ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հանդուրժելի չէ Հայաստանի նկատմամբ տեղի ունեցողը. իսպանացի պատգամավոր Ջոն Ինարիտուն՝ ՀՀ ԱԺ-ում է

Գիտեմ, որ մի քանի անգամ եղել եք Հայաստանում և Արցախում: Բարձր ենք գնահատում Ձեր համերաշխությունը և աջակցությունը հայ ժողովրդին: Այս դժվարին պահին, երբ վտանգված է ժողովրդավարական Հայաստանի ինքնիշխան տարածքը, Ձեր սկզբունքային և կառուցողական դիրքորոշումն ընդգծում է նաև Ձեր նվիրվածությունը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը և արդարությանը. ընդգծել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթևիկ Գասպարյանն Իսպանիայի Թագավորության Պատգամավորների կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինարիտուի հետ հանդիպմանը:

Խմբի ղեկավարը կարևորել է բարեկամ Իսպանիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և համոզմունք հայտնել, որ երկկողմ համագործակցության ներկա մակարդակը չի արտացոլում ամբողջ ներուժը:

Տաթևիկ Գասպարյանն ընդգծել է, որ ներկայումս տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, իսկ անվտանգության մակարդակը՝ փխրուն: Բարեկամական խմբի ղեկավարը փաստել է, որ մեր երկիրը շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմամբ ու հանձնառու է ստանձնած բոլոր պարտավորությունների կատարմանը: «Չնայած Հայաստանի՝ խաղաղ բանակցությունները շարունակելու և խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամությանը՝ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է բարձր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն խախտել հրադադարի ռեժիմը, իսկ նախագահ Ալիևը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը»,-ասել է Տաթևիկ Գասպարյանը:

Նա երախտագիտություն է հայտնել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիան դատապարտող հայտարարությունը միաձայն ընդունելու համար: «Պատգամավորների կոնգրեսի դիրքորոշումը միջազգային հանրության համար լավ օրինակ է՝ որպես տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլ»,-ընդգծել է պատգամավորը:

Անդրադարձ է եղել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց անհապաղ հայրենադարձմանը, Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պատշաճ և երաշխավորված պահպանման անհրաժեշտությանը: Այս հարցերում պատգամավորն ակնկալել է իսպանացի գործընկերների գործուն աջակցությունը:

Բարեկամական խմբի անդամներ Թագուհի Թովմասյանը, Հասմիկ Հակոբյանը և Նարեկ Զեյնալյանը ևս ընդգծել են երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Թագուհի Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման հետևանքներին, անվտանգային մարտահրավերներին, բարձրաձայնել սահմանամերձ համայնքներում անվտանգության գոտի ունենալու հարցը: Հասմիկ Հակոբյանը կարևորել է Ջոն Ինարիտուի հայամետ դիրքորոշումը. նրա ելույթները քաջալերում են հայ ժողովրդին և ազդակ են աշխարհին առ այն, որ Հայաստանը միայնակ չէ այս բարդ իրավիճակում իր ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը պաշտպանելու գործում:

Ջոն Ինարիտուի խոսքով վերջին հարյուրամյակների ընթացքում հայ ժողովուրդը ստիպված է եղել իր հողի վրա կրելու զրկանքներ, ենթարկվելու ցեղասպանության: «Հանդուրժելի չէ Հայաստանի հանդեպ տեղի ունեցողը, և եվրոպական մի շարք  երկրներ չեն կարող ունենալ այլ դիրքորոշում, քան չհանդուրժել Ադրբեջանի կողմից իրականացվող բարբարոսությունը: Մշտապես լինելու եմ հայկական հարցի կողքին, պաշտպանելու եմ հայ ժողովրդին»,-շեշտել է իսպանացի պատվիրակը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-իսպանական կապերի զարգացմանը մի շարք ոլորտներում: Երկկողմ հարաբերությունների ընդլայնման գործում ընդգծվել է հայկական սփյուռքի դերակատարությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: