ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարություն լուծարեց Ստեփանավանի օդանավակայանը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 13-ի նիստում ընդունված որոշմամբ, լուծարեց Ստեփանավանի արտակարգ իրավիճակների օդանավակայանը:

Որոշման նախագծում նշված է, որ դրա անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների վերագործարկման և Հայաստանի Հանրապետությունում փոքր ավիացիայի և հայաստանյան օդանավակայանների զարգացման հեռանկարով, փոխանցում է news.am-ը:

Ստեփանավանի օդանավակայանն ընդգրկված է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում։ Մինչև 2013թ.–ը դրա 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված է եղել Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Հաշվի առնելով ընկերության ռազմավարական նշանակությունը (գտնվում է Վրաստանի Հանրապետությունից 20 կմ հեռավորության վրա) և գործունեության կարևորությունը՝ պետգույքի կառավարման կոմիտեն դիմել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը, ՀՀ պաշտպանության, ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ գյուղատնտեսության նախարարություններին՝ օդանավակայանի հետագա նպատակային օգտագործման և զարգացման վերաբերյալ առաջարկություններ տրամադրելու համար։ Պատասխան գրությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել էր ընկերության զարգացման ծրագիր, որի իրականացման համար պետական գույքի կառավարման կոմիտեին առաջարկվել էր բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը։

Արդյունքում օդանավակայանը հանվել էր մասնավորեցման ցանկից։ Բայց, քանի որ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված զարգացման ծրագիրն այդպես էլ չէր իրականացվել, նախարարության առաջարկով այն դարձյալ ընդգրկվել էր 2017-2020թթ. մասնավորեցման ծրագրում, բայց մինչ օրս չէր մասնավորեցվել։

Լոռու մարզի Ստեփանավան համայնքում գտնվող օդանավակայանը տարիներ շարունակ թռիչքներ չի իրականացրել և որևէ գործունեություն չի ծավալել։ Անշարժ գույքն իրենից ներկայացնում է 61.7 հա հողատարածք, իսկ շենքերի գերակշիռ մասն ամբողջությամբ քանդված են։

Հատկանշական է, որ 2019թ–ին ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր Ստեփանավանի օդանավակայանում բացահայտված չարաշահումների մասին։

Ըստ պաշտոնական հաղրդագրության` օդանավակայանի կապալառու մասնավոր ընկերությունը դրա հիմնանորոգման աշխատանքները կատարել էր ոչ թե սեփական, այլ պետական միջոցներով։

Կառավարության 2014թ. մարտի 6-ի որոշմամբ «Նյուտեք Շին» ընկերության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջև կնքվել էր շինարարական կապալի պայմանագիր՝ Ստեփանավանի օդանավակայանի վարչական շենքում և տարածքներում կառուցապատման և կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու մասին:

Եվ, չնայած այն հանգամանքին, որ պայմանագրով ընկերությունը պարտավորվել է շինաշխատանքները կատարել սեփական ուժերով, նյութերով, սարքավորումներով, գործիքներով, ԱԻՆ պաշտոնատար անձինք ընկերությանը տրամադրել էին 255 628 840 ՀՀ դրամի մետաղյա սալիկներ և այլ շինարարական գույք:

Դրանից 107 872 072 դրամի գույքը կառուցապատողն օգտագործել է օդանավակայանում, իսկ 147 756 768 դրամի սալիկներն ընկերությունը, ըստ գործի նյութերի, վերադարձրել է նախարարությանը։

Բացահայտված փաստերի հիման վրա հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (խոշոր չափերով հափշտակություն, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։

2022–ին կառավարությունը հայտարարեց, որ Ստեփանավանի օդանավակայանը ցանկանում են վերագործարկել չեխ ներդրողները` ՀՀ–ում փոքր ինքնաթիռնր արտադրելով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: