ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է

Standard & Poor's Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշներն արտարժույթով և ազգային արժույթով «B+»–ից բարձրացրել է մինչև «BB–»։ Տեղեկությունը հայտնում է S&P Global Ratings–ի պաշտոնական կայքը։
Միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսումը գնահատվել է «կայուն»։ Այն, ըստ S&P–ի, մի կողմից արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի լավ հեռանկարները և բյուջետային ցուցանիշների բարելավումը, մյուս կողմից` արտաքին տնտեսական չափավոր ցուցանիշները և աշխարհաքաղաքական ռիսկերի ավելացումը:
Գործակալությունը վերանայել և բարելավել է նաև արտարժույթի փոխարկման և փոխարկման ռիսկի իր գնահատականը հայաստանյան ոչ ռեզիդենտ վարկառուների համար՝ «BB–»–ից մինչև «BB»:
«Հայաստանի ՀՆԱ-ի աճը, ինչպես նաև նրա ֆինանսական և արտաքին առևտրի ցուցանիշներն արդեն բարելավվել են մինչև ռուս–ուկրաինական հակամարտությունը։ Առաջիկա մի քանի տարվա ընթացքում ՀՆԱ-ի իրական աճը կմնա համեմատաբար բարձր»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է գործակալությունը, 2022 թ. ՀՀ ՀՆԱ-ն աճել է 12,6 տոկոսով։ Երկրի տնտեսության զգալի աճը S&P-ն կապում է ՌԴ–ից զանգվածային միգրացիայի հետ, որի զգալի մասը երիտասարդ որակավորված ՏՏ մասնագետներ են:
«Հմուտ աշխատուժի ներհոսքը` զուգորդված օտարերկրացիներին պատկանող ավելի քան 1000 ընկերությունների ստեղծման հետ, զգալի ներդրում եղել ՀՀ ՏՏ ոլորտի աճի մեջ։ Այն 2022 թ. աճել է 51%–ով։ Հայաստանի տնտեսությանը օգուտ են բերել նաև ֆինանսական զգալի ներհոսքերը` հատկապես ՌԴ–ից դրամական փոխանցումները։ ՌԴ–ից դրամական փոխանցումների համախառն ներհոսքը 2022 թ. ապահովել է ՀՀ ՀՆԱ–ի 18,4%–ը՝ 2021 թ. 6,2%–ի համեմատ»,– ասված է S&P–ի գնահատականի մեջ։
Միժամանակ նշվում է, որ ՌԴ–ից դրամական փոխանցումների ծավալը վերջին ամիսներին սկսել է կայունանալ և ակնկալվում է, որ միտումը կշարունակվի՝ հաշվի առնելով, որ ներգաղթի հոսքերը թուլացել են: Ռուսաստանից միգրացիոն ներհոսքը աջակցել է նաև ՀՀ հանրային սննդի, անշարժ գույքի և տրանսպորտի ոլորտներում աճին:
2022 թ. երկիր ժամանած զբոսաշրջիկների թիվը հասել է 1,67 մլն, որը դեռևս մոտ 14%–ով ցածր է 2019 թ. մակարդակից: «Չնայած վերջին շրջանում ՀՀ դրամի՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորմանը, ինչը հանգեցրել է զբոսաշրջիկների գնողունակության նվազմանը, ակնկալվում է, որ զբոսաշրջության մակարդակը կմնա բարձր»,– վստահեցնում են S&P վերլուծաբանները։
Վարկանիշային գործակալությունից հիշեցնում են, որ ՌԴ–ն շարունակում է մնալ Հայաստանի առանցքային առևտրային գործընկերը։ 2021 թ. ՌԴ–ին բաժին է ընկել արտահանման ընդհանուր ծավալի 28%–ը, որը 2022 թ. աճել է մինչև 45%։
«Միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալների բացակայության պատճառով, պարզ չէ, թե արտահանման աճի որ մասն է բաժին ընկնում ՀՀ–ին, իսկ որը՝ այլ երկրներից վերաարտահանմանը։ Դեպի ՌԴ արտահանման ծավալները սկսել են կայունանալ:
Ինչպես նշում է գործակալությունը, 2022 թ. գերազանց արդյունքներից հետո ակնկալվում է, որ ՀՀ-ի տնտեսության աճի տեմպերը կդանդաղեն, սակայն 2023 թ. կմնան բարձր՝ 7,5% մակարդակում:
«Բացառությամբ էքստրեմալ սցենարների, ինչպիսին է, օրինակ` Ադրբեջանի հետ ռազմական նոր հակամարտությունը, ՀՀ տնտեսական աճի հեռանկարներն առաջիկա տարիներին կմնան կայուն»,– նշում են գործակալության վերլուծաբանները և կանխատեսում 2024-2026 թթ. համար տարեկան միջինը 4 տոկոս տնտեսական աճ:
Տնտեսական աճի չափավոր այս դանդաղումը S&P–ն բացատրում է արտաքին պահանջարկի թուլացմամբ, ֆինանսական պայմանների վատթարացմամբ և կապիտալի և միգրանտների ներհոսքի տեմպերի անկմամբ:
Նշենք, որ 2023 թ. հուլիսի 30–ին էլ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն էր վերանայել Հայաստանի՝ արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (Long-Term Foreign-Currency Issuer Default Rating – IDR)՝ «B+»-ից դարձնելով «BB-»` կայուն հեռանկարով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.11.2024
       
    23.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: