ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որքա՞ն օգտակար է ՄԱԿ-ը, եթե այն չի պաշտպանում իր հիմնարար սկզբունքները․ Զոհրաբ Մնացականյանի հոդվածը Newsweek-ում

Հայաստանի նախկին արտգործնախարար, Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) 2014-2018թթ․ Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը հոդված է հրապարակել «Newsweek»  պարբերականում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը և այս հարցում ՄԱԿ-ի անբավարար արձագանքին։

Հոդվածը վերնագրված է. «Ի՞նչ օգուտ ՄԱԿ-ից, եթե այն չի պաշտպանում իր հիմնարար սկզբունքները»:

Հոդվածը ներկայացնում ենք ստորև. «Միավորված ազգերի կազմակերպությունը, որն իր հիմնադրման պահին ներառում էր 51 անկախ պետություն, այժմ վերածվել է 193 անդամ միավորող կառույցի, ինչը մեծ քայլ է ինքնորոշման համար: Սակայն երբեմն այն, իր կաթվածահարության և անգործության պատճառով, ակամա վավերացրել է էթնիկ փոքրամասնություններին հալածող ավտորիտար պետությունները:

Այս պահին հենց դա է տեղի ունենում Ադրբեջանի ինքնակառավարվող մի անկյունում, որը լայնորեն հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ, իսկ տեղի հայ բնակչության կողմից կոչվում է Արցախ: ՄԱԿ անտարբերությունը մոտ մեկ ամիս 120 հազար մարդուն արգելափակելու առնչությամբ ազդակ կդառնա այն մասին, որ այս կառույցը մի կողմ է նետել իր գոյության իմաստը:

Ի վերջո, ՄԱԿ-ի հիմնարար նպատակն է աջակցել բոլոր ժողովուրդների՝ իրենց կամքը խաղաղ պայմաններում արտահայտելու իրավունքին։ Շատ բազմաէթնիկ ազգեր հենց այդպես էլ արել են՝ ապրելով ներդաշնակության և ժողովրդավարության մեջ: Սակայն մյուսները, հաճախ հենվելով «պատմության» խեղված տարբերակների վրա, կառուցել են խտրականության, անհանդուրժողականության և բռնության միջավայր: Եթե ՄԱԿ-ը լուրջ է վերաբերում ազատությունը խթանելու և բռնությունը կանխելու իր պարտականությանը, ապա այն չի կարող թույլ տալ ճնշել ազատությունը միայն այն պատճառով, որ դա տեղի է ունենում անդամ պետության սահմաններում:

1990-ականներին և 2000-ականների սկզբին Սերբիայից Սլոբոդան Միլոշևիչը, Ինդոնեզիայից Բ.Ջ. Հաբիբին և Սուդանից Օմար ալ-Բաշիրը բոլորն օգտագործել են իրենց երկրների՝ ՄԱԿ-ում ինքնիշխան պետության կարգավիճակը, այսպես կոչված, «ինքնիշխանության հաստ վարագույրը»՝ անպատիժ գործելու համար:

Այս առաջնորդները հակադարձում էին ապացուցված փաստերին՝ հավաստիացնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և միջազգային հանրությանը, որ իրենց երկրներում ամեն ինչ լավ է: Գործողությունները կանխարգելելու նպատակով նրանք առաջ քաշեցին նեղ շահեր՝ այդպիսով մանիպուլացնելով ՄԱԿ անդամ պետություններին, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին: Մյուսները հետևեցին նրանց օրինակին։ Նման բռնակալների համար ՄԱԿ-ը երբեմն ծառայել է որպես ակամա վահան մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար: Կոսովոյի, Արևելյան Թիմորի և Դարֆուրի ժողովուրդների համար, ի թիվս այլոց, դա հանգեցրեց զանգվածային ողբերգության:

Տասնամյակներ շարունակ Արցախի ժողովուրդը պայքարել է ազատության համար՝ ընդդեմ Ադրբեջանի բռնապետության, որն իր տանիքի ներքո մարդու իրավունքների ոտնահարման և ճնշումների ապշեցուցիչ ցուցանիշներ ունի: Միևնույն ժամանակ, Արցախը ցուցադրել է ժողովրդավարական ձևով ինքնակառավարվելու կարողություն՝ մարդկանց իրավունքների և ազատությունների նկատմամբ լիակատար հարգանքով:

Բաքվի ավտոկրատներն արձագանքել են՝ պարբերաբար մանիպուլացնելով ինչպես ՄԱԿ-ի անդամներին միջազգային մակարդակով, այնպես էլ՝ իրենց սեփական ժողովրդին՝ երկրի ներսում: Նրանք քարոզչությունն օգտագործել են հայերի՝ որպես թշնամու կերպար ստեղծելու համար, ինչը հանգեցրել է միջազգային անգործության և նույնիսկ որոշակի աջակցության իրենց տոտալիտար ռեժիմին:

2020 թվականին Արցախի դեմ ագրեսիայի վերսկսումից ի վեր հազարավոր հայեր սպանվել և խեղվել են, իսկ տասնյակ հազարները՝ բռնի տեղահանվել։ Այժմ՝ դեկտեմբերի 12-ից մինչ օրս, Արցախը շրջափակված է։ Կանայք, երեխաները և տարեցները հայտնվել են թակարդում՝ առանց սննդի, դեղորայքի և այլ հիմնական պարագաների այս սառնամանիքին։ Տեղի են ունեցել գազի և էլեկտրաէներգիայի ընդհատումներ: Այս ամենը հանգեցրել է իրական հումանիտար ճգնաժամի։

Ադրբեջանի մոտ անպատժելիության զգացումը և դրա հետևանք հանդիսացող ռազմական գործողությունները, որոնք արձանագրվել են նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից, հավանական շատ ավելի վատ զարգացման նախադրյալներ են: Վտանգներն ավելի են մեծանում Արցախում միջազգային աչքի ու ականջի բացակայության պայմաններում։ Ցեղասպանության կանխարգելման ցանցը զգուշացրել է, որ դա «էթնիկ զտումների և հայերին Արցախից դուրս մղելու» փորձ է։

Դեռևս 1990-ականներին ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը դրսևորեց խիզախություն և վճռականություն՝ ուժով համոզելով միջազգային հանրությանը վճռականորեն գործել ծայրահեղ տառապանքի և բռնության պայմաններում: Նա պնդել է մարդկային անվտանգության և ժողովրդի պաշտպանության գերակայությունը, ում անունից էլ գրվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը։

«Ինքնիշխանության խիստ ավանդական պատկերացումներն այլևս չեն կարող լիարժեքորեն արձագանքել ամենուրեք ժողովուրդների՝ իրենց հիմնարար ազատություններին հասնելու ձգտումներին», - 1999 թվականի սեպտեմբերին ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:

Այդ ժամանակից ի վեր ՄԱԿ-ը վերափոխվել է՝ ստեղծելով պաշտպանության և կանխարգելման հնարավորությունների մշակված համակարգ՝ վաղ նախազգուշացումից և գործողություններից մինչև կանխարգելիչ դիվանագիտություն, խաղաղության հաստատում և խաղաղապահություն: Հայաստանը հետևողականորեն նպաստել է այդ նախաձեռնությանը, մասնավորապես՝ ցեղասպանության կանխարգելման ջանքերին:

Արցախում վատթարացող իրադրությունը վերահաս հումանիտար աղետի և բռնության վաղ նախազգուշացման դասական օրինակ է: Եթե արձագանքման քայլեր չձեռնարկվեն, ապա որն է ՄԱԿ բարեփոխման իմաստը: «Both-sidesism»-ը՝ կեղծ, սակայն երկու կողմերին դիվանագիտորեն մեղադրող դիրքորոշումը, և նեղ ու հակասական շահերի խառնաշփոթը ոչինչ չեն անում Արցախի ժողովրդի համար: Ավելին, դրանք սարսափելի ուղերձ են հղում մարդկանց ամենուր և կանաչ լույս վառում բռնակալների առջև:

Որպես ՄԱԿ-ում Հայաստանի նախկին դեսպան՝ ես ցավում եմ տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև մտահոգված եմ կազմակերպության վստահելիության և ապագայի առնչությամբ:

Եկել է ՄԱԿ-ի առաջնորդության ժամանակը, այլապես տուժածները կգան այն եզրակացության, որ կառույցի հանձնառությունները սին են: Նման դավաճանությունը, բարբարոսության հետ նմանօրինակ համակերպումը վրդովեցուցիչ կլինի: Արցախի ժողովուրդն արժանի է նույն ինքնորոշման և պառակտումներից ազատ կյանքի, ինչ բոլորս։

ՄԱԿ-ը պետք է սա հասկանա, քանի դեռ ուշ չէ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: