ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անվտանգության մարմիններում ատեստավորման միջոցով աշխատավարձերը կբարձրանան

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել` որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին: «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում ներկայացվող փոփոխությունների և լրացումների փաթեթը խորհրդարանի դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում ներկայացրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ Կառավարությունը դեռևս 2018 թ. սկսել է անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումների գործընթաց, որն առավել ինտենսիվացել է. դրա անհրաժեշտությունն ավելի է սրվել 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո, և հիմնական խնդիրներից մեկն անվտանգության մարմինների արդյունավետության բարձրացումն է:

Վերոնշյալ բարեփոխումների շրջանակում, ըստ Արմեն Գրիգորյանի, հատուկ ուշադրություն է դարձվում ատեստավորման ճանապարհով անվտանգության մարմինների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու հարցին: Նրա խոսքով 2018 թ. սկսած համակարգում աշխատավարձերը համընդհանուր բարձրացվել են, սակայն ատեստավորման միջոցով բարձրացումը կարևորվում է, որովհետև դրա հիմքում դրված է  անհատական ջանքի ներդրումը: Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ այս պահին հստակեցումներ են կատարվում ատեստավորման համակարգում:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը: Պատգամավորը, անդրադառնալով «սուպեր վարչապետության» քննադատությանը, նշել է, որ երբ Ոստիկանությունը դառնա ՆԳ նախարարություն, այն կլինի ԱԺ վերահսկողության ներքո, որից հետո վերոնշյալ թեզը կդառնա պատմություն:

ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով առաջարկվող օրենսդրական փոփոխություններով քողարկված ձևով ավելացվում է վարչապետի լիազորությունը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից խոսել է Հայկ Կոնջորյանը: Խմբակցության ղեկավարը ևս խոսել է  ընդդիմության առաջ քաշած «սուպեր վարչապետության» մասին` նշելով, որ դրա դեմ պայքարելու լավագույն ճանապարհը զսպումների և հակակշիռների միջոցով խորհրդարանական վերահսկողությունն է, որն Ազգային ժողովի ամենակարևոր գործիքներից է: Հայկ Կոնջորյանն ընդգծել է, որ հենց այս նախագծի քննարկմանը հանձնաժողովում ընդդիմադիր պատգամավորներ ներկա չեն եղել: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.11.2024
       
    27.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: