Թուրքիայի աղետի գոտում իրավիճակը բավականին ծանր է. հարցազրույց Բագրատ Էստուկյանի հետ (բացառիկ)

Երկրաշարժերից հետո Թուրքիայում տիրող իրավիճակի, Թուրքիայում սպասվող նախագահական ընտրությունների շուրջ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ:
Հարցազրույցը իրականացվել է արևմտահայերենով: Սղագրված տարբերակը ներկայացված է արևելահայերենով:
-Պարո՛ն Էստուկյան, ավերիչ երկրաշարժերից այսքան օր անց ինչպիսի՞ն է իրավիճակը Թուրքիայում: Ի՞նչ տրամադրություններ են տիրում հասարակության շրջանում:
-Նախ նշեմ, որ աղետի գոտում իրավիճակը բավականին ծանր է: Այդ շրջանների բնակիչները ներկայումս ծանր կացության մեջ են հայտնվել՝ նրանք մինչ այսօր բնակարաններով ապահովված չեն: Շատ տեղերում էլ վրանների, ինչպես նաև կոնտեյներային տնակների կարիք կա: Բացի երկրաշարժից այդ նույն վայրերում մեկ այլ աղետ էլ պատահեց: Մեկ շաբաթ առաջ ջրհեղեղ տեղի ունեցավ Շանլըուրֆա և Ադըյաման նահանգներոմ, ինչի հետևանքով ևս 20 քաղաքացի մահացավ: Սակայն բացի զոհերից, բավականին մեծ թվով վրաններ անգործածելի դարձան: Ավելին՝ միլիոնավոր մարդիկ գաղթեցին այդ տարածքներից դեպի այլ քաղաքներ:
Ինչ վերաբերվում է նրան, թե ինչ տրամադրություններ են հասարակության շրջանում տիրում, ապա օրակարգի առաջնահերթությունը ներկայումս ընտրություններն են դարձել: Այսինքն՝ ժողովրդի ուշադրությունը երկրաշարժի թողած հետևանքներից հետզհետե շեղեցին դեպի ընտրություններ և հասարակությունն ավելի շատ սկսել է ընտրություններից խոսել: Թեկնածուներ են հայտնվում: Այս պահին նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 թեկնածու, ինչն էլ տարակարծությունների պատճառ է դարձել: Հայտնի է, որ այդ 11 թեկնածուից հիմնական մրցակիցները երկուսն են լինելու՝ ընդդիմադիրների թեկնածուն և իշխանության թեկնածուն: Իշխանության թեկնածուն ներկայիս գործող նախագահն է, իսկ ընդդիմադիրներն էլ համաձայնության են եկել մեկ միասնական թեկնածուի շուրջ՝ ի դեմս Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդի: Իսկ մնացած թեկնածուների մասնակցությունը քվեները նվազեցնելու նպատակ է հետապնդում: Սա է դարձել գլխավոր օրակարգը:
-Կա՞ հստակ տեղեկատվություն, թե քանի՞ զոհ կա հայերի շրջանում: Ի՞նչ տեղեկություններ կան վիրավորների մասին և ընդհանուր առմամբ ի՞նչ իրավիճակում են գտնվում երկրաշարժից տուժած հայերը:
-Թուրքիայի հայ համայնքը երկրաշարժի հետևանքով ունեցել է 13 զոհ: Վիրավորվածների թիվը բավական քիչ էր, և ներկայումս նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ընդհակառակը ապաքինման փուլում են:
Հայ համայնքի հետ կապված այլ մտահոգիչ երևույթներ տեղի ունեցան: Հատկապես դպրոցական տարիքի երեխա ունեցող ընտանիքներ տեղափոխվեցին Ստամբուլ, որպեսզի իրենց զավակները հայկական վարժարաններ հաճախեն:
Երկրորդ՝ միակ հայկական Վագըֆ գյուղը (Մուսա լեռան լանջին է գտնվում) երկրորդ երկրաշարժի հետևանքով ծանր վնասներ կրեց՝ 20-ից ավելի տներ փլուզվեցին կամ էապես վնասվեցին: Դրանք անգամ նորոգման ենթակա չեն, պետք է նորովի վերակառուցվեն: Մեծապես տուժել է նաև գյուղի եկեղեցին: Այդ բոլորը վերականգնելու աշխատանքներ ծրագրվում են այս պահին: Ինչ վերաբերվում է զոհերին, ապա, բարեբախտաբար, երկու երկրաշարժերի հետևանքով գյուղում մարդկային կորուստներ չենք ունեցել:
-Նշեցիք, որ այդ բոլորը վերականգնելու աշխատանքներ են ծրագրվում, իսկ հստակ գործողություններ դեռ չեն իրականցվո՞ւմ այդ ուղղությամբ:
-Ոչ, այս պահին չեն իրականացվում, սակայն առնվազն կարող եմ ասել, որ գյուղի համար բնակարանի խնդիր չկա: Գյուղն արդեն ապահովված է 20 տնակներով, ինչը բավականաչափ է տեղի բնակիչների կարիքները հոգալու համար: Եթե հաշվի ենք առնում այն, թե քանի ընտանիք է տեղափոխվել Ստամբուլ, ապա մնացածների համար այդ քսան տնակները բավարար պետք է լինեն: Սակայն մյուս կողմից էլ, ինչպես արդեն նշեցի, պետք է վերաշինության արշավ սկսվի:
-Երկրաշարժի արդյունքում կլինե՞ն արդյոք փոփոխություններ Թուրքիայի իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգում:
-Չեմ կարծում: Թուրքիայի արտաքին քաղաքականությունն արդեն իսկ ձևավորված է: Հնարավոր փոփոխություններ կարող են տեղի ունենալ ընտրությունների շրջանում: Այսինքն՝ ընտրությունների արդյունքով եթե ենթադրենք իշխանափոխություն տեղի ունենա, ապա այդ ժամանակ միայն կարող ենք միջազգային հարաբերություններում փոփոխություններ ակնկալել: Իսկ եթե իշխանափոխություն տեղի չունենա, ապա նախագահ Էրդողանը լարախաղացի նման դիրքորոշում պետք է պահի՝ հակասությունների պետք է մատնվի: Վերջին շրջանում հենց այդպիսին է նրա ռազմավարությունը արտաքին քաղաքական հարաբերություններում: Ստիպված եղավ երկխոսել, սակայն այս անգամ զրուցակիցներն են մերժում: Այդպիսի օրինակ է Սիրիայի նախագահ Ասադի պատասխանը: Երբ Պուտինի միջնորդությամբ փորձ արվեց Ասադ-Էրդողան հանդիպում կազմակերպել, Ասադը նախապայման առաջ քաշեց առ այն, որ Թուրքիան իր զորքերը հետ քաշի Սիրիայի տարածքից և հրաժարվի ահաբեկիչներին աջակցելուց: Թուրքիան այդ պայմանը անպատասխան թողեց և այդ երկխոսությունը տեղի չունեցավ Ասադի մերժման պատճառով: Իմ կարծիքով, Սիրիայի նախագահի նման վարքագիծը տեղին էր:
-Ընդամենը երկու ամսից Թուրքիայում նախատեսված են նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Ի՞նչ հնարավորություններ ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ի՞նչ քաղաքական հետևանքներ կարող են թողնել երկրաշարժի հետևանքով սրված սոցիալ-տնտեսական խնդիրները:
-Մինչև երկրաշարժն արդեն իսկ բավական ծանր տնտեսական վիճակ էր տիրում երկրի ներսում: Թուրքիայի ազգային արժույթը՝ լիրան սոսկալի արժեզրկում ապրեց վերջերս և այդ արժեզրկումն էլ անմիջապես իր դրսևորումն ունեցավ շուկայի գների վրա: Մարդկանց համար դժվար էր նույնիսկ առաջին անհրաժեշտության սննդամթերք ապահովել: Նվազագույն աշխատավարձով հնարավոր չէր նույնիսկ սովի սահմաններից դուրս գալ: Այդպիսի երևույթ արդեն կար տնտեսական առումով և երկրաշարժը նոր բեռ ավելացրեց դրա վրա: Սակայն մյուս կողմից ականատես ենք լինում Արևմուտքի աջակցությանը Թուրքիայի՝ մասնավորապես Էրդողանի հանդեպ: Վերջերս Եվրոպական Միությունը մեծ գումարներ է սկսել խոստանալ Թուրքիային երկրաշարժի աղետի պատճառած վնասները մասամբ վերացնելու համար: Թե դա որքանով օգուտ կտա, չեմ կարող ասել, սակայն գաղտնիք չէ, որ թե՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, թե՛ եվրոպական երկրների, թե՛ նույնիսկ Միացյալ Նահանգների համար Էրդողանը մշտապես նախընտրելի գործընկեր է:
Ինչ վերաբերվում է Էրդողանի հնարավորություններին, ապա վերջինիս ողջ քարոզչությունը հիմնված է հասարակության ամենանուրբ զգացմունքները շահագործելու վրա: Եվ հենց այդ ուղղություններով էլ շարունակելու է գործել: Նա իր բոլոր հակառակորդներին ներկայացնում է որպես ազգի դավաճան կամ ահաբեկիչ, կամ հավատքի թշնամի՝ անհավատներ: Իսկ այս առաջ քաշվող թեզերին հավատացող մարդիկ կան: Այսինքն՝ այս միջոցով է Էրդողանը ցանկանում նրանց աջակցությունը պահել: Սակայն թե որքանով կհաջողի, դեռ պարզ չէ, որովհետև մասնավորապես այս վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանի վարկանիշը բավական ընկել է:
-
22:01
Մոսկվայում հունիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ հանդիպումը
-
21:47
Կարծես թե Հայաստանն ու Ադրբեջանը դեմ չեն, որ սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցվեն 1975-ի քարտեզները. Փաշինյան
-
21:35
Հեռախոսազանգերի միջոցով փորձում են Արցախի քաղաքացիներից տեղեկություններ հավաքագրել․ Արցախի ԱԱԾ
-
20:54
Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք․ Փաշինյանի հարցազրույցը CNN primanews հեռուստաընկերությանը
-
20:23
Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը
-
20:10
Փաշինյան-Ալիև-Միշել հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսին՝ Բրյուսելում
-
19:32
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 14 հիվանդ
-
18:31
Քիշնևում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը
-
18:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը
-
18:15
Մոլդովայում ընթանում է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը
-
16:52
Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին. Ղարիբաշվիլի
-
16:10
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 ասիճանով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:45
Վարչապետը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին, զրույցներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ
-
15:40
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում՝ առկա մարտահրավերների քննարկման նպատակով
-
15:14
Ադրբեջանի ՊՆ-ն խեղաթյուրում է իրականությունը. Արցախի ՊՆ
-
14:27
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է․ ՀՀ ՊՆ
-
14:09
Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը
-
14:02
Ձեր հարուստ կառավարչական փորձը թույլ կտա հաղթահարել ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերները. Լուկաշենկոն՝ Փաշինյանին
-
13:48
Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը. Պուտինը ՝ Փաշինյանին
-
13:25
Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել. Շառլ Միշելը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
12:29
Արհեստական բանականություն, կրճատվող աշխատատեղեր, բարձր գնաճ. սպասումներ համաշխարհային տնտեսությունում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
22:09
Միրզոյան-Բայրամով. ինտենսիվ բանակցություններ Վաշինգտոնում
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
Խոնավություն՝ 63%
Քամի՝ 1,54 կմ/ժ