ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե տարածաշրջանում մեր հարաբերությունները չփոխենք, չենք կարողանա կառավարել սպառնալիքները. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ առանց տարածաշրջանում Հայաստանի հարաբերությունները փոխելու հնարավոր չէ կառավարել սպառնալիքները, սակայն հավելում՝ փաստ չէ, որ միայն Հայաստանի ցանկությունը բավարար է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման դիրքորոշում հայտնեց իր ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանի ու Թուրքիայի՝ օրերս անցկացված զորավարժությունների, Հայաստանի սպառազինության համալրման վերաբերյալ հարցերին:

Վարչապետը ճիշտ չհամարեց հրապարակային քննարկել բանակի սպառազինության, համալրման հետ կապված հարցերը: «Այն, որ մենք անվտանգային ոլորտում ունենք շատ լուրջ խնդիրներ, փաստ է, որը հնարավոր չէ ժխտել: Բայց, այն, որ մենք ամեն ինչ անում ենք այդ խնդիրները լուծելու համար, դա էլ ակնհայտ է դառնում գոնե այն թվերից, որ կարելի է հրապարակային տեսնել պետբյուջեում՝ թե 2022-ի կատարողանում, թե 2023-ի պլանավորվածում»,-ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց՝ ԶՈՒ-ի մարտունակությունը շատ կարևոր է, առանց մարտունակ բանակի խաղաղություն հնարավոր չէ, սակայն  միայն մարտունակ բանակով ևս խաղաղություն հնարավոր չէ:

«Որևէ մեկը չի կարող ժխտել, որ խաղաղության օրակարգն անհրաժեշտություն է Հայաստանի  համար և ընդհանուր առմամբ: Որևէ իրադարձություն մեզ չպետք է շեղի այդ անհրաժեշտությունից և տեսլականից: Զորավարժությունները, ռազմական բնույթի սադրանքները նաև ինչ նպատակ կարող են ունենալ. խաղաղության օրակարգը շինծու հռչակելու, օրակարգից հանելու նպատակ կարող են ունենալ: Բայց այն, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունն ակնհայտ է: Երբ մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի մասին, Ադրբեջանը դա ընկալում է ոտնձգություն իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ և ապացույց այն բանի, որ Հայաստանը չի ճանաչում և մտադիր չէ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Եվ դրանից էլ զարգացնում են այն խոսույթը, որ իրենք էլ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում: Դրանից էլ  մենք այլ հետևության ենք գալիս, ասում ենք, որ Սոթք-Խոզնավարից սկսած և սեպտեմբերի 13-ի  ոտնձգությունները հիմք են տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը երբեք չի ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը: Ընդհակառակը՝ Հայաստանի նկատմամբ տարածքային նոր նկրտումների ի ցույց բերելու նպատակ է դրել»,-ասաց Փաշինյանը:

Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանում ժամանակին բնակված ադրբեջանցիների մարդահամար է անում: «Մենք էլ ենք մարդահամար անում: Հայաստանն էլ Բաքվից, Սումգայիթից, Գետաշենից և այլ տեղերից բռնագաղթած հայերի մարդահամար է իրականացնում»,- նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք թուրքերը թշնամիներ ե՞ն, թե՞ ոչ՝ նա ասաց՝ կա պատմական իրողություն, որը ցանկության դեպքում էլ հնարավոր չէ փոխել, սակայն այդ թշնամանքի զգացումը պետք է կառավարվի: 

Փաշինյանը նաև նշեց՝ Ադրբեջանը համարում է, որ ռազմական հաջողության է հասել և դա պետք է զարգացնի՝ առավելագույնը ստանալու համար:

«Մենք պետք է հասկանանք, թե ինչպես և ինչու են փոխվելՌուսաստանի և Թուրքիայի, Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչ է դա նշանակում և ի՞նչ կարող է նշանակել մեզ համար: Բայց, մեծ հաշվով, մեր ռազմավարական մոտեցումը պետք է լինի հետևյալը՝ պետք է տանք մեկ հարցի պատասխան՝ մենք այս տարածաշրջանում ինչպե՞ս ենք մեզ դիրքավորում. մեզ դիրքավորում ենք որպես հարևան և գործընկե՞ր, թե՞ դիրքավորում ենք որպես, օրինակ, պայմանական բառապաշարով, ֆորպոստ, թե՞ որպես պատմական արդարության մարտիկ, թե՞ որպես մի պետություն, որը պետք է դասեր տա մյուս պետություններին, թե ինչպես է պետք ապրել ու ստեղծագործել: Սրանք բոլորը ընտրություններ են, այսպես ասած «մենյու» է, և մեր կառավարությունն այդ ընտրությունը ինքն իր համար արել է»,-ասաց վարչապետը՝ հավելելով՝ փաստ չէ, որ դա մյուսների համար ընդունելի կլինի:

Փաշինյանը կարևորեց առավել խորագետ լինել՝ հաղթահարելու ծառացած մարտահրավերները:

«Եթե մենք մեր տարածաշրջանում մեր հարաբերությունները չփոխենք, չենք կարողանա կառավարել սպառնալիքները, որոնք կան: Բայց փաստ չէ, որ միայն մեր ցանկությունը բավարար է»,-ասաց վարչապետը՝ կարևորելով շատ ճկուն լինելը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: