ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ձյուդոիստ Գոռ Կարապետյանը՝ աշխարհի պատանեկան առաջնության հաղթող

Հայաստանի ձյուդոյի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Գոռ Կարապետյանը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացված աշխարհի առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր:

Oգոստոսի 24-28-ն անցկացված աշխարհի առաջնությանը ձյուդոյի պատանեկան հավաքականը մասնակցել է 5 մարզիկով` Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ: Հայաստանի մարզական պատիվը պաշտպանել են նաև Գոռ Սաֆարյանը (50 կգ), Վահե Աղասյանը (55 կգ), Էրիկ Սաղաթելյանը (55 կգ) և Արսեն Հայրապետյանը (90 կգ), որոնք, սակայն, անմասն են մնացել մեդալներից:

Նախապատրաստվելով այդ առաջնությանը՝ թիմն օգոստոսի 10-ից վերջին ուսումնամարզական հավաքն անցկացրել է Վրաստանի Գորի քաղաքում:

Գոռն աշխարհի պատանեկան առաջնության 1/16 եզրափակչում 1 րոպե 12 վայրկանում հաղթանակի է հասել Խորվաթիայի ներկայացուցչի նկատմամբ, 1/8 եզրափակչում հայ մարզիկը հաղթել է Նիդերլանդների ներկայացուցչին, քառորդ եզրափակչում Գոռը դարձյալ ժամանակից շուտ հաղթանակ է տարել արդեն ադրբեջանցի մարզիկի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում ուժեղ է գտնվել սերբ մրցակցից: Եզրափակչում էլ Գոռ Կարապետյանը մրցել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ալիշեր Սամանովի հետ և տպավորիչ հաղթանակի հասել՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը:

Գոռ Կարապետյանը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան է, նրա անձնական մարզիչը Վահե Թորոսյանն է: Ավելի վաղ այս մրցաշրջանում Գոռ Կարապետյանը դարձել էր նաև Եվրոպայի փոխչեմպիոն և օլիմպիական մանկապատանեկան փառատոնի բրոնզե մեդալակիր:

Նշենք՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնություններում սա անկախ Հայաստանի պատմության առաջին չեմպիոնական մեդալն է: Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը թիմի մասնակցությունը բավարար է գնահատում.

«Նախկինում աշխարհի պատանիների առաջնությունում ոսկե մեդալակիր չէինք ունեցել: Գոռը լավ էր պատրաստվել: Հասկանում ենք, որ սա աշխարհի առաջնություն էր, մրցակցությունը բավական մեծ էր, այնպես որ, արդյունքները բավարար եմ գնահատում»,- ասել է Հովհաննես Դավթյանը՝ ընդգծելով, սակայն, որ մեդալային ակնկալիքներ ունեին նաև 50 և 55 կգ քաշային մարզիկներից:

Հայաստանի ներկայացուցիչներից մեդալ նվաճելուն մոտ է եղել նաև 50 կգ քաշային Գոռ Սաֆարյանը, սակայն պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում և վերջնարդյունքում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Հայ ձյուդոիստներն առաջիկայում կմասնակցեն Եվրոպայի երիտասարդների առաջնությանը, որը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Հովհաննես Դավթյանի խոսքով՝ թիմի կազմը գրեթե որոշված է, իսկ առաջնությունից սպասելիքները մեծ են:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: