ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր սադրանքների համար․ թիրախում ոչ միայն Արցախն է

Այսօր՝ մարտի 13-ին, Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որով հրավիրում է Արցախի հայերին Բաքու՝ «ռեինտեգրացիայի» հարցերով քննարկման։ Սրան նախորդել էր Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը, որի ընթացքում ևս անդրադարձ էր արվել արցախահայության հետ երկխոսության թեմային։ Ադրբեջանական կողմը հստակ ամրագրում է, որ իրենց համար Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային որևէ ձևաչափ ընդունելի չէ, որ Արցախում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրները երաշխավորվելու են բացառապես Ադրբեջանի սահմանադրության և օրենքների շրջանակներում, որևէ արտոնություն չի լինելու։ Եվ սա, ըստ էության, դեռ 2020-ի պատերազմից հետո Բաքվի կողմից որդեգրված՝ «Ղարաբաղի հարցը լուծված է», «Ղարաբաղի հարց այլևս չկա» քաղաքականության շարունակությունն է։ Կարելի՞ էր դեռ այն ժամանակ կանխատեսել նման զարգացումներ՝ անշու՛շտ։

Ուշագրավ է, որ Արցախի խնդիրն իր ներքաղաքական հարց ներկայացնելուն զուգահեռ Ադրբեջանը նոր խնդիրներ է առաջ քաշում նաև հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում։ Լավագույն օրինակն այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեման է, որով այսօր արդեն բացահայտ շանտաժ է արվում։ Այլ կերպ ասած՝ եթե Հայաստանը փորձի առաջ քաշել Արցախին առնչվող հարցեր, Արցախի կարգավիճակի հարց, ապա Բաքուն էլ կպահանջի Հայաստանից դուրս եկած ադրբեջանցի փախստականների վերադարձի ապահովում, «Երևան – ադրբեջանցի փախստականներ» երկխոսություն։ Ի դեպ, այս մասին խոսում էինք դեռ ամիսներ առաջ, երբ այդ համայնք կոչվածը նոր էր ձևավորվում։ Իսկ այսօր Բաքուն արդեն բաց տեքստով սպառնում է։

Վերադառնալով Ստեփանակերտի հետ բանակցությունների թեմային՝ չմոռանանք, որ այսպես կոչված «ինտեգրացիայի» մասին մարտի 6-ին խոսեց նաև Արցախի նախագահը՝ հայտարարելով, որ արցախյան կողմը մերժել է ադրբեջանական պատվիրակության հետ մարտի 1-ին կայացած հանդիպմանը նման հարցեր քննարկել, որ Ադրբեջանի առաջ քաշած «ինտեգրացիայի» հարցն իրենց համար ընդունելի չէ։ Բայց Արայիկ Հարությունյանի խոսքում ևս մի հետաքրքիր ձևակերպում կար այն մասին, որ «եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն»։ Դժվար է պատկերացնել Արցախում Ադրբեջանի հետ «ինտեգրացիայի» կողմնակիցներ, բայց, հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի այսօրվա տարածած հայտարությունն ու հրավերը, այստեղ ևս բավական շատ հարցեր ու մտահոգություններ են առաջ գալիս։

Եվ, այնուամենայնիվ, ի՞նչ սպասել մի իրավիճակում, երբ չկա կառուցողական երկխոսության տրամադրվածություն, երբ առհասարակ չկա «երկխոսություն»։ Մարտի 5-ին կազմակերպված ադրբեջանական դիվերսիան, որի արդյունքում Արցախի ՆԳ նախարարության երեք ոստիկան զոհվեց, այս հարցի պատասխանն է․ սպասել ցանկացած զարգացման։ Այս ամենի վկայությունն է նաև ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների ռազմատենչ հռետորաբանությունը, բացահայտ սպառնալիքները, շատնաժի քաղաքականությունը։

Կա՞ արդյոք տարբերակ՝ կանգնեցնելու Բաքվի առավելապաշտական նկրտումներն ու վերջինիս նստեցնելու բանակցային սեղանի շուրջ․ դեռևս կա, և այն անհապաղ գործողությունների համախումբ է՝ առաջին հերթին նախատեսող միջազգային գործընկերների, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ-ի, Արցախի հարցով զբաղվող միջազգային կառույցների հետ օպերատիվ, հետևողական աշխատանք։ Ադրբեջանը նոր սադրանքների համար հող է նախապատրաստում, ընդ որում՝ թիրախում ոչ միայն Արցախն է։ Բավական է հետևել ադրբեջանական մամուլին, Պն տարածած հաղորդագրություններին, հասկանալու համար ինչ է կատարվում հարևան երկրում։ Կանխարգելիչ գործողությունների բացակայության պայմաններում Ադրբեջանը հերթական հնարավորությունն ու «կանաչ լույսն» է ստանալու ավարտին հասցնելու զավթողական այն ծրագիրը, որ սկիզբ է դրվել 2020-ի սեպտեմբերի 27-ից։

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: