ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 10.75 տոկոս

2023 թվականի մարտի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով այն 10.75 տոկոս մակարդակի վրա: 2023 թվականի փետրվարին 12-ամսյա գնաճը շարունակվում է նվազել և ամսվա վերջին կազմել է 8.1 տոկոս: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ կազմելով 8.4 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկում կայացած ասուլիսին:

«2023 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային և ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճը և 12-ամսյա գնաճը դանդաղում է: Այնուամենայնիվ, դեռևս պահպանվող բարձր պահանջարկի և աշխատաշուկայից ածանցվող ճնշումների ազդեցությամբ ընդհանուր գնաճային միջավայրը շարունակում է մնալ բարձր: Ուստի, զարգացած երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները, որը կհանգեցնի համաշխարհային պահանջարկի թուլացմանը և կնպաստի միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի նվազմանը: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են թուլանալ»,-ասաց ԿԲ-ի նախագահը:

Նա նշեց, որ 2023 թվականի սկզբին ՀՀ-ի տնտեսությունում ձևավորված բարձր ակտիվությունը պահպանվում է, որին շարունակում է նպաստել ծառայությունների և շինարարության ոլորտներում արձանագրվող բարձր աճը: Բարձր ակտիվությունն ուղեկցվում է արդյունաբերության և ծառայությունների ճյուղում դիտվող արտահանման և ՀՆԱ ներուժի ավելացմամբ: Իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման և արտաքին հատվածից գնաճային ազդեցության թուլացման արդյունքում ՀՀ-ում ընդհանուր գնաճային միջավայրը շարունակում է մեղմվել: Այնուամենայնիվ, բարձր պահանջարկը և գնաճային սպասումները դեռևս նպաստում են աշխատավարձերի ու առանձին ապրանքերի և ծառայությունների գների աճին:


«ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ: Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում և չեզոքացնելու  գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի, և 2023 թվականի երկրորդ կեսից կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ»,- ասաց Գալստյանը:

 
Եզրափակելով՝ Գալստյանը նշեց, որ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են, և ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: