ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի հանդեպ վաղուց արդեն պետք է կիրառվեին պատժամիջոցներ

Հունվարի վերջին շաբաթն այնքան էլ հաճելի և բարենպաստ չէր ադրբեջանական կողմի համար ոչ միայն սահմանում տասնյակ զոհերի պատճառով, ինչը Ադրբեջանի հասարակության մեջ, ըստ որոշ տվյալների, խուճապ է առաջացրել, այլ նաև միջազգային հանրության կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և խոսքի ազատությանը վերաբերող խնդիրների քննադատության պատճառով:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի սկսվելուն ընդառաջ, որի օրակարգում ընդգրկված էր «Եվրոպայում մեդիա ազատության պաշտպանությունը» վերնագրով զեկույցը, ինչը ներառում էր հատված, որտեղ քննադատվում էին Ադրբեջանում մամուլի ազատության խախտումները, ողջ ադրբեջանական լրատվակայքերը ողողված էին այս զեկույցի օբյեկտիվությունը հարցականի տակ դնող մեկնաբանություններով: Սա բացատրվում էր այն փաստով, որ այս զեկույցի տակ իրենց ստորագրություններն էին դրել նաև Հայաստանի պատվիրակության անդամները: Սակայն այս խուճապի իրական պատճառը, ամենայն հավանականությամբ, ոչ այնքան հայկական կողմի ստորագրություններն էին, որքան Ադրբեջանի հանդեպ քննադատությունների ալիքի ակտիվացումը:

Հունվարի 29-ին զեկույցի հիման վրա ԵԽԽՎ-ն ընդունեց «Եվրոպայում մեդիա ազատության պաշտպանությունը» անվամբ բանաձևը: Փաստաթղթում ասվում է. «ԵԽԽՎ-ն հայտնում է իր մտահոգությունը Խադիջա Իսմայիլովայի կալանավորման, Էմին Հուսեյնովի դեմ քրեական մեղադրանքներ առաջադրելու և 2014թ․-ի դեկտեմբերին Բաքվում «Ազատություն» ռադիոկայանի փակման կապակցությամբ: Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին հարգել անմեղության կանխավարկածի իրավունքը, ինչպես նաև արտասահմանյան լրատվամիջոցների խոսքի ազատությունն Ադրբեջանում»։ Բանաձևն անգամ կոչ արեց Ադրբեջանի խորհրդարանին օրենսդրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ, որոնք համահունչ կլինեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին:

Իսկ իրականում ի՞նչ է նշանակում Ադրբեջանի համար նման բանաձևի ընդունումը, և որքա՞ն հեռու է պատրաստ գնալ միջազգային հանրությունը: Եթե մի փոքր ուշադիր լինենք Ադրբեջանի իշխանությունների պահվածքին, ապա ակնհայտ է դառնում, որ նրանք ավելի քան «համոզված են«, որ Ադրբեջանը աշխարհի ամենաժողովրդավար երկրներից մեկն է: Ավելին՝ Ադրբեջանը հավատացած է, որ իր «խավիարային դիվանագիտությունը» ընդմիշտ կհաջողվի, և որ նավթը միշտ կլուծի իր բոլոր խնդիրները: Իսկ արդյո՞ք սա իսկապես հաջողվում է Ադրբեջանին: Եթե խոսենք փաստերով, ապա, այո՛, այն դեռևս իրեն չի սպառել: Որքան էլ որ վերջին շրջանում ականատեսը լինենք միջազգային հանրության կողմից Ադրբեջանին ուղղված քննադատությունների ալիքի ակտիվացմանը, ակնհայտ է, որ վերջինս շարժվում է ոչ այնքան սկզբունքներով, որքան շահերով, որոնց մեջ մտնում է նաև ադրբեջանական նավթը: Իսկ հայտարարված ժողովրդավարական արժեքներին հավատարիմ լինել առանց հստակ սահմանված մեխանիզմների և գործիքների հնարավոր չէ: Այսպիսով՝ վերջինս առայժմ սահմանափակվում է միայն կոչերով և հայտարարություններով, որոնք իրենցից որևէ պարտադիր ուժ չեն ներկայացնում, այնինչ, եթե խոսում ենք օբյեկտիվության մասին, ապա Ադրբեջանի հանդեպ վաղուց արդեն պետք է կիրառվեին պատժամիջոցներ:

Ադրբեջանի նման երկրին, որին արդեն բազմաթիվ տարիներ «երես է տալիս» միջազգային հանրությունը, պարզապես քննադատությունները չէին կարող «հետ բերել իրականություն»: Այն օրը, երբ ԵԽԽՎ նախագահ Էնն Բարսերը իր մտահոգությունն էր հայտնում Ադրբեջանում վատթարացող իրավիճակի վերաբերյալ, Բաքվի դատարաններից մեկը երկարաձգեց լրագրող Խադիջա Իսմայիլովայի ազատազրկման ժամկետը ևս 2 ամսով: Հունվարի 29-ին, երբ ընդունվեց ԵԽԽՎ բանաձևը, և երբ Human Rights Watch-ը գրեց Ադրբեջանում աճող ճնշումների վերաբերյալ, Բաքվի դատարաններից մեկն ադրբեջանական «Ազատություն» թերթի աշխատակից և «Ադրբեջանական ժամ» ինտերնետային ծրագրի հաղորդավար Սեյմուր Խազիին դատապարտեց 5 տարվա ազատազրկման:

Շատերի պնդմամբ Ադրբեջանն իր այս ներքաղաքական իրավիճակից սեփական, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունը շեղելու համար լարվածություն է ստեղծում ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմաններին: Այս տարբերակը ևս չբացառելով՝ պետք է, սակայն, ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա ևս: Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ և՛ ներքին, և՛ արտաքին, միմյանց հետ անմիջականորեն փոխկապակցված են և հանդիսանում են Ադրբեջանի՝ միջազգային հանրության վերաբերմունքի պատճառով հղփացած վիճակի արդյունք:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    15.12.2024
       
    16.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: