Կհստակեցվեն վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամին, այդ երկրի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանությանը, խաղաղության օրակարգին, բանակցային հուսալի միջազգային մեխանիզմների գործարկմանը վերաբերող և այլ հարցերի:
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ oրենքի նախագծին, որը միտված է վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատանքի վայրում աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները հստակեցնելուն: Գործող կարգավորումներով՝ վարժական հավաքի ընթացքում քաղաքացուն հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը։ Նախագծով սահմանվում է, որ աշխատողին մինչև 30 օրացուցային օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար շարունակում է վճարվել աշխատողի հիմնական աշխատավարձի (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում միջին աշխատավարձի՝ բացառությամբ պարգևատրման գումարների) և վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը: Իսկ 30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով վարժական հավաքների ներգրավելու դեպքում աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի և աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով:
Անդրադառնալով օրինագծին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Պետությունը, իհարկե, սահմանված չափով վճարումներ նախատեսում է վարժական հավաքի մասնակիցների համար, բայց դրանք երբեմն ավելի պակաս են, քան այն աշխատավարձը, որ մարդիկ ստանում են իրենց աշխատավայրերում: Հիմա այս օրենսդրական կարգավորումներով սահմանում ենք, որ գործատուն այն պարագայում, երբ վարժական հավաքի մասնակցին վճարվող գումարն ավելի քիչ է, քան նրան վճարվող ամսական աշխատավարձը, այդ տարբերությունը գործատուն պիտի վճարի: Սրան զուգահեռ նաև ունենք կարգավորում, որ վարժական հավաքների պլանն իրագործելիս որոշակի տոկոսից ավելի նույն հիմնարկից աշխատողների չպետք է հրավիրենք վարժական հավաքի, որպեսզի անհամաչափ ծանրաբեռնվածություններ չառաջանան հիմնարկների վրա: Հաշվի առնելով, որ նաև ընդհանուր առմամբ զորահավաքային պատրաստությունը շատ կարևոր է երկրի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար՝ կարծում եմ, որ այդ հարցով կառավարության հետ զուգահեռ, նույնչափ պետք է հետաքրքրված և շահագրգռված լինեն և՛ պետական, և՛ մասնավոր ոլորտի կազմակերպությունները»:
Արձագանքելով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ մինչև այս կարգավորումն էլ շատ գործատուներ պահպանել են աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը. «Անկախ որևէ կարգավորումից, գործատուների մի ստված զանգված, գիտակցելով խնդիրը, բարի կամքով պայմանագրային կարգով դա իրականացնում է»:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել այդ գործատուներին՝ գնահատելի քաղաքացիական դիրքորոշում ցուցաբերելու համար:
Ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
Կառավարությունն ընդունել է որոշում, որով 2 ամսով՝ ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 953 քաղաքացու, որոնցից 476–ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ: Որոշման ընդունում պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:
ԲՏՃՄ ուղղություններով կրթություն ստանալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նոր համակարգ կգործի
Կառավարությունը սահմանել է Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը, պայմանները և բուհերի ու մասնագիտությունների ցանկը: Ըստ հիմնավորման՝ քաղաքացիների կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաններում մրցանակակակիր լինելու և http://www.shanghairanking.com/ կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու համար, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում նաև համապատասխան նվաճումներ ունենալու և կարգով սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ համապատասխան միավորներ ունենալու դեպքում:
Ինչպես նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, գործող ձևաչափով կարգը կիրառվել է ավելի քան 8 անգամ, և արդեն միանշանակորեն կարելի է պնդել, որ այն հանգեցնում է մի շարք անտրամաբանական հետևանքների, մասնավորապես՝ ստացվում է այնպես, որ բակալավրի կրթական ծրագրով տարկետման իրավունքով կրթություն ստանալու համար քաղաքացին եթե օլիմպիադանների մրցանակակիր չէ, ապա պետք է մեկնի արտերկիր սովորելու: Ըստ նախարարի՝ այս կարգավորման պատճառով ՀՀ-ում գործող բուհերը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ, որի պատճառով մեր բուհերը կորցնում են լավագույն ուսանողներ, իսկ պետությունը ՀՀ-ում սովորող և ապագայում գիտելիքները գիտության և մասնագիտական ոլորտում կիրառող մի շարք քաղաքացիների: «Հետևաբար բակալավրի կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար տարկետում տրամադրելու գործող համակարգը չի նպաստում ՀՀ գիտակրթական համակարգի զարգացմանը, չի ապահովում համապատասխան գիտելիքներով բանակ զորակոչիկներով ապահովումը, ինչպես նաև սոցիալական անհավասարություն է ստեղծում»,-ասել է Ժաննա Անդրեասյանը: Նշվել է նաև, որ վերջին տարիներին ԲՏՃՄ ուղղություններով ընդհանուր ընդունվողների մոտ 70 տոկոսը արական սեռի քաղաքացիներ են եղել, հետևաբար նշված բուհերի համապատասխան մասնագիտություններով մոտավորապես 140 քաղաքացի կարող է հավակնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման:
Ըստ այդմ՝ սահմանվում է ՀՀ բուհերի և համապատասխան մասնագիտությունների ընտրության ընթացակարգը, նշված բուհերում համապատասխան մասնագիտությամբ ընդունվելու և սովորելու պայմանները, որոնք հիմք են հանդիսանում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելուն, ինչպես նաև հիմք ընդունելով բարձրագույն ոսումնական հաստատությունների միջազգային վարկանիշավորման չափանիշները՝ համապատասխան բուհերի ու մասնագիտությունների ցանկը: Բուհերի և համապատասխան մասնագիտությունների ընտրության համար հիմք են հանդիսացել միջազգային վարկանիշային աղյուսակներում դիրքավորված լինելու հանգամանքը, միջազգային չափանիշներից համալսարանի հետազոտության որակը: Այս պահին միջազգային վարկանիշավորման համակարգերում ընդգրկված են ԵՊՀ, ՀԱՊՀ, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանները, Հայաստանում ամերիկյան համալսարանը և այլ համալսարաններ, որոնք կրթություն են կազմակերպում ԲՏՃՄ ուղղություններով /առանց ինֆորմատիկա և ՏՏ ոլորտի մասնագիտությունների/: Որոշմամբ սահմանված բուհերի համապատասխան մասնագիտություններով 2023-2024 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով համար նախատեսվել են ընդհանուր պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ շուրջ 200 ընդունելության տեղեր: Արդյունքում՝ կգործի կրթություն ստանալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նոր համակարգ, որը կնպաստի ՀՀ կրթագիտական համակարգը նոր և որակյալ կադրերով ապահովելուն՝ հիմք ընդունելով միջազգային վարկանիշավորման չափանիշները:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը՝ տեխնոլոգիական զարգացմանն ուղղված ռազմավարական նպատակի իրագործման առումով: «Տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ մենք շատ կոնկրետ քայլեր ենք արել: Վերջին տարիներին գիտության ֆինանսավորումը հսկայական չափերով մեծացել է, կրկնապատկվել է: Ընդ որում՝ մենք նաև հիմա գիտական գործունեության և գիտության մեջ երիտասադրների ներգրավմանն ուղղված ծրագրեր ենք իրականացնում: Գիտության կոմիտեի հաշվետվությունը լսելիս, ես հասկացա, որ այդ ծրագրերը բավական հաջող ընթացք են ստացել, և մեզ պետք է ապահովել նոր սերնդի ուղղորդումը դեպի գիտություն»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարն այդ համատեքստում կարևորել է նաև ընդունելության քննությունների օբյեկտիվության ապահովումը. «Գիտեք, որ նման որոշումները ոլորտում կոռուպցիոն երևույթների զարգացման շատ մեծ իմպուլս են տալիս: Այդ առումով և՛ ԿԳՄՍ նախարարությունը, և՛ իրավապահ մարմինները պետք է ուշադրությամբ հետևեն գործընթացներին»:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունված մեկ այլ որոշմանը, որով նախատեսվում է Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված քաղաք Երևան, Արամի 44 հասցեում գտնվող անշարժ գույքը 10 տարի ժամկետով վարձակալության տրամադրել Սիմոնյան կրթական հիմնադրամին: Հիմնադրամը ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար պարտավորվել է 3 տարվա ընթացքում կատարել 100 մլն դրամի չափով գույքի բարեկարգման աշխատանքներ։ Սիմոնյան կրթական հիմնադրամը այդ տարածքում նախատեսում է իրականացնել «Թումո ստուդիաներ» անվճար կրթական ծրագիրը, որի նպատակներից են հրավիրել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող դիզայներական մտքի և խոհարարական արվեստի առաջատար մասնագետներին, ծրագրի մասնակից դարձնել ուսանողներին, պրակտիկանտներին և արհեստավորներին: 2017թ-ից «Թումո ստուդիաներ» ծրագրի գործունեության արդյունքում հազարավոր շահառուներ ստացել են բարձրակարգ անվճար ուսումնական ծառայություններ արհեստի և արվեստի ոլորտներում:
Կրթության ոլորտի զարգացման համատեքստում Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ընդգծել է Ակադեմիական քաղաքի նախագծի իրագործման կարևորությունը և նշել, որ պետք է ավելի հետևողական լինել այդ հարցում և մտածել այնպիսի ծրագրեր գործարկելու մասին, որոնք ավելի լայն դաշտ կստեղծեն երկրի համար ռազմավարական նշանակության նախագիծը կյանքի կոչելու, մասնավոր և պետական հատվածի կրթական ներուժն ամբողջությամբ Ակադեմիական քաղաքում կենտրոնացնելու համար:
Կառավարությունը շարունակում է ապահովել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը
Գործադիրի որոշմամբ 1 մլրդ 448 մլն դրամ կհատկացվի Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ այդ գումարով նախատեսվում է համաֆինանսավորել 2021 և 2022 թթ. 12 համայնքներում իրականացված սուբվենցիայի 14 ծրագիր: «Այս որոշման ընդունմամբ ստացվում է , որ այս տարի կառավարությունն շուրջ 80 ծրագրի համար ֆինանսավորել է իր մասնաբաժինը: Ամբողջ գումարը կկազմի ավելի քան 5 մլրդ 200 մլն դրամ»,-ասել է նախարարը:
Մասնավորապես՝ Արարատի մարզում վերանորոգվել են Արտաշատ համայնքի հասարակական շենքերը՝ մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն, Արարատ համայնքի Արարատ բնակավայրում կառուցվել է ՈԿՖ Բանավանի դրենաժային համակարգ: Արմավիրի մարզում կառուցվել է Մյասնիկյան բնակավայրի մանկապարտեզի ջեռուցման համակարգը, վերանորոգվել է սանհանգույցը: Գեղարքունիքի մարզի Գավառ բնակավայրի կենտրոնական հրապարակում տեղադրվել է Արծրունի եղբայրների արձանը, վերանորոգվել է Մարտունի բնակավայրի համայնքապետարանի շենքը: Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում իրականացվել են փողոցների վերակառուցման աշխատանքներ, Տաշիր համայնքի Նորաշեն բնակավայրում՝ ներբնակավայրային ճանապարհների տուֆով սալարկում: Կոտայքի մարզի Սարալանջ և Զորավան բնակավայրերում կառուցվել է փողոցների արտաքին լուսավորության ցանց: Շիրակի մարզում հիմնավորոգվել են Գյումրի համայնքի 21 փողոցները, Արթիկ համայնքի Արթիկ, Հայկասար, Հայրենյաց, Պեմզաշեն, Սարատակ, Վարդաքար, Արևշատ, Հովտաշեն, Տուֆաշեն և Գետափ բնակավայրերում ընդլայնվել է փողոցային լուսավորության ցանցը: Վայոց ձորի մարզում իրականացվել են Եղեգնաձոր բնակավայրի թիվ 2 մանկապարտեզի շենքի ջեռուցման համակարգի կառուցման և մասնակի վերանորոգման, Եղեգնաձոր բնակավայրի թիվ 5 մանկապարտեզի բակի բարեկարգման, Մալիշկա բնակավայրի թիվ 1 մանկապարտեզի վերանորոգման և գազիֆիկացման աշխատանքներ: Տավուշի մարզում հիմնանորոգվել են Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի ճանապարհները և բակերը, իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ, արդիականացվել է Սարիգյուղ բնակավայրի ջրամատակարարման համակարգը, Աչաջուր բնակավայրում կառուցվել է ոռոգման համակարգ:
Գնել Սանոսյանը տեղեկացրել է նաև, որ գործող կարգում իրականացված փոփոխությունների արդյունքում՝ 2023 թվականին նախատեսված մի շարք սուբվենցիոն ծրագրեր արդեն իսկ հաստատվել են և առաջին անգամ է, որ համայնքները փետրվար-մարտ ամիսներին սուբվենցիոն ծրագրերի մրցույթներ են կազմակերպել: Այսինքն, ըստ նախարարի, գարնան և ամռան ամիսներին այդ ծրագրերի շինաշխատանքները կմեկնարկեն:
Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել է մշակույթի տների վերանորոգման հարցին և նշել, որ դրանց վերաբերյալ սուբվենցիոն ծրագրերը հաստատելու ընթացքում պետք է պարտադիր նաև ծրագրային բովանդակային հատվածը ճշտել, քանի որ լինում են դեպքեր, երբ նորոգումից հետո մշակույթային տունը փակվում է: Այդ առումով՝ վարչապետը կարևորել է նորոգվող մշակութային տների հետագա գործունեության ապահովման անհրաժեշտությունը և նշել, որ այդ հարցում նախաձեռնող պետք է լինեն նաև համայնքները:
Փրկարար ծառայությունում առաջարկվում է ներդնել ատեստավորման նոր համակարգ
Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն է տվել «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է փրկարար ծառայությունում փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագիր կնքելը կանոնակարգելու, ինչպես նաև փրկարար ծառայությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, փրկարարական ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ։ Օրենքի նախագծով նախատեսվում է կանոնակարգել փրկարարական ծառայողների ծառայության անցնելու պայմաններն ու կնքվող պայմանագիրը, ինչպես նաև առաջարկվում է ներդնել ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով փրկարարական ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար, որի կարգը, պայմաններն ու վճարման չափը կսահմանվի Կառավարության որոշմամբ։ Օրինագծով՝ ատեստավորման գործընթացը, որպես փրկարարական ծառայողների աշխատավարձի բարձրացման գործիքակազմ, մեկնարկելու է 2023 թվականի մայիսից: Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունքը պահպանվում է 3 տարի՝ բացառությամբ մրցույթի արդյունքներով առաջխաղացմամբ պաշտոնի նշանակման դեպքում։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օրինագծին և նշել. «Ուզում եմ հիշեցնել, որ մեր խնդիրն այս համակարգերում ատեստավորման միջոցով աշխատավարձերը-մասնագիտական որակները առնվազն կրկնապատկել է: Մեզ անհրաժեշտ է բոլորովին նոր ստանդարտի փրկարար ծառայություն և, իհարկե, բոլորովին նոր ստանդարտի վարձատրություն»:
Կընդլայնվի պետպատվերի շրջանակում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնալոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայության շահառուների շրջանակը
Գործադիրն ընդունել է որոշում, որը հնարավորություն կտա Առողջության առաջնային պահպանման օղակում ավելի պարզ և մատչելի դարձնել պայմանագրային գործընթացի և ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները: Արդյունքում՝ բնակչության բոլոր խմբերի համար հասանելի կլինի պետպատվերի շրջանակում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնալոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ևս մեկ ծառայություն, կընդլայնվի դրանցից օգտվող շահառուների քանակը: Աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատությունները ներկայումս իրականացվում է միայն սոցիալապես անապահով և առանձին, հատուկ խմբերում ընդգրկված շահառուներին: 2023 թ. նախատեսվում է պետպատվերի շրջանակում նշված ծառայությունները որպես «Կյանք փրկող» ծրագիր իրականացնել ՀՀ ամբողջ բնակչության համար: Գործող կարգով զորակոչային տարիքի անձանց արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները և ՀՀ օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է հերթագրման սկզբունքով: Որոշմամբ առաջարկվում է վերը նշված շահառուների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնել արտահերթ կարգով:
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է սահմանել բժշկական արտադրատեսակների արտադրություն, բժշկական արտադրատեսակների սպասարկում լիցենզավորման ենթակա տեսակների համար անհրաժեշտ լիցենզավորման կարգերը, գործունեության իրականացման համար պարտադիր պայմանները և պահանջները, բժշկական արտադրատեսակների արտադրություն, բժշկական արտադրատեսակների սպասարկում գործունեության տեսակների իրականացման համար տրվող լիցենզիաների ձևերը:
Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կերկարաձգվի ևս 10 տարով
Գործադիրն ընդունել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու (շահագործման ժամկետի երկարացում-2) նպատակով գործընթաց սկսելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման, ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի արդյունքում վերջինիս շահագործման ժամկետը սահմանված կարգով երկարացվել է մինչև 2026 թվականը։ Ծրագրի շրջանակում ՀԱԷԿ-ում կատարվել են մեծածավալ արդիականացման և վերազինման աշխատանքներ։ Հաշվի առնելով արդեն իսկ կատարված արդիականացման աշխատանքները, ինչպես նաև մասնագիտացված կազմակերպությունների կարծիքները և նմանատիպ էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարացման միջազգային փորձը, նախատեսվում է, որ լրացուցիչ ներդրումներ/աշխատանքներ կատարելու միջոցով հնարավորություն կստեղծվի երկարացնել ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը ևս 10-ը տարով՝ մինչև 2036 թվականը։ Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի գնահատել Հայկական ատոմային էլեկտրակայանի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը երկարացնելու տեխնիկական հնարավորությունները, անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները և հնարավոր ներդրումների ազդեցությունը վերջնական սպառողի սակագնի վրա։
Կապահովվի անհայտ կորած զինծառայողների, քաղաքացիական անձանց ընտանիքներին և վիրավորում ստացած զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրումը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ։ Շահառուները դրամական օգնությունը՝ միանվագ 500 000 դրամի չափով, ստանալու համար դիմումը պետք է ներկայացնեին էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թ. դեկտեմբերի 15-ը։ Սակայն նախարարության տեղեկատվության համաձայն՝ բազմաթիվ զինծառայողներ սահմանված կարգով չեն ներկայացրել դիմում սոցիալական աջակացությունը ստանալու համար՝ տարբեր հանգամանքներով պայմանավորված: Ըստ այդմ՝ դրամական օգնությունը ստանալու համար կարող են ներկայացնել մինչև 2023 թ. դեկտեմբերի 15-ը:
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: 57 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը, որը կազմում է ամսական 300.000 դրամ, դադարեցվել է 2023թ. մարտի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թ. ապրիլ ներառյալ: Մեկ այլ որոշմամբ էլ որոշվել է շարունակել քաղաքացիական անհայտ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը:
Երևանում նոր, ժամանակակից մարզահամալիր կկառուցվի
Կառավարությունը որոշել է որպես նվիրաբերություն ընդունել Երևանի Ներքին Չարբախում գտնվող «Սպորտի Աշխարհ» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ Հայաստանում սպորտի զարգացման, մասնավորապես բռնցքամարտի զարգացման նպատակով Արթուր Աբրահամի անվան մարզահամալիր կառուցելու համար: Նոր, ժամանակակից մարզահամալիրի կառուցումը տարածքում բնակվող երեխաների համար կստեղծի սպորտով զբաղվելու հնարավորություն:
Գործադիրը մեկ այլ որոշմամբ էլ վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություններ նախկինում ընդունած որոշման մեջ՝ Երևանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության պատշաճ կազմակերպման և անցկացման համար: Միջոցառմանն ընդառաջ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի և Եվրոպական ֆեդերացիայի հետ համատեղ` քննարկումների արդյունքում հստակեցվել են որոշ ծախսեր։ Ըստ այդմ՝ նախատեսվում է լրացուցիչ 4,861.2 հազար դրամ տրամադրել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային:
Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին
Կառավարությունը բավարարել է «Բլեք փայփ» ՍՊԸ ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիէթիլենային խողովակների արտադրության համար։ 2021 թ. հիմնադրված ընկերությունն արդեն իսկ իրականացվել է 75 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4.2 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 7 նոր աշխատատեղ՝ 220-280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 276 մլն դրամ:
Գործադիրի որոշմամբ «Երևանի գարեջուր» ՓԲԸ նույնպես կօգտվի մաքսատուրքից ազատման արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է ներմուծել մետաղական հավաքովի կոնստրուկցիա՝ գարեջրի արտադրության, փաթեթավորման և պահեստավորման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 23 մլն դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռքբերման համար: Կստեղծվի 5 նոր աշխատատեղ՝ 225 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 23 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.1 մլն դրամ:
Այլ որոշումներ. կբարելավվի սննդամթերքի անվտանգության համակարգը
Կառավարությունը հաստատել է ՀՀ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող 2023-2028 թթ. գործողությունների ծրագիրը: Ռազմավարության հիմնական նպատակն է սննդային գործոնով պայմանավորված սպառողների հիվանդությունների առաջացման ռիսկերը հասցնել նվազագույնի՝ հանրապետությունում սննդամթերքի անվտանգության համակարգը Եվրասիական տնտեսական միության և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու միջոցով, խթանել տեղական արտադրության սննդամթերքի մրցունակությունը ներքին ու արտաքին շուկաներում՝ սննդամթերքի անվտանգության համակարգի աստիճանական բարեփոխումների, ինչպես նաև ՀՀ-ում միջազգային պահանջներին համապատասխան համակարգերի ներդրման միջոցով: Ռազմավարությունը նպատակաուղղված է սննդամթերքի անվտանգությունն ապահովող համակարգի կատարելագործմանը, որը կնպաստի ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության բարելավմանը, ինչպես նաև տեղական արտադրության սննդամթերքի մրցունակության բարձրացմանը՝ արտաքին և ներքին շուկաներում։
Գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է առավել հստակեցնել շինարարության ավարտական ակտի տրամադրման փուլում այն շեղումների շրջանակը, որոնք կարող են դիտվել որպես ոչ էական։ Ըստ այդմ՝ հնարավորություն է ընձեռնվում ավարտական ակտի ստացման ժամանակ լիարժեք գնահատել օբյեկտի կառուցման ժամանակ էական կամ ոչ էական շեղումները՝ պարզեցնելով պետական գրանցման ժամանակ իրավասու մարմնի կողմից հավելյալ ճշտումների անհրաժեշտությունը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ