ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2022թ.-ի պարադոքսը. տնտեսության և աղքատության աճ

2022 թ.-ին տնտեսական տարին Հայաստանի համար հակասությունների տարի էր: Տարեսկիզբը նշանավորվեց ռուս-ուկրաինական զարգացումներից սպասվող բավական բացասական կանխատեսումներով, որոնք լիովին օբյեկտիվ էին: Հիմնավորումների թվում, առաջին հերթին, ՀՀ տնտեսության բարձր ինտեգրացվածության աստիճանն է ռուսական տնտեսությանն, ուստի վերջինիս հավանական ցնցումներն առաջացնում էին այդպիսի ալիքի բարձր հավանականության սպասում: Ռուսական տնտեսությունից եկող ածանցյալ հետևանքներն ու ազդակները ՀՀ տնտեսության նկատմամբ մեկ անգամ չէ որ դրսևորվել են նախկինում, ուստի այդ կանխատեսումները կարելի է բնութագրել՝ որպես լիարժեք օբյեկտիվ: Այլ է խնդիրը, որ իրադարձությունները զարգացան այլ՝ մեզ համար որոշակիորեն դրական հունով: Խոսքն, իհարկե ռուսաստանցիների կտրուկ ներհոսքի մասին է, հատկապես, որ այդ մարդկանց թվում գերակշռեցին կայուն ու բարձր, արտարժույթով եկամուտների տիրապետող անձինք: Իսկ ինչու՞ «որոշակիորեն դրական», քանի որ օտարերկրացիների ներհոսքով պայմանվորված աշխուժությունն առևտրի և ծառայությունների ոլորտում, ի դեմս պահանջարկի լուրջ ալիքի ձևավորման, սկզբնական շրջանից մինչ օրս ռիսկային է: Հայաստանը երաշխավորված չէ այդ մարդկանց նույնքան կտրուկ արտահոսքից: Մյուս կողմից համաշխարհային տնտեսությունում առաջացավ ճգնաժամային իրավիճակ, որի ազդեցությունը մեզ համար ևս զգալի էր:

Այդուհանդերձ հայկական տնտեսությունում հակասությունը դրական վիճակագրությունն ու իրականության մեջ մարդկանց բարեկեցության միջև տրամաբանական կապի բացակայությունն է. աղքատության մակարդակն ավելացավ նույնքան արագ (եթե ոչ՝ ավել), որքան տնտեսական աճի ցուցանիշը:

Այս պարադոքսալ իրավիճակի բացատրությունը գտնվում է արձանագրված աճերն ապահովող գործոնների վրա: Վիճակագրական, ծառայությունը, թեև դեռ չի ներկայացրել 2022թ. հունվար – դեկտեմբերի ամփոփիչ վիճակագրությունը, որին կանդրադառնանք լինելուն պես, սակայն հայտնի է 2022թ. հունվար-նոյեմբերի վիճակագրությունը, ինչը ևս արտացոլում է տեղի ունեցած զարգացումները:

Ինչպես նշեցինք,  օտարեկրացիների մեծ ներհոսքը հանդիսացավ ՀՀ տնտեսության գլխավոր լոկոմոտիվը գրեթե ողջ 2022թ.-ի ընթացքում: Պատահական չէ, որ հունվար-նոյեմբեր ամիսներին (ինչպես գրեթե ողջ տարի) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մակրոտնտեսական ցուցանիշներից ամենամեծ աճն արձանագրվել է ծառայությունների և առևտրի ոլորտներում, հատկապես՝ արտաքին առևտրաշրջանառության: Ծառայությունների պարագայում նախորդ տարվա 11 ամսիների ընթացքում աճը կազմել է 28.2 %, առևտրի շրջանառության աճը կազմել է 16.2 %: Վիճակագրորեն արձանագրված աճն, անշուշտ լավ է. այն որոշակի դրական ազդեցություն է ունեցել/ կունենա ոլորտների հետ անմիջական առնչություն ունեցող սուբյեկտների, ինչպես նաև մարդկանց որոշ խմբերի համար, այնքան ժամանակ, քանի դեռ կան այդ աճերն ապահովող գործոնները (առավելապես արտաքին): Մինչդեռ խնդիրը ոչ միայն դրական էֆեկտի նվազ կանխատեսելի ու կառավարելի լինելու մեջ է, այլև նրանում, որ 2022թ.-ի զարգացումները քիչ առնչություն ունեն արտահանելի արդյունքի գեներացման հետ: Այս մոտեցումը գուցե հակադրության մեջ մտնի արտաքին առևտրաշրջանառության աճի հետ, սակայն դա կլինի բացառապես վիճակագրորեն: Ինչի մասին է խոսքը: 2022թ.-ի հունվար-նոյեմբերի ամիսներին արտաքին առևտրաշրջանառության աճը կազմել է 67.8 %, ընդ որում՝ արտահանումն ավելացել է 75.2 %-ով, ներմուծումը՝  63.6 %-ով: Արտահանման աճն, ինչպես երևում է, գերազանցել է ներմուծման աճին, սակայն դա արձանագրվել է ՀՀ տարածքով դեպի ԵԱՏՄ շուկաներ (առավելապես ՌԴ) վերաարտահանման արդյունքում:  Հասկանալի է, որ սա ևս արտաքին ազդեցութամբ է՝ պայմանավորված ռուս-ուկրաինական զարգացումներով: Զուգահեռաբար դիտարկենք արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը, որը նշված ժամանակաշրջանում կազմել է 8.4  %: Այս թիվը որևէ կերպ համադրելի չէ արտահանման 75.2 %-անոց աճի հետ, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ արտահանման վիճակագրության դրական դինամիկան, ցավոք, երկրում արտահանելի արդյունքի ստեղծման հետ քիչ առնչություն ունի:

Փոխարենն արդյունաբերական արտադրատեսակների թողարկման ամփոփ տվյալները բավական լուրջ մտահոգություններ են առաջացնում, հատկապես սննդամթերքի արտադրության մասով:  Մսի արտադրությունն, օրինակ, 2022թ.-ի հունվար-նոյեմբերին 2021թ.-ի համեմատ նվազել է  5.5 %-ով, հացի արտադրությունը՝ 0.5 %-ով, պահածոյացված բանջարեղենի արտադրությունը՝ 13.6 %-ով, ձկան արտադրությունը՝ 10.2 %-ով և այլն: Անկումային վիճակագրություն է արձանագրվել նաև խմիչքների արտադրությունում (օրինակ՝ գինու արտադրության ծավալների անկումը կազմել  է 2.7 %):

Հունվար-նոյեմբեր ժամանակաշրջանի համար դեռևս հայտնի չէ գյուղատնտեսական արտադրանքի ծավալների վերաբերյալ վիճակագրությունը, ինչը կունենանք տարեկան ամփոփման ժամանակ, սակայն գրեթե ողջ տարվա ընթացքում ոլորտի աճը բացասական է: Հիշեցնենք՝ խոսքը վերաբերում է ռազմավարական նշանակության ոլորտին:

Ուշադրության են արժանի Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված տվյալները նոյեմբեր ամսվա համար՝ 2022թ.-ի հոկտեմբերի համեմատ: Այս ժամանակշրջանի համար մակրոտնտեսական ցուցանիշների մեծ մասն, այդ թվում՝ ողջ տարվա համար առաջատար համարվողներն, անկում են ապրել: ՏԱՑ-ը նվազել է 4  %-ով, ծառայությունների ծավալը՝ 4.2 %-ով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 2%-ով: Այս միտումն իհարկե կարող է ունենալ նաև սեզոնային բնույթ, սակայն դեկտեմբերի և արդեն 2023թ.-ի առաջին ամիսներին նմանօրինակ միտման պահպանման պարագայում, կարող ենք ենթադրել, որ նվազել են 2022թ.-ին տնտեսական աճ ապահովող գործոնները: Այսպիսի սցենարն, իհարկե, բավական խնդրահարույց է մեր տնտեսության համար. խնդրահարույց, սակայն՝ ոչ բացառված:

Lուրջ մտահոգություններ կան աղքատության մակարդակի փաստացի աճով պայմանավորված: 2022թ.-ին աղքատության երևույթին բախվեց նաև աշխատող, կայուն եկամուտ ունեցող քաղաքացին: Այսպիսով աղքատ է բնակչության 50-60 %-ը: Դա, իհարկե, առաջին հերթին պայմանավորված է գնաճով. հունվար- դեկտեմբերին սպառողական գների ինդեքսը կազմել է 8.6 %: Իհարկե ավելորդ է նշելը, որ առանձին ապրանքատեսակների մասով գնաճը շատ ավելի մեծ տոկոս է կազմում: Օրինակ, հացաբուլկեղենը 2021թ.-ի դեկտեմբերի նկատմամբ ավելացել է 14.1%-ով, միսը թանկացել է 12.3 %-ով, կաթնամթերքը 11.4 %-ով և այլն:

Ստացվում է, որ ունենք և՛ տնտեսական աճ, և՛ աղքատության աճ: Եվ այս պարագայում դժվար չէ կռահելը, թե նշվածներից որն է գործող իշխանության կողմից իրականացվող քաղաքականության «ձեռքբերումը»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    14.12.2024
       
    15.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: