոնշյալ հանգամանքը։ Իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հարցրե՞լ են իրենք իրենց, թե այդ ի՞նչ իրավունքով են իրենք Արցախի կարգավիճակից խոսում ու այս հարցը սակարկման առարկա դարձնում։ Իսկ գիտակցու՞մ են արդյոք, որ նման թեզեր բարձրաձայնելով վերջնականապես խեղաթյուրում են Արցախի ինքնորոշման պայքարի էությունը՝ աջակցելով ադրբեջանական այն մոտեցմանը, թե այս խնդիրը տարածքային վեճ է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Չե՞ն գիտակցում, թե՞ գիտակցաբար առաջ են տանում թուրք-ադրբեջանական օրակարգը, ճիշտ այնպես, ինչպես Բաքվի կողմից առաջարկված հինգ կետերին համաձայնություն տալով։

Իսկ իրականությունը բոլորովին այլ է։ Արցախի հայությունը տասնամյակներ շարունակվող զրկանքների, կոտորածների, պատերազմների ու պայքարի ճանապարհով վաստակել է անկախ լինելու իր իրավունքը։ Արցախի կարգավիճակի հարցը որոշելու իրավունքը պատկանում է բացառապես Արցախի բնակչությանը, այն ո՛չ միջազգային հանրության, ո՛չ որևէ կառույցի կամ կազմակերպության, ո՛չ անգամ Հայաստանի որոշելիքն է։ Այսօր բոլորիս աչքի առաջ խեղաթյուրվում է արցախյան հակամարտության էությունը, այսօր Ադրբեջանը հետևողականորեն կյանքի է կոչում իր այն թեզը, թե արցախյան կոնֆլիկտը լուծված է, չկա այլևս։ Եվ ամենասարսափելին այս ամենի մեջ թերևս այն է, որ Բաքվի այս քաղաքականությունն այսօր լիարժեք աջակցություն ու օժանդակություն է ստանում հենց Երևանից։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    04.12.2024
       
    05.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: